Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/569

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կողմնակից էր նաև ավատատիր. անօրինականություններն աշխատավորների կողմից բռնի ճանապարհով սահմանափակելուն։ Վերջինիս հայացքներում զգացվում է անգլ. առաջադեմ մտածողների ազդեցությունը։

Հայ ազատագր. գաղափարախոսության ձևավորման մեջ մեծ դեր է խաղացել Մադրասի խմբակը (1770-ական թթ.), որի անդամներ Հովսեփ Էմինը, Շահամիր Շահամիրյանը, Մովսես Բաղրամյանը հաս-քաղաքական առաջադիմ. մտքի՝ լուսավորականության նախակարապետներն էին։ Նրանք քննադատել են միապետական կարգերը, ճորտատիրությունը, առաջ են քաշել անհատի ազատության և հավասարության հարցը, հանդես եկել Ռուսաստանի օգնությամբ Հայաստանի ազատագրման և այնտեղ հանրապետ-ժողովրդավարական կարգեր հաստատելու պահանջով։ Շահամիրյանի «Որոգայթ փառաց»-ը սահմանադրական հանրապետության առաջին նախագիծն էր աշխարհում։

XIX դ-ում հայ լուսավոր․ գաղափարախոսությունը կրել է ռուս․ հեղափոխական ժողովրդավարության և եվրոպ. հեղափոխական գաղափարների ազդեցությունը։ Այդ շրջանում լույս են տեսել հասարակագիտական ինքնուրույն ոաումնասիրություններ, որոնք ծառայել են հայ հասարակայնության առաջընթացին։ Լուսավորականները, ի թիվս այլ խնդիրների, պայքարել են նաև դպրոցն ու կրթությունը եկեղեցուց անջատելու համար։ Այդ խնդիրն են փորձել լուծել Խաչատուր Աբովյանը, Միքայել Նալբանդյանը, Մեսրոպ Թաղիադյանը, Գաբրիել Պատկանյանը, Պողոս Մելիքշահյանը և ուրիշներ։ Լուսավորականությունը գիտական գիտելիքների լայնորեն տարածման սկիզբն է դրել։

XIX դ-ի վերջին հասարակագիտական միտքը զարգացել է նահապետական հարաբերությունների քայքայման և նոր, բուրժ. համակարգի ձևավորման պայմաններում։ Սոցիալ-քաղաքական զարգացման ընդհանուր հարցերի կողքին կարևորվել են նաև ազգ-ազատագր. պայքարի հարցերը։ XIX դ-ի 80-ական թթ-ից հայ իրականություն են ներթափանցել մարքսիզմի գաղափարները։ Աշխատություններ են հրատարակվել՝ նվիրված հասարակության զարգացման օրինաչափությունների, հայ հաս-քաղաքական մտքի պատմության վերլուծությանը։

Խորհրդային շրջանում՝ մինչև 1970-ական թթ., սոցիոլոգ. գիտությունը սահմանափակվել է սոսկ փորձառ. հետազոտություններով։ 1930-40-ական թթ-ին բուհերում ստեղծվել են փիլ-յան ամբիոններ, 1944-ին՝ ՀԽՍՀ ԳԱ փիլ-յան բաժանմունքը (1969-ից՝ Փիլ-յան և իրավունքի ինստիտուտ՝ ՓԻԻ)։ Ուսումնասիրվել են հասարակության զարգացման հակասությունները, դրանց բացահայտման և հաղթահարման ուղիները, աշխատանքի և տեխնիկայի փիլ. հարցերը, հասարակական առաջադիմության, սոց. հումանիզմի, ազգերի ձևավորման, ազգային հարաբերությունների և այլ հիմնախնդիրներ (Կորյուն Անանիկյան, Հայկազ Ասլանյան, Աշոտ Թելունց, Ստեփան Թովմասյան, Մեհենդակ Մելիքյան, Ստեփան Քոչարյան և ուրիշներ)։ Մշակույթի տեսության ինքնատիպ ըմբռնում է ստեղծել Էդուարդ Մարգարյանը։ 1970-80-ական թթ-ին առաջադրվել են հասարակության, սոցիալականի և հոգեբանականի, գաղափարախոսության և քաղաքականության փոխհարաբերության, հումանիզմի, հասարակության գիտական կառավարման հարցերը (Լյուդվիգ Կարապետյան, Արամայիս Հովսեփյան, Գուրգեն Մխիթարյան, Ռազմիկ Նավասարդյան, Ռաֆայել Սամսոնյան և ուրիշներ), կրթական համակարգի, աշխատանքի, տեխնիկայի, գիտատեխ. հեղափոխության սոցիալ. հիմնահարցերը (Ստեփան Թովմասյան, Աշոտ Էկմալյան, Վալերի Միրզոյան, Վլադիմիր Օսիպով և ուրիշներ ), հետազոտվել են սոց. ապրելակերպի մեթոդաբան. և սոցիալական խնդիրները (Լյուդմիլա Հարությունյան, Մանուկ Հարությունյան և ուրիշներ)։

Սոցիոլոգ․ որոշակի հետազոտություններ ՀԽՍՀ-ում ծավալվել են 1970-ական թթ-ից, մասնավորապես, ԳԱ ՓԻԻ-ի, Հնագիտության և ազգագրության ինստ-ի համապատասխան բաժիններում կատարվել են սոց. ապրելակերպի, աշխատանքի, միգրացիոն գործընթացների և այլ սոցիոլոգ․ ուսումնասիրություններ, մի շարք նախարարություններում, արտադրական միավորումներում, ԳՀԻ-ներում ստեղծվել են սոցիոլոգ․ ծառայություններ։

1976-ին ՓԻԻ-ում հիմնվել է կիրառ. սոցիոլոգ․ հետազոտությունների բաժին (ղեկ.՝ Լ. Հարությունյան)։ Այդ ժամանակաշրջանում հատկապես զարգացել է արդյունաբերական սոցիոլոգիան, բազմաթիվ կիրառ. հետազոտություններ են կատարվել Երևանի և Հայաստանի արդյունաբերական ձեռնարկություններում։ Ակադեմ. սոցիոլոգները հետազոտել են հանրապետության տարբեր շրջանների և գյուղերի բնակիչների ապրելակերպը, կենսամակարդակը, ձեռնարկությունների աշխատողների վերաբերմունքը աշխատանքի նկատմամբ, մարդկանց արժեքային կողմնորոշումները, աշխատավոր, կոլեկտիվների սոցիալ-հոգեբ. մթնոլորտը, գյուղ․ վայրերից արտահոսքը դեպի քաղաք (Լիլիթ Մելիքյան, Իրինա Առաքելյան)։ Նույն ժամանակաշրջանում լույս են ընծայվել մի շարք աշխատություններ բուրժ. սոցիալական տեսությունների քննադատության վերաբերյալ (Մանուկ Հարությունյան, Վալերի Միրզոյան, Նատալյա Թովմասյան)։ Ուշագրավ են Գևորգ Պողոսյանի՝ սոցիոլոգ․ հետազոտությունների մեթոդաբանության և մեթոդների գիտական մշակումները։ Առանձին աշխատանքներ են կատարվել կրթության սոցիոլոգիայի բնագավառում (Վ. Օսիպով, Ի. Առաքելյան)։

1984-ին ՀԽՍՀ ԳԱ-ին կից ստեղծվել է խորհրդային սոցիոլոգ. ընկերակցության հայկական մասնաճյուղը։ Հայաստանի սոցիոլոգները մասնակցել են համամիութ. գիտաժողովների, հոդվածներ հրապարակել միութ. ամսագրերում։

Հայաստանում սոցիոլոգիայի զարգացման մեջ լուրջ բեկում է սկսվել 1980-ական թթ-ի կեսերին և 90-ական թթ-ի սկզբին։ ԵՊՀ փիլ-յան ֆակ-ում բացվել են սոցիոլոգիայի (1984), կիրառ. սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ու սոցիալական տեխնոլոգիաների (1986) ամբիոնները, որոնց հիման վրա 2004-ին ստեղծվել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակ-ը՝ սոցիոլոգիա և սոցիալական աշխատանք մասնագիտություններով, կոնֆլիկտաբանություն, սոցիոլոգ․ հետազոտությունների մեթոդաբանության և հասարակայնության