Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/638

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայկ. տպագրության սկզբնավորումից 260 տարի անց՝ 1771-ին Սիմեոն Երևանցի կաթողիկոսը Էջմիածնում հիմնադրել է Հայաստանում 1-ին տպարանը (Գրիգոր Ա Լուսավորչի անունով) ու թղթի գործարան և 1772-ին լույս ընծայել անդրանիկ՝ «Զբօսարան հոգեւոր» գիրքը։ Էջմիածնի տպատառերը, տպագր. մամուլը, այլ պարագաներ պատրաստել են տեղում, գլխավորապես՝ ոսկերիչ Հարություն Էջմիածնեցին։ Մինչև XVIII դ-ի վերջն այնտեղ տպագրվել է 14 անուն գիրք՝ Տօնացոյց (1, 2, 1774, 1775), Սիմեոն Երևանցու «Պարտավճար» (1779-1783) և «Տաղարան» (1793) գրքերը, Ժամագիրք (1785), Սաղմոսարան (1787), Շարակնոց (1789) ևն։

1772-ին Մադրասում (Հնդկաստան) Շահամիր Շահամիրյանը հիմնադրել է հայկ. 1-ին տպարանը՝ իր որդու՝ Հակոբի անունով։ Այնտեղ լույս են տեսել Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ որ կոչի յորդորակ» (1772), Շ. Շահամիրյանի «Տետրակ որ կոչի նշաւակ» (1783) և «Որոգայթ փառաց» (1788-89) աշխատությունները, վերջինս սահմանադրության առաջին նախագիծն է հայ իրականության մեջ և աշխարհում։

1794-ին Մադրասում լույս է տեսել նաև հայ պարբ. մամուլի առաջնեկը՝ «Ազդարարը» (տպագրվել է մինչև 1796-ը, վերահրատարակվում է 2007-ից Կալկաթայում)։ Ամսագրի նախաձեռնողը և խմբագիրը Հարություն քահանա Շմավոնյանն էր, որը մինչ այդ հրատարակել էր նաև գրքեր։

1781-ին Ս. Պետերբուրգում՝ նորջուղայեցի վաճառական Գրիգոր Խալդարյանի հիմնադրած տպարանում, հրատարակվել է «Տետրակ այբբենական» մայրենի լեզվի դասագիրքը, որը Ռուսաստանում տպագրված 1-ին հայերեն գիրքն է։ Մինչև 1788-ը այս տպարանը լույս է ընծայել 16 գիրք՝ «Կրթութիւն քրիստոնեական»-ը (1782), «Սկզբունք քաղաքական ուսմանց»-ը (1785), Ներսես Շնորհալու «Յիսուս Որդի»-ն (1785), Եղիշեի «Պատմութիւն Վարդանանց»-ը (1787), Կլեոպատրա Սարաֆյանի «Բանալի գիտութեան»-ը (հայ. և ռուս., 1788), Գ. Խալդարյանի կազմած հայ-ռուս. բառարանը ևն։ Խալդարյանի մահից (1790) հետո Ռուսաստանի հայերի հոգևոր առաջնորդ Հովսեփ Արղությանը, որը հովանավորում էր տպարանի աշխատանքները, որպես Էջմիածնի սեփականություն այն տեղափոխել է Նոր Նախիջևան, հաստատել Սբ Խաչ վանքում, իսկ 1796-ին՝ Աստրախան։ Այս 3 քաղաքում մինչև դարավերջ տպարանը հրատարակել է շուրջ 50 անուն հայ. գրքեր։

Հայ գրքի հնատիպ շրջանում տպագրվել են ավելի քան 1000 անուն հայ. գրքեր. 369-ը՝ Կ. Պոլսում, 308-ը՝ Վենետիկում, 64-ը՝ Հռոմում, 63-ը՝ Տրիեստում, 59-ը՝ Ամստերդամում, 28-ը՝ Մադրասում, 26-ը՝ Մարսելում, 21-ը՝ Նոր Նախիջևանում, 16-ը՝ Ս. Պետերբուրգում ևն։ Այս շրջանում հայ. գրքեր են տպագրվել նաև Փարիզում, Միլանում, Բավիայում, Ցյուրիխում, Բեռլինում, Քյոլնում, Ֆրանկֆուրտում, Լվովում, Լիվոռնոյում, Լոնդոնում, Լայպցիգում, Սուչավայում, Պադուայում, Պարմայում, Հառլեմում, Նյուրնբերգում, Նոր Ջուղայում, Զմյուռնիայում (Իզմիր), Էջմիածնում, Կալկաթայում, Աստրախանում։ Հայ տպագրության 1-ին շրջանում չի եղել հրատարակչության և տպարանի հստակ բաժանում, տպագրիչը նաև խմբագիրն էր, սրբագրիչը, հրատարակիչը։

Հայ գրքի նոր շրջանը

Հայ գրքի նոր շրջանի (1801-1918) բնորոշ առանձնահատկություններից է աշխարհաբար հրատարակվող գրքերի թվի կտրուկ աճը. XVII դ-ում տպագրվել է ընդամենը 3 անուն գիրք, XVIII դ-ում՝ 20, XIX դ-ի 1-ին կեսին՝ 320 անուն, իսկ դարավերջին՝ հրատարակվող գրքերի մեծ մասը։ Այս շրջանում ևս հայկ. տպագրությունը շարունակել է զարգանալ հիմնականում Հայաստանից դուրս։ Հաս. մտքի զարգացումը, տեխնիկայի, արտադրության աննախընթաց վերելքը, նորանոր գյուտերն առանձնակի ազդեցություն են ունեցել տպագր. գործի վրա։ Լուսանկարի գյուտը, շարելու լինոտիպ մեքենան, ինչպես նաև տպագիր թերթերը կարելու մեքենաները տպագրության մեքենայացման հնարավորություն են ստեղծել։

Հայկ. նոր տպագրաօջախներ են ստեղծվել բազմաթիվ այլ քաղաքներում։ XIX դ-ի 1-ին կեսին հայ. գրքեր են տպագրվել Վիեննայում (1812), Մոսկվայում