գերիշխող բուսատեսակների սերմնային վերաճի թուլացում, որի հետևանքով փոխվել է արժեքավոր բուսատեսակների համակեցութային պոպուլացիաների հասակային կազմը (ավելացել են չծաղկող հասակավոր պոպուլացիաները,պակասել՝ երիտասարդները)։
Ալպյան գորգերի խոտի սննդային և կերային արժեքները շատ բարձր են, որոնք պայմանավորված են վիտամինների, սպիտակուցների, ճարպերի, հանք. և բուրավետ նյութերի յուրահատուկ բաղադրությամբ։ Ալպյան մարգագետինների գետնամերձ խոտածածկն օգտագործվում է միայն որպես արոտավայր, որի պատճառով նկատվում է օգտակար բուսատեսակների քանակի նվազում, իսկ ցածրարժեքների (տատասկ, ոջլախոտ, հրանունկ ևն)՝ արագ աճ ու բազմացում։
Ճահճային բուսականությունը զբաղեցնում է հանրապետության տարածքի ընդամենը 15 հզ․ հա մակերեսը։ Փոքր զանգվածներով հանդիպում է բոլոր գոտիներում, գետերի ու լճերի մերձափնյա մասերում, խոր ձորերում ու կիրճերում, գրունտային ջրերով հարուստ հարթություններում, աղբյուրների ու ձյան հալոցքների շուրջը։ Ճահիճները, չնայած իրենց զբաղեցրած փոքր տարածությանը, աչքի են ընկնում բուսատեսակների բազմազանությամբ (հայտնաբերվել է շուրջ 417 տեսակ)։ Յուրաքանչյուր գոտի ունի իր ուրույն ճահճային բուսականությունը. տարածված են բոշխը, ճահճախոտը, մակարդախոտը, ապուզանը, կնյունը, կերոնը, շամբը, պալարեղեգը, եղեգը, կարապածաղիկը, մացառեղեգը ևն։ Լեռն. ճահիճներում աճում են նաև շուրջ 100 տեսակի մամուռներ (այդ թվում՝ տորֆամամուռ և լյարդամամուռ), կան նաև տորֆային նստվածքներ։ Բնական ճահճուտների չորացումը, բացի դրականից, ունեցել է նաև բացասական ազդեցություն, միայն Սևանա և Գիլլի լճերի ճահիճների չորացման հետևանքով հանրապետության տարածքից հեռացել են ավելի քան 30 արժեքավոր ջրաճահճային թռչուններ, ոչնչացել է ավելի քան 40 բուսատեսակ (Զեդելմեյերի մարգացնծու, աբեղախոտ, կիզխոտ ևն)։
Ջրային բուսականություն։ ՀՀ-ն ունի բավական հարուստ և բազմազան ջրային բուսականություն։ Հայտնաբերվել են 60-ից ավելի ծաղկավոր ջրային բույսեր (հիդրոֆիտներ)։ Դա պայմանավորված է ջրավազանների էկոլոգ. և բուսաաշխարհագր. բազմազանությամբ ու տարաբաշխմամբ։ Լ-զանգվածների ալպյան գոտին հարուստ է լճերով (Կապուտան, Ծաղկարի, Գազանա ևն), սակայն ցրտաշունչ կլիմ. պայմանների պատճառով ջրային բուսականություն չի աճում։
Միայն Քարի լճում (3200 մ) է աճում վարսագեղը (ջրաստղ)՝ ծաղկավոր բույսերից միակը։
ՀՀ-ում գետերը հոսում են խոր ձորերով ու կիրճերով և սրընթաց են, ուստի ջրային բույսեր չեն կարող աճել։ Սակայն շատ ջրային մամուռներ (լյարդամամուռ, ֆոնտինալիս ևն) հարմարվել են այդ պայմաններին։
Ջրային բուսականությունն առանձնապես լավ է զարգացած Սևանա, Պարզ, Տզրկածով և այլ լճերում, Արփի ջրամբարում (շերեփուկախոտ, ջրոսպ, բյուրատերևուկ, ռիչիա, խորշաբույս, տարբեր ջրիմուռներ ևն)։ Լոռու մարզի լճակներում աճում են ՀՀ-ի համար հազվագյուտ ջրային բույսեր (սպիտակ և դեղին ջրաշուշաններ, փոքր և միջին խորշաբույսեր, ծովոսպ ևն)՝ առաջացնելով նույնիսկ բուսուտներ։ Արարատյան դաշտի ջրային բուսականությունը