Էջ:Armenia Encyclopedia.djvu/619

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ստեղծագործ․ բացառիկ բեղմնավորությամբ հանդես է եկել Երվանդ Օտյանը՝ ծաղրելով պոլսահայ քաղքենի կյանքը («Գործի մարդիկ», 1901, «Ազգային բարերար», 1905, «Ընտանիք, պատիւ, բարոյական», 1910, «Ես դուրսեցի չեմ առներ», 1913, «Թաղականին կինը», 1915), ազգային գործիչներին («Յեղափոխութեան մակաբոյծները», 1899, «Պրոպագանդիստը», 1901, «Ընկ. Բ Փանջունի», 1911-23, «Վաճառականի մը նամակները», 1914)։ Հայ վեպի պատմության մեջ նորություն էին նրա «Ապտիւլ Համիտ եւ Շերլօք Հոլմս» (1911), «Սալիհա հանըմ կամ Բանակը բռնատրին դէմ» (1912) պատմաարկածային վեպերը, որտեղ գրողը տվել է երիտթուրքերի հակաաբդուլհամիդյան պայքարի ծաղրանկարը։

XIX դ-ի վերջին և XX դ-ի սկզբին վերագնահատվել են արժեքները՝ փոփոխելով մտավոր մշակույթի և գեղարվեստական մտածողության ողջ համակարգը։ Դաս. ռեալիզմը տեղի է տվել արդիապաշտ. ուղղություններին՝ նատուրալիզմին, նեոռոմանտիզմին, ֆուտուրիզմին, որոնք էլ վերաձևել են արվ-ի, գրակ-յան կառուցվածքային և ոճ. համակարգը։ Միսաք Գոչունյանի «Ժառանգորդը» (1901), Զապել Եսայանի «Կեղծ հանճարներ» (1905), Երուխանի «Ամիրային աղջիկը» (1908), Օննիկ Չիֆթե-Սարաֆի «Միամիտի մը արկածները» (1908), «Խորհրդաւոր աղջիկը» (1909) վեպերում նկատելի են նատուրալիզմի որոշակի դրսևորումներ։

Այդ ժամանակաշրջանի հայ գրակ-յան բարձրագույն նվաճումն արտահայտվել է քնարերգության մեջ։ Ասպարեզ են եկել ոչ միայն ընդգծված անհատականություններ, այլև ձևավորվել են գրական հոսանքներ և ուղղություններ, որոնք հայ պոեզիան մոտեցրել են համաշխ. քնարերգությունը։

Հայ գրակ-յան մեջ ազգային բնավորության, իդեալների և գեղարվեստական ավանդույթների կրողն ու մարմնավորողը Հովհաննես Թումանյանն է. նա հայտնի է դարձել 1890-92-ին հրատարակված «Բանաստեղծութիւններ» (հ. 1-2) ժող-ներով։ Թումանյանի պոեզիային բնորոշ է մարդու տիեզ. կեցության, ժամանակի, տարածության, հավերժականի ու անցավորի թեմաները։ Բանաստեղծություններում և պոեմներում անդրադարձել է հայրենիքի, ազգի խնդիրներին, նահապետական գյուղի սոցիալ-կենցաղային հակասություններին («Հայոց վիշտը», «Հայոց լեռներում», «Հայրենիքիս հետ», «Անուշ», «Լոռեցի Սաքոն», «Մարոն»)։ «Դէպի Անհունը» (1894) պոեմում արտացոլել է կյանքի ու մահվան առեղծվածը։ Բալլադների հիմքում հայկական և արևելյան լեգենդներն ու ավանդություններն են («Ախթամար», 1892, «Թմկաբերդի առումը», 1902, «Փարուանա», 1903, «Հսկան», 1908, «Մի կաթիլ մեղր», 1909, «Աղաւնու վանքը», 1913, «Թագաւորն ու չարչին», 1917)։ Հայ արձակի լավագույն էջերից են Թումանյանի պատմվածքները («Գիքոր», 1895) և մանկ․ չափածո ու արձակ գործերը («Շունն ու կատուն», 1886, հրտ.՝ 1892, «Անբախտ վաճառականներ», 1886, հրտ.՝ 1899)։

XX դ-ի սկզբին հայ գրակ-յան մեջ գերիշխող էր ռոմանտիկ․ հոսանքը։ Դա ազգային դաս. ռոմանտիզմի պարզ շարունակությունը չէր. ավանդ․ հատկանիշներն այստեղ միաձուլվել են սիմվոլիզմին և կոչվել «նեոռոմանտիզմ»։ Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունների առաջին՝ «Երգեր ու վէրքեր» (1894) ժող-ը նոր խոսք էր հայ պոեզիայում։ Այս և հետագա ժող-ներում («Բանաստեղծութիւններ», 1903, «Հայրենի աղբիւրից», 1920) գերակա են նեոռոմանտիկ. տարրերը։ Իսահակյանի չափածո և արձակ գործերի գլխավոր թեման սերն է, կարոտը, հայրենիքը, մայրը («Դարդս լացեք, սարի սմբուլ», «Սիրեցի, յարս տարան», «Էս ճամփեն ոլոր-մոլոր», «Մայրիկիս», «Դարդս սրտիս, աղքատ ու խեղճ», «Լիլիթ», «Հավերժական սեր»)։ Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» (1909-11) պոեմի քնար․ հերոսը տիրող պայմաններից խորապես դժգոհ, աշխարհին մարտահրավեր նետող և հպարտ միայնության մեջ ապրող, մե՛րթ ընդվզող, մե՛րթ հուսահատ անհատն է։ Իսահակյանի պոեզիան ժողովրդական իդեալների ու ձգտումների պոեզիա է, որտեղ նա կյանքի և գոյի իմաստը որոնել է իմաստուն Արևելքի կենսափիլ-յան մեջ («Անանդան և մահը», «Շիդհարը», «Ուշինարա», «Սաադիի վերջին գարունը»)։ Նրա արձակում բացառիկ արժեք ունի «Ուստա Կարո» (1910) վեպը։

Ազգային հեղ. սերնդի ականավոր բանաստեղծը Սիամանթոն է, որի «Դիւցազնօրէն» (1902) առաջին ժող-ը հայ երիտասարդներին ուղղված պայքարի պատգամ