Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/620

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է։ «Հայորդիներ» (1905, 1906, 1908) բանաստեղծ. 3 շարքերի քնար. հերոսը նորօրյա հայորդին է՝ ֆիդային, որը «դարերի վրեժի» կանչով նահատակության է գնում՝ վերադարձնելու համար հայրենի կորսված փառքը։ «Հոգեվարքի եւ յոյսի ջահեր» (1906) ժող-ում բանաստեղծը հուշերի և երագների հակասական աշխարհում է, որտեղ տխուր մտորումների մղձավանջում չքանում է պատրանքը, և հայտնվում են մահվան տեսիլների չարագուշակ ստվերները («Չարչարանքի գիշեր», «Գիշեր մը», «Անդրշիրիմյան աղաղակ»)։ «Կարմիր լուրեր բարեկամէս» (1909) շարքում պատկերել է հայ ժողովրդի ողբերգ. ճակատագիրը, «Հայրենի հրաւէր» (1910) ժող-ում վերադարձի հրավեր է հղել հայությանը և նավասարդյան աղոթք մատուցել Աստղիկ դիցուհուն։ 1912-ին գրել է «Սուրբ Մեսրոպ» պոեմը, որտեղ ներբողել է հայ գրերի գյուտը։

Դասականության, ռոմանտիզմի և ռեալիզմի ուրույն համադրությամբ է ներդաշնակված Դանիել Վարուժանի պոեզիան։ Առաջին՝ «Սարսուռներ» (1906) խորագրով ժող-ում որոնումների ու ինքնահաստատման մտորումներ են՝ արդարության, չարի, բարու, իդեալի ու երազանքի։ «Ցեղին սիրտը» (1909) ժող-ում արևմտահայ իրականության արհավիրքներն ու ազատագր. պայքարի «վաղվան բողբոջներ են», որոնք ունեն «հայկական ոգին» նորակերտելու առաքելությունը («Բագինի վրա», «Վահագն», «Հայրենիքի ոգին»)։ «Հեթանոս երգեր» (1909) գրքում բանաստեղծը ստեղծել է մարդու և բնության ներդաշնակության պատկերը («Վանատուր», «Հեթանոսական», «Ո՜, Լալագե»)։ Վարուժանի քնարերգության պսակը «Հացին երգը» (հրտ.՝ 1924) շարքն է, որտեղ կյանքի հովվերգ. բնապատկերն է՝ գեղջկական կենցաղով, աշխատանքի ու վաստակի բերկրանքով («Առաջին գիշեր», «Ցորյանի ծովեր», «Կամներգ», «Հունձը կը ժողվեմ», «Երևում»)։

Ռոմանտիզմի հետ սերտորեն կապված էր նաև սիմվոլիզմը, որը որոշակի ազդեցություն է թողել Միսաք Մեծարենցի, Լևոն Շանթի ստեղծագործությունների վրա։

Մեծարենցի «Ծիածան», «Նոր տաղեր» (երկուսն էլ՝ 1907) ժող-ներում անհատի ներաշխարհն է, ներդաշնակ ու արդար աշխարհի երազանքը։ Նրա պոեզիայի սիմվոլիստ. խորհրդանիշներից է գիշերը, երբ «հոգեկան անդորր են հուշում երազները և կարոտները սուզում մոռացության թմբիրում» («Ձմռան պարզ գիշեր», «Սիրերգ», «Քուն», «Երազի պահեր»)։ Մեծարենցի քնարերգության մեջ բնությունը գերակա է, որի միջոցով բանաստեղծը հաճախ ներսուզվում է խորհրդապաշտ. անուրջների մեջ («Տապի նոպաներ», «Գետափի երազանք», «Աքասիաներու շուքին տակ», «Իրիկվան իղձ»)։ Բանաստեղծի քնար. հերոսը երազում է «անանձնական ուրախության» («Տո՛ւր ինձի, Տե՛ր, ...», «Ըլլայի, ըլլայի»)։ Մեծարենցը կերտել է արևմտահայ գյուղի հովվերգ. պատկերներ («Ջրտուք», «Որթին տերևը», «Տկճորին երգը», «Այգերգ»)։

Լ. Շանթը գրական ուղին սկսել է ռոմանտիկ. չափածո տեղծագործություններով ու վիպակներով («Լերան աղջիկը», «Երազ օրեր», 1894, «Դուրսեցիներ», 1895, «Վերժին», 1897, «Դերասանուհին», 1899)։ Շանթի ստեղծագործության մեջ առավել արժեքավորը նրա դրամատուրգիան է («Հին աստուածներ», 1909, հրտ.՝ 1912, «Կայսր», 1916, «Շղթայուածը», 1921, «Ինկած բերդի իշխանուհին», 1923, «Օշին Պայլ», 1932)։ «Հին աստվածներ» պատմափիլ. դրամայում խորհրդապաշտ-այլաբան. պատկերներով ներկայացրել է հեթանոս աստվածներին և քրիստ. եկեղեցին, արծարծել է աշխարհիկ ու հոգևոր սկզբունքների հակադրության, անհատի զգացմունքների և գործողության ազատության հարցերը։ Ըստ Շանթի՝ ունայն են կրքերն ու բնազդները, իրական է միայն Սուրբ Հոգին և «վեր՝ դեպի Աստված խոյացող միտքը»։

1914-ին Վահան Տերյանը «Հայ գրականության գալիք օրը» ծրագրային ելույթով ազդարարել է պատմամշակութային մի շրջափուլի ավարտը և նորի սկիզբը, որի առաջամարտիկներից էր ինքը։ Տերյանի ստեղծագործության մեջ դրսևորվել է խորհրդապաշտ. գեղագիտությունը։ «Մթնշաղի անուրջներ» (1908) ժող-ով նա նորոգել է հայ բանաստեղծության պոետիկան թե՛ ըստ ձևի և թե՛ ըստ բովանդակության։ Տերյանը բացահայտել է մարդկային հոգու հարուստ ներաշխարհը։ «Գիշեր եւ յուշեր» (1912) շարքում վերստին արծարծել է անուրջի, հրաժեշտի, մենակության ու