Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/572

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նվիրված Պ. Շանշյանի, Գ. Հախվերդյանի, Ա. Եղիազարյանի ուսումնասիրությունները։ Ա. Զավարյանն առավելապես զբաղվել է ագրարային հարաբերությունների հարցերով։

XIX դ-ի վերջերին և XX դ-ի սկզբներին լույս են տեսել Ռ. Պերպերյանի «Համառօտ քաղաքական տնտեսութիւն» (1883), «Դրամ» (1883), Կ. Յութուճյանի «Սկզբնատարերք քաղաքական տնտեսութեան» (1904), Մ. Հովհաննիսյանի «Սկզբունք քաղաքական տնտեսութեան» (1911) դասագրքերը։

XX դ-ի սկզբի հայ տնտեսագիտական մտքի զարգացմանը հատկապես նպաստել են Ս. Գուլիշամբարովը, Մ. Բունիաթյանը, Վ. Տոտոմյանցը (Թոթոմյանց), Բ, Իշխանյանը։ Մ. Բունիաթյանի ուսումնասիրությունները ճգնաժամերի պատմությունն ու տեսությունը շարադրող առաջին լիարժեք աշխատություններից են, որոնց դրույթներն արժանացել են համաշխ. տնտեսագիտական մտքի մեծերի ուշադրությանը։ Վ. Տոտոմյանցն առավելապես հայտնի է որպես կոոպերացիայի մտքի տեսաբան։ «Տնտեսագիտական ու սոցիալական ուսմունքների պատմությունը» (ռուս․, 1918) նորույթ էր հայ տնտեսագիտության մեջ։ Բ. Իշխանյանն առաջարկել է տնտեսական երևույթների սոցիոլոգ․ վերլուծության անհրաժեշտությունը, փոխանակային հայեցակարգի տեսանկյունից մեկնաբանել «տնտեսական զարգացման փուլերը»։

XX դ-ի սկզբին արժեքավոր պատմատնտեսագիտական ուսումնասիրություններ են կատարել Ա. Ջիվելեգովը, Մ. Վարանդյանը, Դ. Անանունը։ Վերջինս վերլուծել է Ղարաբաղի և Հայաստանի տնտեսական միասնության հիմքերը՝ որպես «մի տնտեսական ամբողջություն», որպես հավաքական հայությանն անհրաժեշտ նախապայման։

Թարգմանաբար լույս են տեսել Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի մի շարք աշխատություններ։ Պարբ. մամուլի էջերում Ս. Շահումյանը, Ս. Սպանդարյանը, Բ. Կնունյանցը, Ա. Մյասնիկյանը, Ս. Կասյանը հանդես են եկել մարքսիզմի տնտեսական դրույթների մեկնություններով։

1920-ից խորհրդահայ տնտեսագիտական մտքին բնորոշ է ուղղափառ մարքսիզմը։ 1924-ին հրատարակվել է մարքսիստ․ քաղաքատնտեսության առաջին դասընթացը (Պ. Ադեյան, Մ. Ասրյան և Ն. Մակինց, 1934)։ Թ. Ավդալբեգյանը և Ն. Ստեփանյանը հրատարակել են Կ. Մարքսի տնտեսական զարգացման տեսությունը մեկնաբանող ուսումնասիրություններ։ Մարքսյան վերարտադրության սխեմաները զարգացրել է Թ. Ավդալբեգյանը, իսկ նրա «Ռուս-հայերեն տնտեսագիտական տերմինների բառարանը» կարևոր նշանակություն է ունեցել հայ տնտեսագիտական և հասարակագիտական լեզվի զարգացման ասպարեզում։

1920-30-ական թթ-ին լույս են տեսել նոր տնտեսական քաղաքականության, գյուղացիության կոոպերացման, աշխատավարձի (Հ. Ազատյան), սպառող․ կոոպերացիայի (Գ. Պիճիկյան, Պ. Ստամբոլցյան), ֆինանսների (Գ. Ջաղեթյան, Ղ. Շաքարյան), բնակչության կազմի (Պ. Աբելյան), քաղաքատնտեսության տես. հարցերի (Վ. Կոստանյան, Ս. Գուլոյան) վերաբերյալ ուսումնասիրություններ։

1930-40-ական թթ-ին հայերեն է թարգմանվել Կ. Մարքսի «Կապիտալը» (3 հատոր)։

1950-ական թթ-ից ուսումնասիրություններ են կատարվել բուհ․ ամբիոններում։ 1954-ից ԵՊՀ-ում հրատարակվել է «Տնտեսագիտության սերիա» ժող-ը, 1957-ից՝ «Հայաստանի ժողովրդական տնտեսություն» տնտեսագիտական ամսագիրը, որտեղ տպագրվել են հայ տնտեսագետների հոդվածները, լուսաբանվել տեսության ու պատմության, տնտեսվարության հարցեր։

1955-ին կազմավորվել է ՀԽՍՀ ԳԱ Տնտեսագիտական ինստ-ը։ 1958-ին սկսել է գործել ՀԽՍՀ գյուղատնտեսական էկոնոմիկայի և կազմակերպման ԳՀԻ-ն, իսկ 1966-ին՝ ԽՍՀՄ Պետպլանի պլանավորման և նորմատիվների ու ԽՍՀՄ առևտրի նախարարությանը կից առևտրի իրավիճակի (կոնյունկտուրա) և ժողովրդական սպառման ապրանքների ուսումնասիրության համամիութ. ԳՀԻ-ների հայկական մասնաճյուղերը։ Կարևոր նշանակություն է ունեցել ՀԽՍՀ Պետպլանի տնտեսագիտության և պլանավորման ԳՀԻ-ի կազմակերպումը (1966), որտեղ ծավալվել են ժողտնտեսական պլանների կատարելագործման, արտադրող․ ուժերի տեղաբաշխման, ժողտնտեսական ճյուղերի զարգացման, կապիտալ ներդրումների և հիմն․ ֆոնդերի ու աշխատանքային ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացման, հասարակական արդյունքի արտադրության և բաշխման միջճյուղային հաշվեկշիռների մշակման հետազոտություններ։

Գրվել են ձեռնարկներ և մարքսիստ․ քաղաքատնտեսությունը մեկնաբանող աշխատություններ