Էջ:Armenia Encyclopedia.djvu/623

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նաիրի Զարյանը, զեկուցել է Դրաստամատ Տեր-Սիմոնյանը։ Հայ գրակ-ն աստիճանաբար ներքաշվել է համամիութ. գրական շարժման մեջ։

1920-30-ական թթ-ին հիմնադրվել են «Մուրճ», «Նորք», «Նոր ուղի», «Գրական դիրքերում», «Խորհրդային գրականություն», «Վերելք», «Նոր ակոս», «Գրական թերթ», «Երիտ-գրող» (բոլորն էլ՝ Երևանում), «Դարբնոց», «Հայարտուն», «Գրական շաբաթ», «Դիրքերում», «Լուսաբաց» (բոլորն էլ՝ Թիֆլիսում), «Վիշկա» (Բաքու), «Քուրա» (Մոսկվա) պարբ-ները, որոնք իրենց շուրջն են համախմբել գրական ուժերը։

Գրակ-յան խնդիրներին անդրադարձել է նաև կուս. մամուլը («Խորհրդային Հայաստան», «Մարտակոչ»)։

Այդ տարիների հայ գրակ-յան գլխավոր հարցադրումները եղել են «հնի» և «նորի» սահմանաբաժանի, հանրապետության տնտեսական վերելքի, Արևելքի և Արևմուտքի աշխատավորության և քաղաքական վարչակարգերի (դաշնակցություն, բոլշևիկներ) հանդեպ ունեցած վերաբերմունքի, գյուղի և քաղաքի, նոր կենցաղի, մարդկային հարաբերությունների և երկրի սոցիալական վերափոխությունների հարցերը, որոնք անմիջական արձագանք են ունեցել պոեզիայում, արձակում և թատերագրության մեջ։ Բանաստեղծ. նոր որոնումներն արտացոլվել են Ե. Չարենցի «Ամենապոեմ» (1920-21), «Չարենց-Նամե», «Ռոմանս անսեր» պոեմներում, «Պոեզոզուռնա» (երեքն էլ՝ 1922), «Կոմալմանախ» (1924) ժող-ներում, Ա. Վշտունու «Հուզանք ու զանգ» (1923), “Neo orientalia“ (երկուսն էլ՝ 1923), «Սալամնամե» (1924), Գ. Աբովի «Միայն կինը» (1919), «Դանակը բկին» (1923), Գուրգեն Մահարու «1920?-1923!» (1923), «Տիտանիկ» (1924), Վահրամ Ալազանի «Հրաբխապոեզիա։ Ժայթքում առաջին» (1923), «Աշխատանքային» (1924) , Ն. Զարյանի «Հրանուշը» (1925), «Չին աղջիկ», «Ջրանցքի կապույտ երկրում», «Նոյեմբերյան օրերին» (երեքն էլ՝ 1926) գրքերում։

Այս ժող-ները և առանձին շատ երկեր գեղարվեստական առումով թերի էին։ Սա, իհարկե, անցումային փուլ էր, և երկաթի ու արագության գովերգի մեջ, թեկուզ լեզվ. անկատարությամբ ու ձևական խեղումներով, որոնվել է վաղվա երգի ճանապարհը։

Նույն այս շրջանում արձակի ձևավորմանը նպաստել են Ե. Չարենցի «Երկիր Նայիրի» վեպը (գրել է 1921-24-ին, տպագրվել է 1922-25-ին «Նորք» հանդեսում, առանձին գրքով՝ 1926-ին), Ստեփան Զորյանի «Ցանկապատ» (1923), «Պատերազմ» (1925), Ա. Բակունցի «Մթնաձոր» (1927) պատմվածքների ժող-ները, Դ. Դեմիրճյանի, Մովսես Արազու պատմվածքներն ու վիպակները։ Արձակագիրների գլխավոր խնդիրը նոր մարդու հոգեբանության պատկերումն էր, անձն. ու քաղաքաց. պարտավորությունների ճշգրտումը։ Երգիծանքի ասպարեզում մեծ հաջողությունների են հասել Լեռ Կամսարը («Անվավեր մեռելներ», 1924, «Ազգային այբբենարան», 1926, «Վրիպած արցունքներ», 1934), Մաթևոս Դարբինյանը («Կիկոսը», 1929)։

Թատերագրության առաջին փորձերն արել են Ե. Չարենցը («Կապկազ թամաշա», 1923), Դ. Դեմիրճյանը («Քաջ Նազար»,1923), Գ. Մահարին («3 ագիտօպերետ», 1924)։

1920-ական թթ-ի կեսերից կարևորվել է կյանքի խոր և բովանդակալի պատկերումը, պայքար է մղվել արդեն իսկ արմատավորված ու խորացող գաղափարական սխեմատիզմի դեմ։ Այդ հարցերի շուրջ ծավալվել են բանավեճեր, և գրապայքարի բովում ստեղծվել են հայ գրակ-յան նորագույն շրջանի դաս. արժեքները՝ Չարենցի «Խմբապետ Շավարշը» (1929) պոեմը, «Էպիքական լուսաբաց» (1930), «Գիրք ճանապարհի» (1933-34) ժող-ները, 1935-37-ին գրած անտիպ ժառանգությունը, Մահարու «Բարդիներ» (1928) և «Մրգահաս» (1933) ժող-ները, «Մանկություն» (1928) և «Պատանեկություն» (1930) վիպակները, Բակունցի «Սև ցելերի սերմնացանը» (1933) պատմվածքների ժող-ը, «Կյորես» (1935) վիպակը, մամուլում հատվածաբար տպագրված «Կարմրաքար» և «Խաչատուր Աբովյան» (1935) վեպերը, Հովհաննես Շիրազի «Գարնանամուտ» (1935) ժող-ը, Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» (1933), Զապել Եսայանի «Կրակե շապիկ» (1934), Մկրտիչ Արմենի «Հեղնար աղբյուր» (1935), «Սիլիհտարի պարտեզները» (1935), Զորյանի «Մի կյանքի պատմություն» (1935-39) վեպերն ու վիպակները, Շիրվանզադեի «Կյանքի բովից» (1932) հուշագրությունը: