2. Ավանդությունները կարճ, արձակ, տեղեկատու բնույթի զրույցներ, հուշապատումներ են՝ տեղային նշանակություն ունեցող դեպքերի ու դեմքերի, երևույթների մասին՝ իրական կամ հրաշապատում բովանդակությամբ։ Ավանդություններին են առնչվում սնահավատական զրույցները (կոչվել են նաև «բան», «բանս»), ժողովրդական հավատալիքների հիման վրա ձևավորված մանրապատում-հուշապատումները (գերբնական էակների, ոգիների մասին)։
3. Ժողովրդական վեպ (էպոս)։ Հայ վիպ. ավանդությունը հատկանշական է ժողովրդական մի քանի վեպերի առկայությամբ։ Հնագույնը «Վիպասանք» առասպելաբան. վեպն է՝ բաղկացած տարբեր վիպերգերից ու պատումներից՝ հյուսված Մեծն Տիգրանի, Սանատրուկի, Երվանդի, Արտաշեսի, Սաթենիկի, Արտավազդի անունների շուրջը։ Վեպը կազմված է 2 վիպ. հիմն․ միավորներից՝ Տիգրանի և Արտաշեսի վեպերից։ Հին առասպելականը կամ փոխակերպվել է պատմականի, կամ էլ նույնությամբ պահպանվել է ու միավորվել պատմ. դեմքերին ու դեպքերին։
Երկրորդ հին վեպը «Պարսից պատերազմ» հերոսավեպն է, որը հորինվել է III-IV դդ-ում՝ Հայաստանի ներքին և արտաքին կյանքի պատմ. իրադարձությունների հիմքի վրա։ Վեպում պատմվում է Հայաստանի ու Սասանյան Պարսկաստանի միջև մղված դարավոր կռիվների, ինչպես նաև հայ Արշակունի արքայատոհմի և նախարար․ տների միջև ծագած հակասությունների ու դրամատիկ․ իրադարձությունների մասին։ Վեպում հանդես եկող հայ և պարսիկ թագավորները, սպարապետներն ու իշխանները իրական, պատմ. նախատիպերի վրա ձևավորված, վիպ., գեղարվեստական կերպարներ են, որոնք վիպասաններն ու գուսանները գաղափարականացրել են ու հերոսացրել (Վասակ, Մուշեղ, Մանվել Մամիկոնյաններ)։
Երրորդ հին վեպը «Տարոնի պատերազմն» է, որը որոշ խմբագրումներով ու վերամշակումով պահպանվել է Սեբեոսի և Հովհան Մամիկոնյանի պատմագր. երկերում։ Կազմված է ժողովրդական բազմաթիվ զրույցներից, ավանդություններից, մասամբ և վիպերգերից, հյուսված է Մուշեղ, Գայլ Վահան, Սմբատ Մամիկոնյանների, Վահան Կամսարականի և Տիրանի անունների շուրջ։ Վեպը հիմն․ բովանդակությամբ առնչվում է «Պարսից պատերազմին»։
Չորրորդ վեպը «Սասնա ծռեր» հերոսավեպն է՝ պահպանված բանավոր ավանդությամբ, գրառվել է XIX դ-ի վերջին քառորդին՝ տարբեր բանահավաքների 160-ի հասնող տարբերակներով։ Բաղկացած է վիպ. 4 հիմն․ ճյուղերից (Սանասար և Բաղդասար, Մեծ Մհեր, Դավիթ, Փոքր Մհեր)։ Առաջնային ու միավորիչ թեման, որ առկա է բոլոր ճյուղերում, օտար և հայրենի երկրների ու հերոսների հակադրությունն է։ Առաջին ճյուղի թեման Սանասարի և Բաղդասարի առասպելն է՝ մշակված ու միավորված մ. թ. ա. VII դ-ից սերող Ասորեստանի Սինախերիբ (Սենեքերիմ) թագավորի հայրասպան որդիների փախուստի և Արարատյան երկրում ապաստանելու պատմ. ավանդության հետ։ Այն տեղայնանալով՝ երկրորդ անգամ է պատմականացել՝ կրելով միջնադարյան Բաղդադի արաբ․ խալիֆության, ինչպես նաև Մսրա (Եգիպտոսի) VII-XIII դդ-ի իրադարձությունների ազդեցությունը։ Մեծ Մհերի, Դավթի ու Փոքր Մհերի ճյուղերի հիմքում խեթա-խուռիական ակունքներից սերող հնդեվրոպ. ամպրոպի աստծու և հին հայոց երկնային լույսի ու արեգակի աստված Միհրի առասպելներն են, որոնք միավորվել են առաջին ճյուղի երկվորյակ եղբայրների հինավուրց առասպելին։
Կրելով որոշակի պատմաշրջանի հավաստի դրոշմը՝ «Սասնա ծռերը» ներառել և իր մեջ գեղարվեստորեն համաձուլել է հայ ժողովրդի տարբեր դարաշրջանների նյութ․ և հոգևոր կյանքի իրողությունները, ժողովրդի իղձերն ու ակնկալիքները։
4. Հեքիաթները հայ բանահյուսության հնագույն և բազմաքանակ տեսակներից են. մի մասը գրառվել է միջնադարում, իսկ հիմնականում՝ XIX դ-ի 2-րդ կեսից։ Բնույթով բաժանվում են 2 մեծ խմբերի՝ հրաշապատում և իրապատում։ Կան նաև արկածային-նովելային և շղթայաձև հեքիաթների ենթախմբեր։
Հրաշապատում հեքիաթները սերել են վաղնջական առասպելներից, դրանց մեծ մասի սյուժեները հեքիաթների փոխակերպված հնագույն առասպելներն են։ Դրանք կախարդական բովանդակությամբ, միջավայրով ու կերպարներով սերտորեն կապված են Հայաստանի որոշակի աշխարհագր. միջավայրի,