Լինելով ժամանակի լուսավորյալ անձանցից՝ պաշտպանել է Հայ եկեղեցու և ազգ-լուսավոր. հաստատությունների ինքնուրույնությունը։
XVIII դ-ի հայ գրական մտքի առանցքային հարցերից է եղել կլասիցիզմի տես. հիմնավորումը։ Խաչատուր Էրզրումցու «Համառօտական իմաստասիրութիւն» (1711), Ստեփանոս Ագոնցի «Ճարտասանութիւն» (1775), Սարգիս Տիգրանյանի «Ինչ-ինչ զեղերգութենէ» (1834), Էդուարդ Հյուրմյուզյանի «Առձեռն բանաստեղծութիւն» (1839) աշխատություններում համակարգվել են հայկական կլասիցիզմի գեղագիտական սկզբունքները, ուշադրություն է դարձվել գեղարվեստական լեզվին ու ոճին, ստեղծագործության ներքին տրամաբան. պատճառաբանվածությանը, սահմանվել են առանձին գրական ժանրերը։
Հայկական կլասիցիզմը, լինելով եվրոպ. կլասիցիզմի տարբերակը, բովանդակությամբ ազգային էր։ Եթե եվրոպ. կլասիցիզմի հիմքն անտիկ հունա-հռոմ. մշակույթն էր, ապա հայկականինը՝ ազգային դիցաբանությունն ու պատմությունը։ Ազգ. պատմության ու նշանավոր անհատների իդեալականացումը, հայ դաս. հեղինակների նկատմամբ պաշտամունքը, հասարակական կյանքն ու արվ-ը կարգավորելու ձգտումը կանխորոշել են հայկական կլասիցիզմի առանձնահատկությունները, որոնց բնորոշ են լուսավոր., բարոյադաստիարակչ., հայրենասիր. ու քաղաքաց. մոտիվները։ Հայկական կլասիցիզմի ժանրային ձևերն էին ներբողը, էլեգիան, հովվերգությունը, դյուցազներգությունը, դրամատուրգիան։ Կլասիցիզմի ականավոր դեմքերն են Ղուկաս Ինճիճյանը, Գաբրիել Ավետիքյանը, Մանվել Ջախջախյանը, Եղիա Թովմաճյանը և ուրիշներ։
Հայկական կլասիցիզմին որոշակի ձև և ուղղություն է տվել Հովհաննես Վանանդեցին։ Նա գրել է դյուցազներգություններ («Արփիական Հայաստանի», 1836, «Ոսկի դար Հայաստանի», 1841, «Տեսարան հանդիսիցն Հայկայ, Արամայ եւ Արայի», հրտ.՝ 1856), բանաստեղծություններ, բանասիր. և աստվածաբան. ուսումնասիրություններ («Ճառ ներբողական ի Սուրբ խաչն Քրիստոսի եւ պատմագրական առասացութիւն ի Սուրբ Նշանն Վարագայ», 1816, հրտ.՝ 1853)։ Վանանդեցու բանաստեղծություններից հայտնի է «Առ Հայաստանը» (առավելապես՝ իր առաջին տողով՝ «Հայաստան, երկի՛ր դրախտավայր»), որը հետագայում վերածվել է երգի։
Հայկական կլասիցիստ. դրամատուրգիայում նշանակալի ավանդ ունի Պետրոս Մինասյանը։ Նա եղել է կլասիցիզմի տեսաբաններից, «Թատերգութիւնք» (1845) խորագրով լույս է ընծայել պիեսների ժող., որտեղ ընդգրկվել են «Խոսրով Մեծ», «Սմբատ Առաջին», «Արշակ Բ» և այլ ողբերգություններ։
Հայկական կլասիցիզմի ամենանշանավոր դեմքը բանաստեղծ, բանասեր, լեզվաբան Արսեն Բագրատունին է, որն առավել հայտնի է «Հայկ Դիւցազն» (1830, հրտ.՝ 1858) էպիկ. հերոս. պոեմով, որտեղ արտացոլվել է Հայկի և Բելի առասպելը։ Պոեմում առասպելապատմ. Հայաստանն է՝ իր բնաշխարհով, հեթանոս. աստվածներով և արարողություններով՝ գրաբարի բառային ողջ հարստությամբ։ Բագրատունին գրել է նաև կրոնապատմ. բովանդակությամբ թատերագրություններ («Ի ծնունդ Տեառն», «Ի յայտնութիւն Տեառն», «Երուանդ», հրտ.՝ 1869), լեզվաբ. աշխատություններ («Հայերէն քերականութիւն ի պէտս զարգացելոց», 1852, «Սկզբունք ուղիղ խորհելոյ եւ բարուոք կելոյ», 1857, «Քերականութիւն գաղղիական», 1821)։
Գրաբար ստեղծագործություններին զուգընթաց գրաբարախառն աշխարհաբարով ստեղծվել են հոգևոր ու աշխարհիկ բովանդակությամբ տաղեր (Պետրոս Բերդումյան Աղամալյանց, Գրիգոր Օշականցի, Հովհաննես Կարնեցի և ուրիշներ)։
Կլասիցիզմի զարգացման շրջանում աստիճանաբար սկսել են նշմարվել հայկական սենտիմենտալիզմի և նախառոմանտիզմի նշաններ, որոնց դրսևորումները նկատվել են կլասիցիզմից ռոմանտիզմին անցնող որոշ հեղինակների գործերում (Հարություն Ալամդարյան և ուրիշներ)։
1830-40-ական թթ. հայկական իրականության մեջ ազգային ոգու վերածնության տարիներ էին։ Արևելահայ մշակութ. կենտրոններում մտավորականությունը փորձել է ժամանակի նորահայտ գաղափարներով ուղղություն տալ ազգի նյութ. և հոգևոր զարգացմանը։ Ներքաղաքական կյանքի ազատականացման միտումներ են ստեղծվել նաև արևմտահայ շրջանակներում։ Աշխարհայացքի և հասարակական մտքի կազմավորմանը նպաստել է մամուլը, հրատարակվել են թեթեր, ամսագրեր [«Լրագիր» (1832, Կ. Պոլիս), «Շտեմարան պիտանի գիտելյաց» (1839, Զմյուռնիա), «Ազդարար Բյուզանդիան» (1840, Կ. Պոլիս), «Արշալույս Արարատյան» (1840, Զմյուռնիա), «Բազմավեպ» (1843, Վենետիկ), «Ազգասեր» (1845, Կալկաթա), «Կովկաս» (1846, Թիֆլիս), «Եվրոպա» (1847, Վիեննա), «Բանասեր» (1848, Մադրաս)]։ Ազգային զարթոնքին նպաստել են նաև համաշխ. պատմ. իրադարձությունները, հեղափոխական շարժումները։ Հեղափոխություն է կատարվել գաղափարախոսության մեջ. լուսավորականին փոխարինել է ռոմանտիզմի դարաշրջանը։ Մտավոր գրական նոր շարժման ականավոր ներկայացուցիչներն էին լուսավորիչ-ռոմանտիկները՝ Մեսրոպ Թաղիադյանը, Խաչատուր Աբովյանը, Ղևոնդ Ալիշանը։
Հայ գրակ-յան մեջ ռոմանտիզմի սկզբնավորողներից է Մ. Թաղիադյանը, որը հալածվել է ազատամտության համար։ Գրել է բանաստեղծություններ, վեպեր («Վէպ Վարդգիսի», 1846, «Թութակ Թաղիադեանց», ժող., «Վէպ Վարսենկան...», երկուսն էլ՝ 1847), աշխատություններ («Պատմութիւն հին Հնդկաստանի», մաս 1, 1841, «Պատմութիւն Պարսից», 1846), գիտամանկավարժ. ձեռնարկներ («Մեսրովբեան այբբենարան», «Մեսրովբեան շարադրիչ», երկուսն էլ՝ 1840)։
Ղ. Ալիշանը XIX դ-ի հայ ռոմանտիկ. և հայրենասիր. պոեզիայի հիմնադիրն է. գրաբար ու աշխարհաբար բանաստեղծություններում, պոեմներում և արձակ գործերում արտացոլել է հայ ժողովրդի ազգ-ազատագր. ձգտումները, նրա պատմ. անցյալի հերոս.