Հայերի ամենավաղ առնչությունը տպագրության արվ-ին եղել է XIV դ-ում, երբ վենետիկցի հայ նավապետ Անտոն Հայկազունը Մարկո Պոլոյի, Հայր Օդերիկի և ուր. հետ մասնակցել է գրքեր տպագրելու չին. «գաղտնիքը» Արմ. Եվրոպա բերելու արշավանքին։
XV դ-ի կեսերին գերմանացի Յոհան Գուտենբերգի տպագրության գյուտը խոշոր հեղաշրջում էր հաս. և տնտ. կյանքում։ Տպագրության սկզբնավորումից մինչև 1500-ը անվանվում է խանձարուրային (լատ.՝ ինկունաբուլա) շրջան, իսկ գրքերը՝ խանձարուրային գրքեր։
Խանձարուրային հայ. հրատ-ներ չկան։ Հայ. առաջին տպագիր տեքստը 1475-ին Մայնցում լույս տեսած Յոհան Շիլդբերգերի «Ուղեգրություններ» գրքում (մի քանի գլուխ նվիրված է Հայաստանին) զետեղված լատինատառ «Հայր մեր» աղոթքն է։ 1486-ին նույն քաղաքում Բրայդենբախի հրատարակած գրքերից մեկում տեղ է գտել հայ. փայտափորագիր այբուբենը, որը մեսրոպյան տառերի առաջին տպագիր օրինակն է։
Հայ տպագրության պատմությունն ունի 3 շրջան՝ հայ գրքի հնատիպ շրջան՝ 1512-1800 (հնատիպ գրքեր), հայ գրքի նոր շրջան՝ 1801-1918 (նորատիպ գրքեր) և Հայաստանի պետականության շրջանի հայ գիրքը՝ 1918-ից ցայսօր՝ Սփյուռքի հայ գիրքը ներառյալ։
Հայ. գրքերի առաջին տպագրիչը Հակոբ անունով մի հայ հոգևորական է եղել, որի անվանը հետո ավելացվել է «Մեղապարտ» մականունը (ըստ նրա թողած հիշատակարանի)։ Հռոմի պապից հայերեն գրքեր տպագրելու թույլտվություն ստանալով՝ Հակոբ Մեղապարտը Վենետիկում (այս քաղաքն իր ավելի քան 200 տպարաններով XVI դ-ի սկզբին դարձել էր Եվրոպայի տպագր. կենտրոնը) կահավորել է տպարան, ըստ իր գծագրած նմուշների՝ ձուլել է տվել հայերեն տպատառեր և սկսել տպագրել իր մոտ եղած ձեռագիր մատյանները։ 1512-ին Մեղապարտը լույս է ընծայել հայերեն առաջին տպագիր գիրքը՝ Ուրբաթագիրքը, որը միջնադարյան աղոթագիրք-բժշկարան է. գրքում, ի թիվս այլ բնագրերի, զետեղված է նաև Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի 41-րդ գլուխը։
Հայատառ առաջին գիրքը Հայաստանից այդքան հեռու տպագրվելն ուներ քաղաքական լուրջ պատճառներ՝ պետականության բացակայություն, անկայուն քաղ. իրավիճակ, շարունակական պատերազմներ, Եվրոպայի մշակութային կենտրոնների հետ բավարար հարաբերությունների բացակայություն ևն։ Այս պայմաններում Հայ եկեղեցին էական դեր է կատարել հայ հաս-քաղաքական և մշակութ. կյանքում։ Ճնշման և հալածանքների պայմաններում դժվարացել էր նաև գրչագիր մատյանների ստեղծումն ու տարածումը, ուստի եկեղեցու շատ ներկայացուցիչներ հասկացել են, որ միայն տպագրության միջոցով կարելի է լրացնել գրքերի պակասը։ Եվ քանի դեռ Հայաստանում տպարաններ չկային, ստիպված էին գրքեր տպագրել Եվրոպայում և փոխադրել Հայաստան ու հայաբնակ այլ վայրեր։
1513-ին Հակոբ Մեղապարտը հրատարակել է ևս 4 գիրք (ըստ տպագրման հերթականության)՝ Պատարագատետր (պատարագի արարողության ծիսակարգային ձեռնարկ), Աղթարք (պարունակում է աստղագուշակություն, միջնադարյան զանազան սնահավատություններ և բժշկարան), Պարզատումար (36 տարիների օրացույց է և գուշակություններ), Տաղարան (միջնադարյան հայ հեղինակների՝ Ներսես Շնորհալու, Ֆրիկի, Մկրտիչ Նաղաշի, Հովհաննես Թլկուրանցու և ուր. ստեղծագործությունների ժող.)։
Պատարագատետրի վերջում կա հիշատակարան. «Գրեցաւ սուրբ տառս ի ՋԿԲ, ի աստուածապահ քաղաքս ի Վէնէժ, որ է Վենետիկ, Ֆռանկստեան, ձեռամբ մեղապարտ Յակոբին։ Ով որ կարդայք, մեղաց թողութիւն խնդրեցեք Աստուծոյ» (աշխարհաբարը՝ «Այս սուրբ տառերը գրվեցին 962 (+ 551 = 1513)-ին, Վենեժ աստվածապահ քաղաքում, որն է Վենետիկ՝ Ֆրանկստան, մեղապարտ Հակոբի ձեռքով։ Ով որ կարդա, թող մեղքերիս թողություն խնդրի Աստծուց»)։
Հակոբ Մեղապարտի գրքերի տպագրությունը երկգույն է՝ սև և կարմիր։ Նա