Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/633

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընդմիջումներով գործել է մինչև 1908-ի վերջը (վերաբացվել է 1997-ին)։ Թումանյանի գլխավորությամբ խմբակի հիմնադիր անդամները (Ղ. Աղայան, Ա. Իսահակյան, Լ. Շանթ, Դ. Դեմիրճյան) կազմակերպել են ընթերցումներ, գրական զրույցներ, քննարկել գրակ-յանն առնչվող հարցեր։ Հայաստանի առաջին հանրապետության և հատկապես ՀԽՍՀ-ի ստեղծումից հետո հայ գրողների զգալի մասը տեղափոխվել է Հայաստան։

1912-ին Թիֆլիսում հիմնադրվել է Հայ գրողների կովկասյան ընկերությունը (նախագահ՝ Հ. Թումանյան), որի նպատակը նյութ. օժանդակություն կազմակերպելն էր հայ գրակ-յան, գիտության ու լրագրության ոլորտների աշխատողներին։ Ընկերության ջանքերով ու միջոցներով 1914-ին Թիֆլիսի Սբ Գևորգ Եկեղեցու գավթում կանգնեցվել է Սայաթ-Նովայի մահարձանը, հրատարակվել նրա ստեղծագործությունների ժող-ը։ Այդ ժամանակներից, որոշ ընդմիջումներով, ամեն տարվա մայիսի վերջին կիրակին տոնվում է Սայաթ-Նովայի հիշատակին նվիրված Վարդատոնը։ Ընկերությունը գոյատևել է մինչև 1921-ը։ Վրաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո ընկերությունը վերակազմավորվել է Հայ գրչի մշակների միության և ընդգրկվել «Հայարտուն» կազմակերպության մեջ։

Թիֆլիսում գործել է նաև Վրաստանի պրոլետ. գրողների ընկերակցության հայկ. մասնաճյուղը, որը, 1926-ին միավորվելով «Հայարտան» գրական բաժանմունքի հետ, կոչվել է Հայ գրողների միություն և 1934-ին, որպես Վրաստանի գրողների միության մասնաճյուղ, ընդգրկվել է ԽՍՀՄ գրողների միության մեջ։ 1956-ից հայկ. մասնաճյուղը հրատարակել է «Ալմանախ» տարեգիրքը (1960-92-ին կոչվել է «Կամուրջ», վերահրատարակվել է 2002-ին, հրատարակել է 5 պրակ)։

Թիֆլիսում ապրել և ստեղծագործել են Բագրատ Այվազյանը, Հակոբ Աղաբաբը, Հակոբ Հակոբյանը, Սուրեն Ավչյանը, Մարտին Քարամյանը, Բենիկ Սեյրանյանը, Մկրտիչ Ասլանյանը, Ջավախքում՝ Վիկտոր Հովսեփյանը, Օքրո Օքրոյանը և ուր.։ Ներկայումս այնտեղ գործում է Վրաստանի Հայ գրողների միությունը (նախագահ՝ բանաստեղծ Գևորգ Սնխչյան), որի անդամները (Գիվի Շահնազար, Նազարեթ Կիրակոսյան, Միքայել Ախտյան, Գուրի Եթեր, Անահիտ Բոստանջյան, Սիլվա Սիփանուհի, Գևորգ Հայասա և ուր.) ակտիվորեն մասնակցում են Թբիլիսիում, Ջավախքում, Ծալկայում, Բոլնիսում և այլուր կազմակերպվող գրական-մշակութային միջոցառումներին։

1998-ից միությունը հրատարակում է «Վերնատուն» տարեգիրքը (լույս է տեսել 8 համար)։ 1998-ից գործում է նաև միության «Գրական ծիլեր» երիտասարդ. ակումբը։

1860-ական թթ-ին հայ գրական կյանքը սկզբնավորվել է նաև Բաքվում։ Հայոց մարդասիր. ընկերության գրադարան-ընթերցարանում կազմակերպվել են գրական երեկոներ։ 1874-ին սկսել է տպագրվել «Սոխակ Հայաստանի» երգարանը (խմբ.՝ Գրիգոր քահանա Գրիգորյան), որտեղ ընդգրկվել են հայ աշուղների և բանաստեղծների ստեղծագործությունները։ Իրենց գրական առաջին քայլերը Բաքվում են արել Շիրվանզադեն, Հակոբ Հակոբյանը։ 1880-ական թթ-ի վերջին գործել է «Հույս» գրական միությունը, 1890-ական թթ-ի կեսին՝ «Օջախ» գրական խմբակը, որի աշխատանքներին մասնակցել են նաև Ղ. Աղայանը, Հ. Թումանյանը, 1910-ական թթ-ին՝ Հայ գրական-գեղարվեստական ակումբը։ 1923-ին կազմակերպվել է Բաքվի «Հայարտուն» գրական-մշակութ. կազմակերպութունը, որի գրական մասնաճյուղի հիման վրա ստեղծվել է Հայ պրոլետ. գրողների ասոցիացիան։ 1925-ին հրատարակվել են «Հայարտուն» և «Վիշկա» (ռուս.) գրական հանդեսները։ Բաքվի գրական միջավայրում են ձևավորվել բանաստեղծներ Աշոտ Գրաշին, Թաթուլ Հուրյանը, Սամվել Գրիգորյանը, Համո Սահյանը, Աթանես Սենալը, Պահարեն, արձակագիրներ Գարեգին Բեսը, Մարգար Դավթյանը, դրամատուրգներ Ալեքսանդր Քիշմիշյանը, Արշավիր Դարբնին, Արարատ Բարսեղյանը։ 1932-41-ին լույս է տեսել «Խորհրդային գրող» ամսագիրը, վերահրատարակվել է 1957-89-ին՝ «Գրական Ադրբեջան» (երկամսյա) անվամբ [խմբ-ներ՝ Ս. Գրիգորյան (1956-81), Վ Աբրահամյան (1981-89)]։ Ադրբեջանում հայ գրական կյանքը շարունակվել է մինչև 1970-80-ական թթ., երբ հայերի նկատմամբ վարվող ազգային խտրական քաղաքականության պատճառով փակվել են հայկ. մշակութային կենտրոնները, որին հետևել են 1989-90-ական թթ-ի զանգվածային բռնություններն ու հայերի արտագաղթը։

Էսթեր Խանիկյան