Էջ:Armenia Encyclopedia.djvu/568

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՍՈՑԻՈԼՈԳԻԱ

Հայ սոցիալական միտքը դարերի պատմություն ունի։ Դեռևս IV դ-ում Ամենայն հայոց կաթողիկոս, նշանավոր եկեղեց-քաղաքական գործիչ Ներսես Ա Մեծը սոցիալական ոլորտում նախաձեռնել է ծավալուն գործունեություն։ V դ-ի փիլիսոփա և աստվածաբան Եզնիկ Կողբացին (մոտ 380-450) ձևակերպել է դավանության ու խղճի ազատության պահանջը, հիմնավորել ազգերի անկախության իրավունքը, քաղաքական և մշակութային զարգացման ուղիների ընտրության ազատության գաղափարը։ Պատմիչ և իմաստասեր Եղիշեի (մոտ 410-475) սոցիալ-քաղաքական հայացքների առանցքը հայ ժողովրդի ազատագր. պայքարի հիմնավորումն է, որը շարադրված է «Վասն Վարդանայ եւ Հայոց պատերազմին» աշխատության մեջ։

Պատմահայր Մովսես Խորենացու (մոտ 410-490) «Պատմութիւն Հայոց» աշխատությունը յուրահատուկ իմաստ է հաղորդում հայ սոցիալ-քաղաքական մտքի պատմության լուսաբանմանը։ Խորենացին պետության առաջացումը դիտարկել է որպես ընտանիքի բնական ընդարձակման արդյունք, հատուկ տեղ է հատկացրել քաղաքի և գյուղի փոխհարաբերությունների խնդրին, քաղաքի կարգավիճակը բարձր դասել գյուղի կարգավիճակից։

Փիլիսոփա, տրամաբան Դավիթ Անհաղթը (մոտ 475-VI դ-ի կես), հետևելով Պլատոնին և Արիստոտելին, փիլ-ը ստորաբաժանել է տեսականի և գործնականի։ Գործն․ փիլ-յան նպատակը համարել է հաս-քաղաքական հարաբերությունների, սոցիալական ընդհանրության կարգավորումն ու կատարելագործումը։

Աստվածաբան, փիլիսոփա, տոմարագետ Հովհաննես Սարկավագ Իմաստասերը (մոտ 1045-1129), ընդունելով գոյություն ունեցող հասարակարգի սոցիալական շերտավորման օրինականությունն ու արդարությունը, իշխող խավերից պահանջել է հետևել գործող օրենքներին։ Նա նշել է, որ ղեկավարների մեծամասնությունը մտածում է ոչ թե ժողովրդի, այլ սեփական փառքի ու հարստացման մասին։ Հովհաննես Սարկավագը «Իմաստության խոսքը» փիլ. պոեմում ընտանիքը դիտել է որպես հասարակության հիմք և նախազգուշացրել, որ ստորին խավը միավորվելով կարող է հզոր ուժ դառնալ։

Ամենայն հայոց կաթողիկոս, քաղաքական գործիչ, բանաստեղծ Ներսես Շնորհալին (մոտ 1100-1173) հետևողականորեն պաշտպանել է կամքի ազատության սկզբունքը։ Նա ձգտել է կրոնը ծառայեցնել հասարակության շահերին, հասարակական չարիքներն ու արատները կանխելուն։ Շնորհալու սկզբունքները զարգացրել է աստվածաբան, պետական գործիչ Ներսես Լամբրոնացին (1153-1198)։ Նա քննադատել է ազգային ատելության և թշնամանքի քարոզը, դեմ է եղել ժողովուրդներին ըստ կրոն․ պատկանելության հակադրելուն, առաջարկել է միջազգային հարաբերությունները կառուցելիս հաշվի առնել ոչ թե ազգերի տարբերակիչ, այլ միավորող առանձնահատկությունները։

Օրենսդիր, առակագիր Մխիթար Գոշը (մոտ 1120-1213) իր հայտնի «Գիրք դատաստանի» երկում մարդու անազատության խնդիրը բացատրել է սոցիալ-տնտեսական պատճառներով։ Ըստ նրա՝ բոլոր մարդիկ, անկախ ազգային և կրոն․ պատկանելությունից, վերածնված հայկական պետության մեջ պետք է հավասար լինեն օրենքի առջև, ուժի օրենքը պետք է իր տեղը զիջի օրենքի ուժին։ Յուրաքանչյուր սոցիալական շերտ ունի օրենքով ամրագրված իրավունքներ և պարտականություններ, որոնց իրականացումը կնպաստի արդարության ամրապնդմանը։

Փիլիսոփա, տաղերգու և հասարակական գործիչ Հովհաննես Երզնկացի Պլուզի (1230-1293) ուսմունքի կարևոր բաղադրիչը հասարակական հարաբերությունների կատարելագործումն է ու սոցիալական համաձայնության հասնելը։ Ըստ նրա՝ սոցիալական և քաղաքական պաշտոնակարգությունը (հիերարխիա) հասարակության գոյության հիմքն է։ Հասարակության շերտերը նա դասակարգել է իշխանության նկատմամբ վերաբերմունքի տեսանկյունից։ հասարակական կյանքում անարդարության ու անօրինականության գերիշխման հետևանքով իմաստուն ու հարգարժան մարդիկ հաճախ դառնում են հասարակության արհամարհական վերաբերմունքի զոհ, մինչդեռ չարամիտներն ու անարդարները փառք ու հարգանք են վայելում, իշխանության տեր դառնում։ Այդ իսկ պատճառով հատկապես հասարակության ցածր խավերը պետք է միավորվեն, որպեսզի կարողանան հակազդել սոցիալական աղետին։

XIV-XV դդ-ում հայ հասարակական միտքը զարգացել է Գլաձորի և Տաթևի համալսարաններում։ Աստվածաբան, փիլիսոփա Գրիգոր Տաթևացու (1346-1409) սոցիալ-քաղաքական հայացքների հիմքում արիստոտելյան այն դրույթն է, որ մարդը հասարակական էակ է։ Մարդու կենսագործունեությունը պայմանավորված է հասարակական հարաբերություններով, որոնց շնորհիվ նա տարբերվում է կենդանիներից։ Տաթևացին հասարակության կառուցվածքի խնդիրները դիտարկել է օրգ. տեսության տեսանկյունից՝ հասարակությունը համեմատելով մարդկային օրգանիզմի հետ։ Ըստ նրա՝ հասարակական պաշտոնակարգության ստորին աստիճանում հասարակ մարդիկ են, երկրորդում՝ ազատները, երրորդում՝ իշխանները, չորրորդում՝ թագավորները։ Արդար և օրինական կառավարման դեպքում ղեկավարի իշխանությունն ամրապնդվում է, իսկ ժողովուրդը բարեկեցիկ կյանքով է ապրում, հակառակ դեպքում ղեկավարի իշխանությունը թուլանում է, առաջանում են սոցիալական խռովություններ, որի հետևանքով երկիրը կանգնում է կործանման վտանգի առջև։

XVII դ-ից հասարակական երևույթների նկատմամբ աշխույժ հետաքրքրություն է նկատվել, արծարծվել են հասարակական օրենքների բնույթի, հասարակության կառավարման, հայ ժողովրդի ներկայի ու ապագայի, օտար լծից նրա ազատագրման ուղիների հարցեր։ Մշակութային գործիչ, տպագրիչ Հովհաննես Ջուղայեցին (մոտ 1610-մոտ 1660) պաշտպանել է հասարակական տարբեր խավերի ներդաշնակության գաղափարը, իսկ մատենագիր, փիլիսոփա, տպագրիչ Ղուկաս Վանանդեցին (մոտ 1650-մ. թ. անհտ)