Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/644

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զբաղվել են Հրաչյա Աճառյանը, Գարեգին Սրվանձտյանը, Նիկողայոս Մառը, Ֆրեդերիկ Մակլերը, Ֆրեդերիկ Կոնիբերը, Բարսեղ Սարգսյանը և ուր.։ Կազմվել են Հայաստանի տարբեր վանքերում, ուսումնարաններում, Ս. Պետերբուրգի, Փարիզի, Բեռլինի, Մյունխենի, Կրակովի, Գեռլայի և շատ այլ վայրերի գրադարաններում ու անհատների հավաքածուներում եղած հայ. ձեռագրերի ցուցակները։

ե. Հայ պարբերական մամուլի մատենագիտությունն սկզբնավորվել է 1850-ական թթ-ին. առաջին ծավալուն գործը Հարոյի (Նիկողայոս Տեր-Հարությունյան) «Հայոց մամուլը Ռուսաստանում եւ Կովկասի մէջ» (1878) աշխատությունն է։ Հետագայում լույս են տեսել Գրիգորիս Գալեմքյարյանի «Պատմութիւն հայ լրագրութեան. ի սկզբանէ մինչեւ մեր օրերը» (հ. 1, 1893, ընդգրկում է 1794-1860), Գարեգին Լևոնյանի «Հայոց պարբերական մամուլը» (1895), Մկրտիչ Պոտուրյանի «Հայ մամուլը տասնեւհինգ տարուն մէջ. 1894-1909» (1909) մատենագիտությունները։

զ. Ճյուղային մատենագիտության մեջ նկատելիորեն զարգացել է հատկապես հայագիտականը։ Հայ հին և միջնադարյան հեղինակների երկերը ներկայացնող մատենագիտ. աշխատություններից են Սուքիաս Սոմալյանի «Պատկեր հայկական դպրության» (1820) և «Ցուցակ թարգմանությանց նախնյաց» (1825, երկուսն էլ՝ իտալ.), Ստեփանոս Նազարյանի 2 ռուս. աշխատությունները՝ «Թռուցիկ ակնարկ...» (1844) և «Ակնարկ...» (1846), Քերովբե Պատկանյանի «Ցուցակ հայ գրականության. IV դ-ից մինչև XVII դ-ի կեսը» (ֆրանս., 1860), «Հայոց պատմական գրականության մատենագիտական ակնարկ» (ռուս., 1880), «Նշխարք մատենագիտութեան Հայոց» (1884), Կարապետ Եզյանի «Եւրոպական լեզուներով գրուած գրքեր եւ յօդուածներ» («Հանդես գրականական և պատմական», գիրք Գ, 1890) երկը, Սուքիաս Պարոնյանի «Մատենախօսութիւն հայկականը» («Բանասեր», 1900), Կարապետ Կոստանյանի «Հայագիտութիւնն Արեւմտեան Եւրոպայում», (1910), «Հայկական արձանագրութիւնների հաւաքածոյ-ուղեցոյց» (1913) աշխատությունները, ինչպես նաև Մ. Միանսարյանցի և Գ. Զարբհանալյանի վերը նշված երկերը ևն։

Հայ գրքի արձանագր. մատենագիտության դեր են կատարել պարբ-ներում, հատկապես «Հանդես ամսօրյա»-ում հաջորդաբար տպագրվող հայերեն ընթացիկ հրատ-ների ցանկերը։

4. Հայկական մատենագիտության նորագույն շրջանի (XX-XXI դդ.) խորհրդային փուլը (1920-1991) բնորոշվում է մի քանի առանձնահատկութուններով. մատենագիտական աշխատանքը դարձել է պետական, հայկ. մատենագիտության գլխավոր կենտրոնը դարձել է Երևանը, մատենագիտությունը՝ որպես ինքնուրույն մասնագիտություն, հստակորեն անջատվել է բանասիրությունից, կազմակերպվել է մատենագիտական միջնակարգ և բարձրագույն կրթություն։

ՀԽՍՀ Ժողկոմխորհի 1922-ի դեկտ-ի որոշմամբ ստեղծվել է ՀԽՍՀ պետ. գրապալատը (այժմ՝ Հայաստանի ազգ. գրապալատ, տնօրեն՝ Հովհաննես Բեքմեզյան)՝ որպես պետ. մատենագիտության կենտրոն (1995-ից՝ Ազգ. մատենագիտության կենտրոն), որն իրականացնում է ՀՀ-ում (1995-ից՝ նաև Սփյուռքում) լույս տեսնող տպագիր արտադրանքի մատենագիտ. պետ. գրանցումն ու հաշվառումը։ 1925-ից գրապալատը լույս է ընծայել հայ. առաջին մատենագիտական պարբ-ը՝ «Տպագրության տարեգիրը», որին հետևել են «Ամսագրային հոդվածների տարեգիրը» (1939-ից), «Լրագրային հոդվածների տարեգիրը» (1949-ից)։ 1995-ից հիշյալ մատենագիտ. ցանկերը, ինչպես նաև նույն թվականից լույս տեսնող «Սփյուռքահայ մամուլի տարեգիրքը» հրատարակվում են ամսական պարբերականությամբ տպագրվող ընթացիկ հրատ-ների ազգ. մատենագիտության «Հայ տպագրության տարեգիրք» (մինչև 1995-ը՝ «Տպագրության տարեգիր» պարբ-ում). ներառում է նաև «Սփյուռքահայ մամուլի», «Ատենախոսությունների սեղմագրերի», «Նոտաների», «Պատկերահրատարակությունների», «Գրախոսությունների» տարեգրքերը։

Գրապալատում կազմվել և հրատարակվել են Հովհաննես Պետրոսյանի «Հայ հին և միջնադարյան գրականության համառոտ բիբլիոգրաֆիա» (1941), «Սովետահայ գեղարվեստական գրականության բիբլիոգրաֆիա» (1949), «Հայ գրականության բիբլիոգրաֆիա» (1953), «Հայ պարբերական մամուլի բիբլիոգրաֆիա»