Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/604

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կորովի կազմվածքը, արժեքավորել բնության գեղեցկությունները։ Նրան է պատկանում բաղաձայնույթի և առձայնույթի տաղաչափ. գյուտը։

Նարեկացու բանաստեղծ. հանճարի ամենակատարյալ արտահայտությունը «Մատեան ողբերգութեան» քնար., փիլ. պոեմն է, որտեղ մարդկության բացաս. գծերը մարմնավորող քնար. հերոսը բանաստեղծն է։ Պոեմում գործողությունը զարգանում է կյանքի ու մահվան, անկման ու փրկության, հուսալքության և ինքնահուսադրման իրարամերժ գաղափարների ու ապրումների բախումով։ Աստված բարձրագույն, ամենակարող և անթերի այն էությունն է, որի հետ, ըստ բանաստեղծի, պետք է ձգտի նույնանալ մարդը։ Աստված անառարկելի ճշմարտություն է, և դա ապացուցման կարիք չունի։ Պոեմը հումանիստ. բովանդակությամբ և ինքնատիպ արվ-ով հայ և համաշխ. պոեզիայի եզակի երկերից է։ Նարեկացին, յուրացնելով ժողովրդական ողբասացության արվ-ը, «Մատեան»-ի որոշ հատվածներ գրել է նույնահանգ տողերով։ Բայց հանգի գործածությունը, որպես ռիթմական անհրաժեշտ գործոնի, կապվել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունու անվան հետ։ Նրա «Թղթեր»-ում պահպանվել են աշխարհիկ ու կրոն. բնույթի տաղեր՝ ներբողներ, խրատներ։ Պահլավունու նշանավոր երկը «Առ Մանուչէ» («Հազարտողեան») պոեմն է՝ բաղկացած 1016 տողից, որն Աստվածաշնչի համառոտ բովանդակության չափածո վերաշարադրանքն է։ Պոեմը նախանշել է ազգային բանաստեղծության ընթացքը և առանձնանում է տողի, անդամավոր կազմության կանոնավորությամբ ու միահանգությամբ։

Գրիգոր Նարեկացու բանաստեղծ. ավանդների հետ սերտորեն առնչվել է XI դ-ի բանաստեղծ Վարդան Անեցու «Վասն կառաց աստուածութեանն» պոեմը, որտեղ քրիստոնեության հետ միաժամանակ արծարծել է նաև դիցաբան. ըմբռնումներ։

XI դ-ի վերջի-XII դ-ի սկզբի բանաստեղծ Վարդան Հայկազնի «Տաղ գերեզմանական վասն փոխման երանեալ եւ սուրբ կաթողիկոսին Հայոց Գրիգորի Վկայասիրի» ծավալուն քերթվածով (նվիրվել է Գրիգոր Վկայասերի հիշատակին) սկզբնավորվել է կենսագր. պոեմի տեսակը։

Հովհաննես Սարկավագի բանաստեղծ. հարուստ ժառանգությունից մեզ են հասել քիչ գործեր՝ ողբ, մի քանի շարական և «Բան իմաստութեան ի պատճառս զբօսանաց առ ձագ որ գաղօթանոցաւ նորա ճռուողէր քաղցրաձայն, որ կոչի սարեկ» 188-տողանոց պոեմը, որտեղ նա շարադրել է իր գեղագիտական ուսմունքը։ Ըստ նրա՝ ճշմարիտ արվ-ի աղբյուրը բնությունն է, և բանաստեղծը պետք է հետևի բնությանը, սովորի նրանից։

Թե՛ բովանդակությամբ և թե՛ ձևով նոր խոսք է Ներսես Շնորհալու ստեղծագործությունը։ Ընդարձակելով շարականի, գանձի, աղոթքի թեմատիկ սահմանները, փառաբանելով անցյալի պետական երևելի գործիչներին, երկրի ազատության համար նահատակված հերոսներին՝ նա առաջինն է այդ ժանրերով արծարծել հայրենասիր. ու հումանիստ. գաղափարներ։ Հայ բանաստեղծության մեջ իրենց նախօրինակը չունեն նրա ուսուցող., մանկավարժ. բնույթի բանաստեղծությունները, ուղերձները, խրատ. ոտանավորներն ու պոեմները («Առ եղբօրորդին իւր Ապիրատն», «Տաղագս երկնի ու զարդուց նորա» ևն)։ Հանելուկի՝ իբրև գրական առանձին ժանրի ստեղծումը կապված է Շնորհալու հետ. նրանից մեզ է հասել ավելի քան 300 հանելուկ։ Շնորհալու «Վիպասանութիւն...» (1121), «Ողբ Եդեսիոյ» (1145), «Բան հաւատոյ» (1151) և «Յիսուս Որդի» (1152) քերթվածներով հայ գրակ-յան մեջ սկզբնավորվել են վիպերգության ու վիպաքնար. պոեմի տարատեսակները։ «Ողբ Եդեսիոյ» պոեմը բանաստեղծի գլուխգործոցն է և հայ քաղաքական պոեզիայի անդրանիկ երկը։ Պոեմում, որտեղ 1144-ի դեպքերն են (Եդեիայի պաշարումը, գրավումը, կոտորածն ու կողոպուտը), առավել հստակ են դրսևորվել հայրենասիր. գաղափարները։ «Յիսուս Որդի» պոեմն առանձնանում է թե՛ բանաստեղծ. մտքի թռիչքներով և թե՛ ժամանակի մարդու հոգեբանության խոր պատկերումով։ Շնորհալին ստեղծագործել է հայկական չափերի գրեթե բոլոր տեսակներով, որոնց մեծ մասի առաջին կիրառողն ինքն էր։

Բանաստեղծ. մշակույթի բարձրարժեք գործեր են Գրիգոր Տղայի «Ողբ Երուսաղէմի» (1189) մոտ 3000-տողանոց վիպաքնար. պոեմը, որն արտացոլում է Կիլիկյան Հայաստանի քաղաքական ինքնուրույնության ծրագիրը։ XIII դ-ի բանաստեղծ Գրիգոր Մարաշեցին իր գովեստները,