Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/579

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նկարիչների արվ-ը։ Ռուս․ ռեալիստ․ արվ-ի զարգացման փուլերը հաճախ անվերապահորեն կիրառվել են հայ արվ-ի պատմության մեջ։

1950-60-ական թթ-ի մենագրություններն ու հոդվածները հատկապես արժեքավոր են իրենց ընդգրկումով և ծավալուն տեղեկատվությամբ (Մինաս Սարգսյան, Ռ. Դրամբյան, Եղիշե Մարտիկյան, Մանյա Ղազարյան, Վահան Հարությունյան և ուրիշներ)։ 1960-ական թթ-ից հայ կերպարվեստագիտության մեջ կարևորվել են արվ-ի գեղարվեստական ձևի առանձնահատկությունները, ինչպես և Եղիշե Թադևոսյանի, Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի ստեղծագործությունների օրինակով հայ արվ-ը դիտարկվել է XX դ-ի սկզբի եվրոպ. և ռուս․ արվ-ներում բեկումնային փոփոխությունների, նաև նվաճումների համատեքստում (Ռ. Դրամբյան, Վիլհելմ Մաթևոսյան)։

Մեծ հետաքրքրություն է նկատվել ժամանակակից հայ կերպարվ-ի հոսանքների (Մարիամ Այվազյան, Հենրիկ Իգիթյան, Շահեն Խաչատրյան և ուրիշներ), դրանց զարգացման գործընթացների (Նոնա Ստեփանյան, Արարատ Աղասյան և ուրիշներ), ինչպես նաև սփյուռքահայ ականավոր նկարիչների նկատմամբ (Ռաֆայել Շիշմանյան, Վ. Հարությունյան, Շ. Խաչատրյան, Արարատ Աղասյան, Վ. Ղազարյան)։

Փիլիսոփա Յակով Խաչիկյանի «Աբստրակցիոնիզմը և գեղարվեստական իմացությունը» (ռուս․, 1968) գիրքն աբստրակտ արվ-ի առաջին դրսևորումների արձագանքն էր Հայաստանում։ Արդի հայ կերպարվեստագիտության պատկերը որոշակիորեն արտացոլված է ՀԽՍՀ ԳԱ Արվ-ի ինստ-ի հայկական արվ-ին և մշակույթին նվիրված հանրապետական գիտաժողովների թեզերում, Իտալիայում ու Երևանում տեղի ունեցած միջազգ. գիտաժողովների զեկուցումներում և հոդվածների ժող-ներում, որոնց մեջ քիչ չեն նաև օտարազգի հեղինակների գործերը։ Արվել են նաև հայ և հայ նոր արվ-ների պատմության շարադրման փորձեր (Տ. Իզմայլովա, Մ. Այվազյան, Ե. Մարտիկյան, Ն. Ստեփանյան)։

Երկրի անկախացումից հետո արվեստաբանների տարբեր սերունդների ներկայացուցիչներն իրենց ուսումնասիրություններում անդրադարձել են ինչպես հին և միջնադարյան, այնպես էլ նոր և նորագույն շրջանների հայ կերպարվ-ին. Վ. Մաթևոսյանը («Մարգարե», 1990) «Հաղպատի Ավետարան»-ի (Մատենադարան, ձեռ. № 6288) պատկերազարդման օրինակով արծարծել է տեսական-ոճաբան. խնդիրներ, Վ. Ղազարյանը և Սեյրանուշ Մանուկյանը պատկերազարդ ձեռագրերը ներկայացրել են իրենց մի քանի բաղադրիչներով՝ սկսած գրչարվ-ից ու տեխ. խնդիրներից, ոճ. և պատկերագր. բնութագրումներից մինչև նրանց նկարագրությունն ու յուրաքանչյուր մատյանի մատենագիտությունը («VI-XIV դդ. հայկական ձեռագրերը», ռուս․, 1991)։ Մ. Ղազարյանի «Խորենացին և արվեստը» (1992) գիրքը եզակի փորձ է՝ ներկայացնելու Պատմահոր գրեթե բոլոր վկայություններն արվ-ի և գեղարվեստական ու ճարտ. հուշարձանների մասին։ Վ. Ղազարյանի «Խորանների մեկնություններ» գրքի համառոտ (1995) և ընդարձակ («Մեկնութիւնք Խորանաց», 2004) տարբերակներում ներկայացված են միջնադարյան արվ-ի տեսության եզակի հուշարձաններ՝ քննական-համեմատ. բնագրերով (նաև աշխարհաբար և ռուս․)։ Միջնադարյան խոշոր մանրանկարիչների և առանձին գլուխգործոց ձեռագրերի մասին Ի. Դրամբյանի և Ն. Քոթանջյանի մենագրություններն աչքի են ընկնում արվեստագիտական ու ոճաբան․ արդիական հմուտ վերլուծություններով և բարձրաճաշակ պատկերներով ու ձևավորմամբ։ Հ. Հակոբյանի «Հայոց տերունական սրբապատկերները» (2003) աշխատությունը վերաբերում է Հայաստանում սրբապատկերների յուրահատուկ զարգացմանը ինչպես պատկերային, այնպես էլ տեխնիկայի առումով, իսկ Համլետ Պետրոսյանի «Խաչքար. ծագումը, գործառույթը, պատկերագրությունը, իմաստաբանությունը» (2008) երկը ամենահիմնարար հետազոտությունն է խաչքարի մասին։

1990-ական թթ-ից սկսվել է հայ նոր և նորագույն արվ-ների ուսումնասիրության արդի փուլը։ Ընդլայնվել է խնդիրների շրջանակը, հետզհետե բարձրացել մենագրությունների և ալբոմների տպագր. որակը։ Գիտական մենագրությունների մակարդակը հիմնականում պահպանում է արվեստագիտության ակադեմ. այն չափանիշը, որը ՀՀ ԳԱԱ Արվ-ի ինստ-ը ժառանգել է իր հիմնադիրներից և ուսուցիչներից (Գ. Հովսեփյան, Վ. Լազարև, Լ. Դուռնովո, Ռ. Դրամբյան, Ս. Տեր-Ներսեսյան)։ Հին և նոր նյութերի նկատմամբ դրսևորվում են ավելի թարմ ու ժամանակակից մոտեցումներ։ Այդ առումով ուշագրավ են Ա. Աղասյանի «Մարտիրոս Սարյան. վաղ շրջանի ստեղծագործությունը» (ռուս․, 1992), «Երվանդ Քոչար» (ռուս․, 1999) և «Հայ կերպարվեստի զարգացման ուղիները XIX-XX դդ.» (2009) մենագրութունները։ Արվեստագիտական ու գեղագիտական վերլուծությամբ և բնորոշումներով աչքի են ընկնում Վ. Մաթևոսյանի գրքերը՝ նվիրված Մ. Սարյանին, Հ. Կոջոյանին, Մ. Արուտչյանին («Զրույցներ Սարյանի հետ», «Երեք կիսադեմ», երկուսն էլ՝ 2002, «Հակոբ Կոջոյան», 2003, և այլն)։ Լույս է տեսել Ռ. Դրամբյանի «Հակոբ Հովնաթանյան» (ռուս․, 2006, տպագրության է պատրաստել Ի. Դրամբյանը) հիմնարար մենագրությունը։ Առաջին անգամ ներկայացվել է 1920-ական թթ-ի գեղարվեստական կյանքի պատմությունը Խորհրդ. Հայաստանում (Ավագյան Ա., «Հայաստանի գեղարվեստական կյանքի պատմությունից։ 1920-1932», ռուս․, 2002)։ «Հայ արվեստի պատմությունը» (Ա. Աղասյան, Հ. Հակոբյան, Մ. Հասրաթյան, Վ. Ղազարյան, 2009, ՀՀ Պետական մրցանակ՝ 2009) աշխատությունն առաջին անգամ ընդգրկել է հին, միջնադարյան, արևելահայ, արևմտահայ, խորհրդ., հետխորհրդային և սփյուռքահայ կերպարվ-ը։ Միջնադարյան հուշարձաններից մեկին է նվիրված Լիլիթ Զաքարյանի «Աղջոց Սուրբ Ստեփանոս» (2007) մենագրությունը։

ՀՀ անկախության շրջանում հաճախակի է դարձել նաև հայ նկարիչների ալբոմների հրատարակումը (Երվանդ Քոչարի, Էդվարդ և Արամ Իսաբեկյանների, Վահրամ