Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/628

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1961, «Դեպի խորքը լեռան», 1971), Հ. Հովհաննիսյանը («Հրաշալի այգեպան», 1956, «Ծովի լռությունը», 1964), Վ. Դավթյանը («Լուսաբացը լեռներում», 1957, «Թոնդրակեցիներ», 1961, «Գինու երգը», 1966, «Ծուխ ծխանի», 1969), Մ. Մարգարյանը («Ձնհալից հետո», 1965) և ուր.։

Գրակ-յան մեջ առավել խորությամբ են անդրադարձել պատմ. անցյալին (Վ. Խեչումյան, «Գիրք պանդխտության», 1959, «Գիրք լինելության», 1966-71, Զարզանդ Դարյան, «Սայաթ-Նովա», 1960-63, Ս. Խանզադյան, «Մխիթար Սպարապետ», 1961, Հ. Ղուկասյան, «Ոսկան Երևանցի», 1962, Խաժակ Գյուլնազարյան, «Նռանի», 1971, Հայկ Խաչատրյան, «Տիգրան Մեծ», 1967-72, «Էրեբունի», 1968)։ Ավելի լայնորեն են արծարծվել Մեծ եղեռնի տարիների վերաբերյալ, Արմ. Հայաստանի հայաթափման, Հայաստանի Հանրապետության ստեղծման և Հայաստանի խորհրդայնացման պատմությունները (Միքայել Շաթիրյան, «Գարունը նորից եկավ», 1960, Հ. Քոչար, «Սպիտակ գիրք», 1965, Ստեփան Ալաջաջյան, «Եղեգները չխոնարհվեցին», 1966-67, Մ. Գալշոյան, «Կռունկ», 1969)։ Գրվել են Հայրեն. մեծ պատերազմի՝ ճակատի և թիկունքի կյանքը պատկերող վեպեր, վիպակներ (Բաղիշ Հովսեփյան, «Սերմնացանները չվերադարձան», 1962, Մկրտիչ Սարգսյան, «Կյանքը կրակի տակ», 1963, «Ճակատագրով դատապարտվածները», 1967 և «Սերժանտ Կարոն», 1970, Ռուբեն Հովսեփյան, «Ճիչ», 1970, Զորայր Խալափյան, «Երիցուկի թերթիկներ», 1971, Հովհաննես Մելքոնյան, «Ցրոնք արվարձանը», 1971, Ս. Խանզադյան, «Երեք տարի 291 օր», 1972)։ Ստեղծվել են մարդկային ճակատագրեր պատկերող գեղ. տարեգրություններ (Շահեն Թաթիկյան, «Նրա ճանապարհը», 1956-62, Զ. Խալափյան, «Որտե՞ղ էիր, մարդ աստծո», 1966), ուղեգրություններ (Ս. Կապուտիկյան, «Քարավանները դեռ քայլում են», 1964, Վ. Պետրոսյան, «Հայկական էսքիզներ», 1969)։ Տպագրվել են գործեր ստալինյան ժամանակաշրջանի հալածանքների, սիբիրյան ճամբարների վերաբերյալ (Գ. Մահարի, «Սև մարդը», «Արջը ծխամորճով», «Անմեղ մեղավորներ», «Գիշեր», 1971-72, Մ. Արմեն, «Պատվիրեցին հանձնել ձեզ», 1964)։

1950-60-ական թթ-ի արձակի ուշադրության կենտրոնում եղել է նաև ժամանակակից կյանքը։ Այդ առումով առանձնանում է Հ. Մաթևոսյանի ստեղծագործությունը, որի հիմն. նյութը գյուղն է («Օգոստոս», 1967, պատմվածքների ժող.)։ Գրակ-յան մեջ հաստատուն տեղ է ունեցել նաև ժամանակակից քաղաքի կյանքը։ Հիշատակելի են Ս. Խանգադյանի «Քաջարան» (1964), Պ. Զեյթունցյանի «Կլոդ Ռոբերտ Իզերլի» (1964), Վ. Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» (1970) և ուր. (Գ. Բես, Մ. Խերանյան, Բենիկ Սեյրանյան, Գ. Սևան, Կ. Սուրենյան, Բագրատ Ուլուբաբյան) վեպերը, վիպակներն ու պատմվածքները։

Ակնարկի և հրապարակագրության ասպարեզում սուր քննադատ. հոդվածներով հանդես են եկել Զորի Բալայանը, Մարգո Ղուկասյանը և ուր.։

Թատերագրությունը ներկայացել է Արամաշոտ Պապայանի «Կատակերգություններ» (1962), Գ. Տեր-Գրիգորյանի «Գարնան անձրև» (1962), Գ. Բորյանի «Երեք դրամա» (1963) և «Նույն հարկի տակ» (1972), «Տասը տարի» (1969) ժող-ներով։ Թատերագրության մեջ իրենց ավանդն ունեն նաև Ազատ Շահինյանը, Գևորգ Հարությունյանը, Ժիրայր Անանյանը և ուր.։

1971-85-ի հայ գրակ-ը թեև հստակ սահմանագծով չի առանձնացել նախորդ շրջանի գրապատմ. փուլից, այնուամենայնիվ, այդ տարիները հատկանշվել են մի շարք առանձնահատկություններով, առաջին հերթին՝ բարձր գեղարվ-ի որոնմամբ և այն չափանիշներով, որը հետագայում բնորոշվել է որպես լճացման շրջան, շարժում և ընդդիմադիր շարժում։

Տնտ. ու բարոյական անկմամբ սկիզբ է առել ամեն ինչ քողարկելու քաղաքականությունը. արգելվել է խոսել 1937-ի ու 1949-ի հալածանքների, աքսորների, գնդակահարությունների, պատմության և արդի շատ հարցերի մասին։ Կյանքի գունազարդումը պարտադրվել է գրակ-յանն ու արվ-ին։ Մարդը՝ ներքին դրամատիզմով ու քննական հայացքով, նորից հետ է մղվել, քննադատությունն սկսել է խնկարկել պաշտոնյա գրողներին, ծայր են առել խմբակայնությունը, անառողջ պայքարը։

Գրական լուրջ արժեքների դեմ ուղղված պայքարն սկսվել է դեռևս 1969-ից, երբ դադարեցվել է Պ. Սևակի «Եղիցի