Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/578

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայկական կերպարվ-ը հետևողականորեն ուսումնասիրության առարկա է դարձել խորհրդային շրջանում։ 1939-ին Մոսկվայում հայ մշակույթի տասնօրյակի առթիվ լույս են տեսել «Հայ արվեստի պատմության ակնարկները» և Ալեքսեյ Սվիրինի «Հին Հայաստանի մանրանկարչությունը» (ռուս․) գրքերը։ Ս. Տեր-Ներսեսյանի «Վենետիկի Մխիթարյան հայրերի գրադարանի XII, XIII, XIV դդ-ի հայկական պատկերազարդ ձեռագրերը» (ֆրանս., 1937) հիմնարար աշխատությունից հետո Ռուբեն Դրամբյանը և Ա. Սվիրինն առաջին անգամ հայկական մանրանկարչությունը ներկայացրել են ըստ տեղական դպրոցների։

Հայկական միջնադարյան որմնանկարչության և մանրանկարչության առաջին համադրողը և տարածողը Լ. Դուռնովոն է («Միջնադարյան Հայաստանի կերպարվեստի ակնարկներ», ռուս․, 1979)։ Ս. Տեր-Ներսեսյանը Վրթանես Քերթողի «Յաղագս պատկերամարտից» երկի ֆրանս. թարգմանությամբ և աղբյուրների ուսումնասիրությամբ բացահայտել է հայկական որմնանկարչության գոյությունը վաղ միջնադարում, իսկ Լ. Դուռնովոն իր հայտնաբերած նյութերի հիման վրա «Հին հայկական նկարչության համառոտ պատմություն» (ռուս․, 1957) գրքում ներկայացրել է հայկական միջնադարյան որմնանկարի պատմության համառոտ ուրվագիծը։ 1958-ին՝ ՀԽՍՀ ԳԱ Արվ-ի ինստ-ի հիմնադրումից հետո, սկզբնավորվել է հայկական վաղմիջնադարյան պատկերաքանդակի ուսումնասիրությունը (Առաքելյան Բաբկեն, «Հայկական պատկերաքանդակները IV-VII դդ.», 1949, Ազարյան Լ., «Վաղ միջնադարյան հայկական քանդակը», 1975, Մնացականյան Ստեփան, «Հայկական աշխարհիկ պատկերաքանդակը IX-XIV դդ.», 1976)։ Հետազոտվել են մանրանկարչության առանձին դպրոցներ (Ազարյան Լ., «Կիլիկյան մանրանկարչությունը XII-XIII դդ.», 1964, Ավետիսյան Արամ, «Հայկական մանրանկարչության Գլաձորի դպրոցը», 1971, Հակոբյան Հրավարդ, «Վասպուրականի մանրանկարչությունը», գիրք 1, 2, 1976, 1982, Կորխմազյան Էմմա, «Ղրիմի հայկական մանրանկարչությունը», ռուս․, 1978), ինչպես նաև առանձին մանրանկարիչների և հուշարձանների արվ-ը (Քոթանջյան Նիկոլայ, «Գույնը վաղմիջնադարյան հայկական գեղանկարչության մեջ», ռուս․, 1978, «Էջմիածնի Ավետարանը», 2000, Դրամբյան Իրինա, «Քոբայրի որմնանկարները», 1979, «Թորոս Ռոսլին», 2000, երկուսն էլ՝ ռուս․, «Հեթում Բ արքայի ճաշոցը», 2004, Ղազարյան Վիգեն, «Սարգիս Պիծակ», 1980, Չուգասզյան Լևոն, «Գրիգոր Ծաղկող», 1986, և այլն)։ Մանրանկարչության առանձին դպրոցներ են երևան եկել նաև վաղ շրջանում (Իզմայլովա Տատյանա, «XI դ. հայկական մանրանկարչությունը», ռուս․, 1979)։ Միջնադարյան Հայաստանի մանրանկարչության և որմնանկարչության թեմատիկ, ժամանակատարած., գունային արտահայտչական ու խորհրդանշ. առանձնահատկություններն ուսումնասիրել են Վ. Ղազարյանը և Ն. Քոթանջյանը։ Տարբեր երկրների մատենադարաններում և գրադարաններում պահվող հայկական պատկերազարդ մատյանների, որմնանկարների, քանդակի մասին ուսումնասիրություններն ընդհանրացվել են Ս. Տեր-Ներսեսյանի «Հայաստանի արվեստը» (ֆրանս., 1977) մենագրությամբ։ Հայկական միջնադարյան կերպարվ-ի առանձին հարցերին անդրադարձել են սփյուռքահայ և օտարազգի շատ գիտնականներ (Ներսես Ակինյան, Հարություն Քյուրդյան, Արբակ Մխիթարյան, Պատրիկ Տոնապետյան, Թ. Մեթյուս, Տանյա Վելմանս և ուրիշներ)։ Մեսրոպ Ճանաշյանի, Հելմուտ և Հայդե Բուշհաուզեն ամուսինների, Բեզալել Նարկիսի ալբոմներն արժեքավոր գիտական նյութեր են բովանդակում Վենետիկի, Վիեննայի, Երուսաղեմի հայկական պատկերազարդ մատյանների մասին։

Հայ կերպարվ-ի նոր շրջանի (XVII դ-ից) ուսումնասիրությունն սկզբնավորվել է Ա. Չոպանյանի, Գարեգին Լևոնյանի, Գ. Հովսեփյանի աշխատություններով (XIX դ-ի վերջ-XX դ-ի սկիզբ), զարգացել է հատկապես Հայրեն․ մեծ պատերազմից (1941-45) հետո։ Մինչև 1960-ական թթ-ի վերջը նկարիչների ստեղծագործությունը դիտարկվել է քաղ-հասարակական իրադարձությունների ոլորտում, հեղինակները հիմնականում սահմանափակվել են կենսագր. նյութերով և սոցիալ-քաղաքական անցքերի ուղղակի կամ այլաբան․ արտացոլմամբ։ Պատշաճ ուշադրություն չի դարձվել ստեղծագործողների անհատ․ ապրումների արտահայտությանը, նաև այն դպրոցներին, որոնց ազդեցությամբ ձևավորվել է արտերկրում կրթված հայ