մեղաները, աղոթքները [«Ողբ» («Վայ գիրք»), «Մեղաների շարք», «Աղօթք»] գրել է ժողովրդական լալյաց երգերի և Գրիգոր Նարեկացու «Մատեան»-ի ազդեցությամբ։
Ներսես Շնորհալու լավագույն ավանդույթներն է շարունակել Ներսես Լամբրոնացին, որի չափածո վաստակի մեջ առանձին տեղ ունեն 2 տասնյակից ավելի շարականները և «Գովեստ ներբողական պատմագրական բանիւ...» 938-տողանոց փաստագր. քերթվածը՝ նվիրված Ներսես Շնորհալու կյանքին ու գործունեությանը։
Տարանջատվելով պատմագրութունից՝ գեղարվեստական արձակը գլխավորապես զարգացել է վարքի, վկայաբանության, զրույցի և առակի ժանրերով։ Վարքը և վկայաբանությունը կենսագր. բնույթի պատմվածքներ են՝ դրական, սրբացված հերոսների մասին՝ ծննդից մինչև վախճանը։ Վարքագր. և վկայաբան. գործեր են գրել Ներսես Լամբրոնացին (Գրիգոր Նարեկացու վարքը), Սամվել Սկևռացին (Ներսես Լամբրոնացու վարքը), Գրիգոր Սկևռացին (Գրիգոր Նարեկացու և Ներսես Լամբրոնացու վարքերը), Մխիթար Գոշն ու Դավիթ Ալավկա Որդին (Խոսրով Գանձակեցու և Հովսեփ Դվնեցու վկայաբանությունները)։ Ստեղծվել են նաև կենցաղային ու պատմ. բազմաթիվ զրույցներ, առօրյա կյանքն ու մարդկային փոխհարաբերություններն արտացոլող խրատական պատմություններ, զավեշտական մանրապատումներ, որոնք մշակել և գրառել են գրիչներն ու մատենագիրները (Մատթեոս Ուռհայեցի)։
Մխիթար Գոշի առակներով գեղարվեստական արձակը ձեռք է բերել ինքնակա բնույթ։ Գոշից մեզ է հասել 190 առակ, որտեղ արտացոլվել է XII դ-ում պետական ինքնուրույնության հասած Հայաստանի սոցիալ-քաղաքական կացությունը։
Պատմաքաղաքական իրադարձություններով պայմանավորված՝ XIII-XVI դդ-ում հայ մշակույթի զարգացումը դանդաղել է։ Հայաստանում և գաղթավայրերում գործել են ուսումնական ու մշակութային կենտրոններ, որոնք մեծ դժվարությամբ կարողացել են պահպանել նախորդ դարերի մշակութային ավանդույթները։ Ստեղծվել են դավանաբան., փիլ., քերական., բնագիտական., կրոն. և այլ բնույթի աշխատություններ։ Խմբագրվել և նոր նյութերով համալրվել են Հայսմավուրքը, Գանձարանը, Շարակնոցը, Մաշտոցը, կազմվել են նոր քարոզագրքեր, ոսկեփորիկներ, ճառընտիրներ, տաղարաններ ևն։ Ազգային մատենագրությունը հարստացել է նաև արաբ-ից, պարսկ-ից, հին ֆրանս-ից, լատ-ից կատարված թարգմանություններով։ Ժամանակաշրջանի հայ մշակութային կյանքի մեծագույն իրադարձություններից է տպագրության սկզբնավորումը (1512)։ Գրաբարի փոխարեն հետզհետե տիրապետող գրական լեզու է դարձել ժողովրդի խոսակցական լեզուն՝ միջին հայ-ը։ Մեծացել է չափածո խոսքի կշիռն ու հաս-գաղ. դերը։ Առաջընթաց ապրող աշխարհիկ քնարերգությունը կոչված է եղել բարոյապես ոգեշնչելու ժողովրդին՝ բոլոր տեսակի աղետներին դիմագրավելու համար։ Քնարերգությունն ավելի է մոտեցել բանահյուսությանը՝ ընդհանուր եզրեր փնտրելով ժողովրդական երգի պարզության, պատկերավորման ձևերի ու մտածելակերպի հետ։ Բանաստեղծության հաճախ գործածվող տեսակներն են եղել գովեստը, գանգատը, խրատը, ողբը, վարդի և սոխակի այլաբան. տաղը, հայրենը, կաֆան, որոնք արծարծել են սիրո, բնության, պանդխտության, ժողովրդի ու անհատի ողբերգության, հայրենասիր. թեմաներ, անդրադարձել կյանքի ու մահվան, հոգու ու մարմնի խոհափիլ. հարցերին։
Բանաստեղծության մեջ զարգացող աշխարհիկ գաղափարներն աստիճանաբար հետ են մղել դավանաբան. միտումները։ XIV դ-ից հետո ստեղծված տաղերում, ի հակադրություն քրիստ. վարդապետության սկզբունքների, նախապատվությունը տրվել է մարդու երկրային ձգտումներին։ Աստվածածնին, առաքյալներին, համաքրիստ. և ազգային սրբերին, սրբավայրերին նվիրված տաղերն արտացոլել են մեծ մասամբ աշխարհիկ, քան կրոն. երևույթներ։
XIII-XIV դդ-ում նշանակալի գանձեր են ստեղծել Խաչատուր Տարոնացին, Վարդան Արևելցին, Հակոբ Կլայեցին, Մխիթար Այրիվանեցին, Հովհաննես Պլուզ Երզնկացին, Գևորգ Սկևռացին, Կիրակոս Երզնկացին, Գրիգոր Խլաթեցին։
Ժամանակաշրջանի չափածո գրակ-յան զգալի մասն են կազմել նաև վիպ., վիպաքնար. և ուսուցող. պոեմները՝ նվիրված հայոց պատմության հերոս. դրվագներին ու դեմքերին, Սուրբ Գրքի որոշ թեմաների։
Հովհաննես Պլուզ Երզնկացին, որ հայտնի է քերական., կանոն., խրատ., մեկնող. և այլ բնույթի արձակ երկերով, գրել է նաև կրոն. և աշխարհիկ բանաստեղծություններ։ Աստվածածնին և դրախտից արտաքսված Ադամին, Գրիգոր Լուսավորչին, Ներսես Մեծին և մյուս սրբերին նվիրված նրա ողբերն ու շարականներն իրականում պատկերում են մեծ կորուստներ ապրած մարդու հոգու դրաման, փայփայում աշխարհի խաղաղության, ազգային վերածնության երազը։ Աշխարհիկ բովանդակությամբ տաղերը՝ հայրեններն ու խրատները, պանդխտության, կյանքի ու մահվան, իմաստության, մարդկային ճակատագրի և այլ խնդիրների վերաբերող փիլ. խորհրդածություններ են, բարության, առաքինության, հոգու գեղեցկության ձգտելու մարդասիր. հորդորներ։ «Բան յաղագս երկնային զարդուց» պոեմը հիմնավոր տեղեկություններ է տվել երկնային մարմինների, երկրի բնական մի շարք երևույթների մասին։
Աշխարհիկ բանաստեղծության բարձրարժեք գործերից են XIII դ-ի բանաստեղծ Ֆրիկի ստեղծագործությունները,