Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/652

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դեպի արմ. երկարացված մասով (Հաղպատ, XIII դ-ի սկիզբ, Մշկավանք, XIII դ., Գանձասար, 1240-66, Հաղպատում և Մշկավանքում խաչաձևվող կամարները կրկնակի են)։ Սանահինի (1215-35) և Հաղպատի (1245) համակառույցներում աչքի են ընկնում եկեղեցիներից առանձին կառուցված աշտարակաձև զանգակատները։

XII-XIII դդ-ի հայկական ճարտ-յան գլուխգործոցներից են Հաղպատի վանական համալիրի Սբ Նշան եկեղեցու գավիթը, Համազասպի ժամատունը, զանգակատունը, սեղանատունը։ Դարաշրջանի ճարտ-յան նշանավոր նմուշներից է Գեղարդի վանական ժայռափոր համալիրը (XIII դ.)՝ հայկ. ճարտ-յան վերգետնյա հորինվածքային ձևերով, գեղ. արտահայտչական հատկանիշներով, որտեղ նորովի են ներկայացվել ու մեկնաբանվել խաչաձևվող զույգ կամարներով հնարքը, գմբեթահարկ «ներգծված խաչը», 4 հենարանով կենտրոնակազմ գավթի հորինվածքը ևն։ Նոր ձևեր ստեղծելու համար կարևորվել են ժող. ակունքները, որն ակնհայտ է Առաքելոց վանքում, քարով վերամարմնավորվել է ժող. բնակարանի հազարաշեն ծածկը։ Գանձասարի վանքի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու (1216-38) գմբեթի թմբուկը՝ իր քանդակազարդերով, կտիտորների բարձրաքանդակներով և թեմատիկ հարթաքանդակներով, հազվագյուտ գեղ. ստեղծագործություն է։

Հատկապես XIII-XIV դդ-ում գեղ. արտահայտչականության խնդիրները դարձել են առաջնային, գեղարվեստականությունը հասել է գեղատեսիլության՝ դառնալով ճարտ. ստեղծագործության ամենաբնութագր. հատկանիշներից։ Դա առավել դրսևորվել է Աղջոց վանքի, Հառիճավանքի, Մակարավանքի, Նոր Վարագավանքի, Նորավանքի, Սպիտակավանքի և այլ կառույցներում։

Վանական համալիրների մեծ մասում (Տաթևի, Խծկոնքի, Հաղարծնի, Մարմաշենի, Հոռոմոսի, Գանձասարի, Ախթալայի վանքերը, Մակարավանք, Նորավանք, Գեղարդավանք, Սաղմոսավանք, Հովհաննավանք, Վարագավանք, Քոբայրավանք ևն) կառույցներն օրգանապես ներդաշնակված են բնության հետ։

Վանական համալիրները կազմավորվել են հարյուրամյակների ընթացքում, շին. մի քանի փուլերով և շինարար վարպետների տարբեր սերունդների ջանքերով, սակայն պահպանվել են դրանց ոճ. և գեղ. ամբողջականությունն ու միասնականությունը։

XIII դ-ի 1-ին կեսից մոնղոլ-թաթար. արշավանքների հետևանքով Հայաստանն ապրել է տնտեսական խոր անկում։ XIV դ-ի կեսերից շին. գործընթացը խիստ դանդաղել է, իսկ XV-XVI դդ-ում գրեթե դադարել է, և միայն XVII դ-ում ստեղծված բարենպաստ պայմանների շնորհիվ շարունակվել է շին-յան և ճարտ-յան զարգացումը։

XV-XVIII դարերի ճարտարապետությունը

XIII-XIV դդ-ում՝ մոնղոլ-թաթար. ցեղերի ասպատակություններից, XV-XVI դդ-ում թուրք-պարսկ. պատերազմներից հետո Հայաստանում միայն XVII դ-ի սկզբից համեմատաբար նպաստավոր պայմաններ են ստեղծվել երկրի վերականգնման և շին. գործունեության վերսկսման համար։ Կարճ ժամանակում կառուցվել են բազմաթիվ պաշտամունքային, քաղաքաց. շինություններ և ճարտ. համալիրներ։ Վերջիններս, ի տարբերություն IX-XIV դդ-ի համալիրների, ստեղծվել են միասնական մտահղացումով՝ շին. մեկ շրջանում, որը նպաստել է յուրաքանչյուր համալիրի ծավալատարած. միասնությանը և հատակագծային կանոնականությանը։ Հիմնականում ուղղանկյուն հատակագծով համալիրները շրջափակված էին պարիսպներով, որոնց պարագծով տեղաբաշխվել են բնակելի և տնտեսական շինությունները (Սյունիքում՝ Տաթևի Մեծ անապատ, Կնեվանք, Շատիվանք, Արցախում՝ Ամարաս, Այրարատում՝ Մուղնու Սբ Գևորգ, Նախիջևանում՝ Ագուլիսի Սբ Թովմա, Փառակայի Սբ Հակոբ, Ապրակունիսի Սբ Կարապետ և այլն)։ Որոշ դեպքերում վանքի եկեղեցուն արևմուտքից կցվել է գավիթ (Սբ Թովմա, Էրեմերի Սբ Աստվածածին, Կտուց անապատ, Մուշի Սբ Առաքելոց, Աստապատի Կարմրավանք ևն)։

XII դ-ի վանական համալիրներին բնորոշ է հորինվածքներում պաշտամունքային և պաշտպան. խնդիրների զուգակցումը։ XVII-XVIII դդ-ում պաշտպան.