Գրկ. Ֆրանգյան Ե., Հասարակագիտական էդիւդներ, Բաքու, 1917։ Կոնկրետ սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդաբանության և մեթոդիկայի հարցեր (հոդվածների ժողովրդական), Ե., 1973։ Մխիթարյան Գ. Ե., Սոցիոլոգիական ուսմունքների պատմություն (պր. 3), Ե., 1974։ Խրլոպյան Գ. Տ., Հայ սոցիալական իմաստասիրության պատմություն, Ե., 1978։ Պողոսյան Գ. Ա., Ինֆորմացիայի հավաքման մեթոդները սոցիոլոգիայում, Ե., 1987։ Նույնի, Հայ հասարակությունը XXI դարասկզբին, Ե., 2006; Նույնի, Современное армянское общество։ особенности трансформации, М., 2005; Նույնի, Armenian-Turkish Mutual Perseption. Sociological Survey (համահեղ.), Y., 2006; Նույնի, Out-Migration from Armenia-Trans- boundary Migration in the Post-Soviet Space, Frankfurt am Main, 2011։ Շանթ Լևոն, Ազգութիւնը հիմք մարդկային ընկերութեան, Ե., 1999։ Ռազմական սոցիոլոգիա (ժող․, խմբ.՝ Լ. Հ. Հարությունյան), Ե., 2005։ Կյուրեղյան Է. Ա., Կիրառական սոցիոլոգիա, Ե., 2006։ Արդի արևմտյան սոցիոլոգիայի քրեստոմատիա (խմբ.՝ Ա. Ե. Մկրտիչյան), Ե., 2008։ Եսայան Ա., Սոցիալական ուսմունք. Սոցիալական աշխատանք, Ե., 2008։ Ջիջյան Ա. Ռ., Սոցիալական աշխատանքը, բարեգործությունը և «քրիստոնեական կենսակերպի արմատավորումը», Ե., 2009։ XIX դարի և XX դարասկզբի արևմտյան սոցիոլոգիայի պատմություն (կազմ.՝ Յու. Գասպարյան), Ե., 2011։ Осипов В. Г., Социально-философский анализ современной концепции непрерывного образования, Е., 1989; Гаспарян Ю. А., Народные традиции и обычаи в армянской семье, Е., 2003; Նույնի, Социология предпринимательства, Е., 2006; Саркисян Н. Д․, Особенности сохранения этнической самобытности армян в полиэтнической среде Дагестана, Е., 2009.
Հայաստանում սոցիալ-տնտեսական հարցեր արծարծվել են դեռևս պատմիչների՝ Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Ղազար Փարպեցու, Մովսես Խորենացու (V դ.), միջնադարյան մատենագիրների՝ Հովհան Մայրավանեցու (VI-VII դդ.), Ղևոնդի (VIII դ.), Թովմա Արծրունու (IX դ.), Կիրակոս Գանձակեցու (XIII դ.) աշխատություններում, Մխիթար Գոշի (XII-XIII դդ.) և Սմբատ Սպարապետի (XIII դ.) դատաստանագրքերում։ Դրանք վերաբերում են հարստության և աղքատության, հարկերի, առևտրի, արհեստների, տնտեսվարման հարցերին։ Գրիգոր Տաթևացու (XIV-XV դդ.) դատողությունները հասարակության զարգացման գործընթացում աշխատանքի դերի ու նշանակության, փոխանակային գործարքների, փողի, աշխատանքի բաժանման և այլ հասկացությունների մասին են։
XVIII դ-ի վերջին քառորդում հնդկահայ լուսավորիչներ Շ. Շահամիրյանը, Մ. Բաղրամյանը, Հ. Էմինը ապագա անկախ Հայաստանի օրենսգիրք-սահմանադրության մեջ առաջադրել են ժողովրդավար․ հանրապետության գաղափարը։ Հարստության ստեղծման, ապրանքների արտահանման ու ներմուծման, ազգային արտադրության զարգացման հարցերում նրանք հարել են մերկանտիլիզմին։
XIX դ-ի 40-ական թթ-ից եվրոպ. քաղաքատնտեսության ազդեցությամբ հայ իրականության մեջ տնտեսագիտական ուսումնասիրությունները հարստացել են տնտեսական օրենքների և կատեգորիաների վերլուծություններով։ Առաջին հոդվածները հրատարակվել են «Բազմավեպ» պարբ-ում (Տ. Թնկրյան), լույս է տեսել Ն. Զորայանի «Քաղաքական տնտեսութեան վրայ տեղեկութիւններ» (1849) աշխատությունը, որտեղ հեղինակը կարևորել է քաղաքատնտեսության՝ որպես հարստության արտադրության, բաշխման և սպառման մասին գիտության գործն․ նշանակությունը, վերլուծել է շահույթը, տոկոսը, ռենտան, դրվատել մասնավոր սեփականության վրա հիմնված արմ. տնտեսակարգի սկզբունքները։
Մ. Նալբանդյանի և նրա համախոհների (Հ. Սվաճյան, Մ. Սամուրյան, Գ. Չիլինկիրյան) թողած գրական հարուստ ժառանգության մեջ ծավալուն տեղ ունեն տնտեսական երևույթների վերլուծությունները։ Մ. Նալբանդյանն իր «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» (1862) աշխատության մեջ, որտեղ նկատելի է ֆիզիոկրատների ազդեցությունը, առաջ է քաշել «...եթե ազգության ներքին և էական խորհուրդը չէ տնտեսական խնդիրը, անհիմն է այդ ազգությունը, սուտ է այդ ազգությունը, և նա կկործանվի» կանխադրույթը։
XIX դ-ի 70-ական թթ-ին սկիզբ է առել հայ հասարակական զարգացման կապիտալիստ․ շրջափուլը։ Հասարակական մտքի առաջ ծառացել է սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարների հարցը՝ տնտեսագիտական միտքը ստորաբաժանելով տարբեր հոսանքների՝ ազատական, ազգ-պահպանող. և նարոդնիկական։ Գ. Արծրունու՝ «Երեկ մենք կտակարանային ազգ էինք։ Էսօր մենք ազգասերներ ենք։ Էգուց մենք պետք է աշխատողներ դառնանք» կարգախոսը ենթադրում էր հայ իրականության կապիտալիստ․ փոխակերպության պահանջը։ Աշխատանքի փիլ-ն է դավանել նաև Մ. Մամուրյանը։ Ա. Արասխանյանի ուսումնասիրություններն ու նրա խմբագրած «Մուրճ» ամսագիրն ընդլայնել են հայ տնտեսագիտական մտքի շրջանակները։ Անդրկովկասի սոցիալ-տնտեսական առաջընթացի օրինաչափությունները լուսաբանվել են եվրոպ. և ռուս․ մտքի փորձով։
Ազգային պահպանողականներն առաջադրել են հակառակ բանաձև, ըստ որի՝ «երկրի տնտեսական վերածնությունը» պետք է հաջորդի «երկրի բարոյական վերածնությանը»։ Նրանք երկյուղով են նայել երկրամասի կապիտալիստ․ փոխակերպությանը՝ գուշակելով ազգի միասնության տրոհումը, փորձելով նոր տնտեսական հարաբերությունները հարմարեցնել արտադրության կազմակերպման ազգ. կացութաձևին։
Հասարակական զարգացման գործընթացում գյուղ․ համայնքի և համքարային տնտեսաձևերի տեղի ու դերի քննությանն են