հոգնակերտը, այն էլ միայն միավանկ բառերի (տուններս) համար, իսկ արևմտահայ-ում՝ երնի(ս)՝ միավանկ (տուներնիս), և նի(ս)՝ բազմավանկ (մառաննիս) բառերի համար։ Արևմտահայ-ում գործուն է մը անորոշ հոդը, իսկ արևելահայ-ում՝ մի հոդը՝ սահմանափակ կիրառությամբ։
Խոնարհման համակարգում դրսևորվում են եղանակի, ժամանակի, կերպի, սեռի, դեմքի ու թվի քերական. կարգերը, որոնք արտահայտվում են բայահիմքի ձևավորմամբ, բայածանցներով, դիմային վեջավորություններով և եղանակիչ նախամասնիկներով։
Ըստ խոնարհիչ ձայնավորների՝ տարբերակում են ա և ե խոնարհումներ։ Խոնարհված բայաձևերը, ըստ կառուցվածքի, լինում են վերլուծ. և համադրական։ Համադրական ձևերը կազմվում են բայահիմքին կցվող վերջավորություններով, իսկ վերլուծականները՝ դերբայներով և օժանդակ բայերով։ Բացի խոնարհված (դիմավոր) ձևերից՝ հայ-ի բայն ունի նաև անդեմ ձևեր, որոնց մեջ, ըստ գործառույթի, առանձնացվում են՝ ա. ինքնուրույն կիրառություն ունեցող կամ բուն դերբայներ (անորոշ՝ գրել, կարդալ, հարակատար՝ գրած, կարդացած, ենթակայական՝ գրող, կարդացող, համակատար՝ գրելիս, կարդալիս) և բ. վերլուծ. բայաձևերի կազմի մեջ մտնող դերբայ, հիմքեր (անկատար՝ գրում, կարդում, կատարելի կամ ապակատար՝ գրելու, կարդալու, վաղակատար՝ գրել, կարդացել, ժխտական՝ գրի, կարդա)։
Խոնարհման մեջ տարբերակում են 5 եղանակ՝ սահմանական (7 ժամանակային ձևերով՝ ներկա՝ գրում եմ, անցյալի անկատար՝ գրում էի, ապառնի՝ գրելու եմ, անցյալի ապառնի՝ գրելու էի, վաղակատար՝ գրել եմ, անցյալի վաղակատար՝ գրել էի, անցյալ կատարյալ՝ գրեցի), ըղձական (գրեմ, գրեի), պայման. (կգրեմ, կգրեի), հարկադրական (պիտի գրեմ, պիտի գրեի), հրամայական [գրիր, գր(եց)ե՛ք։
Կերպի կարգն ունի մասնակի դրսևորումներ և ավելի ճիշտ կարող է բնութագրվել որպես գործողության ձև, հիմնականում՝ բազմապատկականություն (ցատկել-ցատկոտել), որն արտահայտվում է բազմապատկական ածանցներով։ Մի շարք մնացորդային դեպքերում սոսկածանցների առկայությունն ավելի շատ ունի բառային, քան քերական․ արժեք՝ ընդհատականության-անընդհատականության թույլ արտահայտված իմաստով (լողալ-լողանալ, ուզել-ուզենալ, ցանկալ-ցանկանալ, արժել-արժենալ)։
Սեռի կարգն արտահայտվում է կրավոր․ վ ածանցի միջոցով (գրել-գրվել, կարդալ-կարդացվել)՝ ստեղծելով ներգործ-կրավոր. հակադրությունը։ Չեզոք սեռը ձևական դրսևորում չունի և արտահայտվում է բայի իմաստով։ Հատուկ արտահայտություն ունի պատճառականությունը՝ (ա/ե)ցն ածանցով (կարդացնել) կամ տալ բայի հարադրությամբ (գրել տալ)։
Թվի և դեմքի կարգերն արտահայտվում են բայ. վերջավորությունների միջոցով։ Կա 2 թիվ՝ եզակի և հոգնակի, և 3 դեմք՝ 1-ին՝ խոսող, 2-րդ՝ խոսակից, և 3-րդ՝ հաղորդակցմանը չմասնակցող անձ (առարկա)։
Արևմտահայ-ում նույնպես բայն ունի նշված քերական. կարգերը, սակայն հարացույցում կան զգալի տարբերություններ։ Սահման․ ներկայի և անցյալ անկատարի կազմությունը 2 գրական լեզուների ամենաէական տարբերություններից է՝ արևելահայերեն՝ դերբայ + օժանդակ բայ (գրում եմ), արևմտահայերեն՝ կը եղանակիչ-ըղձական եղանակի բայաձև (կը գրեմ)։ Արևելահայ-ի երկու՝ ա և ե լծորդությունների դիմաց արևմտահայ-ն ունի 4-ը՝ ա, ե, ի և ու (վերջինը՝ սահմանափակ կիրառությամբ)։ Կրավոր․ սեռն արտահայտվում է ոչ միայն վ ածանցով, այլև լծորդության փոփոխությամբ (շփոթել-շփոթվել/շփոթիլ)։ Արևելահայ-ում կ, պիտի մասնիկները եղանակիչներ են, իսկ արևմտահայ-ում՝ ժամանականիշ ձևույթներ՝ սահմանականի ներկա ու անցյալ անկատար (կը գրեմ, կը գրեի) և ապառնի ու անցյալի ապառնի (պիտի գրեմ, պիտի գրեի) ժամանակների համար։ Դերբայների կազմը գրեթե նույնն է (բացակայում են արևելահայ-ի անկատարը (գրում) և համակատարը (գրելիս)։ Վաղակատար դերբայն արևմտահայ-ում ունի եր վերջավորությունը, արևելահայ-ի ել-ի փոխարեն (գրեր, կարդացեր), իսկ հարակատարը կազմում է լիարժեք ժամանակաձևեր (բերած եմ = բերել եմ)։ Ժամանակների համակարգում արևմտահայ-ն ունի ներկա շարունակական (կը գրեմ կոր), որ չկա արևելահայ-ում։
Շարահյուսություն։ Ժամանակակից հայ-ի շարահյուսությունն աչքի է ընկնում շարահյուսական կառույցների հարստությամբ ու բազմազանությամբ, շարահյուսական հարաբերությունների արտահայտման հստակությամբ, կապակցման միջոցների զարգացած համակարգով։
Պարզ նախադասության տիպական կառուցվածքն է՝ ենթակա, ստորոգյալ, խնդիր, սակայն շարադասությունը բավական ազատ է և կարող է փոխվել՝ կախված տրամաբան․ շեշտից և ոճ. այլևայլ նկատառումներից։
Կայուն շարադասություն գոյություն ունի անվան․ կապակցության մեջ. լրացումը սովորաբար նախադաս է (կարմիր մատիտ, աշակերտի գիրքը)։ Բացահայտիչ- բացահայտյալի դեպքում նախադաս է գերադաս անդամը (մենք՝ ուսուցիչներս)։
Նախադասության հաղորդակց. տիպերը դասակարգվում են ըստ ձևաիմաստային և հնչերանգային հատկանիշների, որոնք կարող են ուղեկցվել նաև եղանակավորիչ բառերով ու մասնիկներով։ Ընդունված է առանձնացնել պատմողական, հարցական, հրամայական (դրդչական) և բացականչական նախադասություններ։ Հարցումն արտահայտվում է կա՛մ հարցական բառով և հնչերանգով, կա՛մ միայն հնչերանգով, կառուցվածքային փոփոխություններ տեղի չեն ունենում՝ բացի օժանդակ բայի կամ հանգույցի տեղափոխությունից․ տո՞ւն ես գնում, ո՞վ է մեղավոր։ Հրամայական նախադասություններում ստորոգյալը դրվում է հրամայական եղանակով կամ պայմանական և ըղձական եղանակների 2-րդ դեմքով՝ գնա՛, կգնա՛ս, կասե՛ս, գնայի՛ր, տեսնեի՛ր։ Բացականչական նախադասությունների համար բնորոշ է զգացմունքակամային վերաբերականների, ձայնարկությունների գործածությունը։