Խորենացին քննական մոտեցում է ցուցաբերել փաստերին և օգտագործած սկզբնաղբյուրներին։ Մատյանը հայ առաջին քննական պատմությունն է և, որպես այդպիսին, ազգային պատմագիտական մտքի լավագույն արգասիքն ու համաշխ. պատմագրության առաջնակարգ հուշարձաններից է։
Խորենացին հայ պատմագրության մեջ ներմուծել է համաժամանակյա ժամանակագրության գաղափարը։ Մատյանին ինքնատիպություն են հաղորդում պատմ. եղելություններին վարպետորեն միաձուլված բանահյուս, ստեղծագործությունները։ «Պատմութիւնը» հայոց հնագույն շրջանի ժողովրդական բանահյուսության ուսումնասիրման հիմն, աղբյուրներից է։ Երկն ավարտվում է «Ողբ»-ով, որը հայրենիքի ու ժողովրդի ճակատագրով մեծապես մտահոգված խոշոր մտածողի ու հայրենասերի փիլ. խոհերի լավագույն արտահայտությունն է։
Խորենացին հեղինակ է նաև փիլ-դավանաբան. երկասիրությունների, ներբողների, շարականների, թարգմանությունների։
Հայոց հին պատմագրության դաս. շրջանն ավարտվել է Ղազար Փարպեցու «Պատմութիւն Հայոց» երկով, որն ընդգրկում է 387-480-ական թթ-ի անցքերը։ Պատմաճանաչող. մեծ արժեք ունի Վահան Մամիկոնյանին հասցեագրված Փարպեցու «Թուղթը» («Մեղադրութիւն ստախօս աբեղայից»), որը հայոց հին ճարտասան, արվ-ի ու քաղաքական հրապարակախոսության լավագույն նմուշներից է։
VI դ-ում ժամանակավոր դադարից հետո պատմագրությունը նոր վերելք է ապրել VII դ-ում։ Այդ շրջանի նշանավոր պատմիչներն են Մովսես Կաղանկատվացին, Սեբեոսը և Հովհան Մամիկոնյանը։
Մովսես Կաղանկատվացու «Պատմութիւն Աղուանից աշխարհի» մատյանը եզակի արժեք ունի, այն աղվան ժողովրդի միակ ամբողջական պատմությունն է՝ հնագույն դարերից սկսած։ X դ-ում մեկ այլ մատենագիր՝ Մովսես Դասխուրանցին, «Պատմության» մեջ որոշ լրացումներ է արել՝ պատմ. դեպքերի շարադրանքը հասցնելով մինչև X դ-ի կեսերը։ Երկում արժեքավոր վկայություններ կան Այսրկովկասի Երկրների, Բյուզանդիայի ու Պարսկաստանի փոխհարաբերությունների, նրանց կենցաղի, խազարների արշավանքների մասին։ «Պատմության» մեջ հանդիպում ենք ռուզիկների (ռուսներ) մասին առաջին հիշատակությանը հայ մատենագրության մեջ։ Երկում պահպանվել է քրիստ. շրջանի ազգային աշխարհիկ բանաստեղծության առաջին նմուշը՝ հեղինակին ժամանակակից Դավթակ Քերթողի «Ողբք ի մահուան Ջեւանշիրի մեծի իշխանի» պոեմը։
Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց»-ի նման է գրված Սեբեոսի «Պատ- մութիւնը», որն ընդգրկում է Հայաստանի հնագույն շրջանից մինչև VII դ-ի իրադարձությունները։ Երկում որոշ պատմ. անցքերի նկարագրությունների մեջ պատմիչն օգտագործել է վիպական բանահյուսության հնարանքներ, որոնց շնորհիվ մատյանն առանձնանում է ինքնատիպ արվ-ով։
Գրական առումով յուրատեսակ հետաքրքրություն ունի Հովհան Մամիկոնյանի մատյանը, որը հյուսվածքի ոճով ու գեղարվեստական հատկանիշներով հիշեցնում է Փավստոս Բուզանդի «Պատմութիւն Հայոց»-ը։ «Պատմութիւն Տարօնոյ» խորագրով մեզ է հասել 2 մատյան, որպես առաջինի հեղինակ հիշվում է Ջենոբ Գլակը, իսկ երկրորդինը՝ Հովհան Մամիկոնյանը (VII դ. կամ VIII դ-ի սկիզբ)։ Սակայն հաստատվել է, որ երկուսի հեղինակն էլ Տարոնի եպս. Հովհան Մամիկոնյանն է, որը, հավանաբար, իր գրածի հավաստիությունը հաստատելու նպատակով գրքի 1-ին մասը վերագրել է Գրիգոր Լուսավորչի քարտուղար ասորի Զենոբ Գլակին։ Մատյանի առաջին մասը նվիրված է հայոց մեծ դարձի պատմությանը, երկրորդը՝ պարսից տիրապետության դեմ VI-VII դդ-ի ազատագր. հերոսամարտերին։
Ղևոնդի «Պատմութիւնն» ընդգրկում է VII-VIII դդ-ի եղելությունները։
IX դ-ում որոշ վայրէջքից հետո պատմագրությունը X-XI դդ-ում թևակոխել է զարգացման նոր փուլ: