Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/691

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հրաչիկ Աբգարյանը, Հենրիկ Ավոյանը, Գագիկ Հախվերդյանը, Արազ Օրդինյանը, սանթուրահարներ Պետրոս Հովակիմյանը, Սարգիս Պետրոսյանը, նաև «Սինանյան նվագախումբը», ՀՀ ազգ. նվագարանների պետական, «Տկզար», «Վահագն», «Մրրո» նվագախմբերը, ՀՀ Հեռուստառադիոյի ժողովրդական գործիքների, Հայկական ժողովրդական երգի-պարի, Հայաստանի գուսան. և ժող. երգի պետ., «Սայաթ-Նովա» աշուղ. երգի, «Շողակն», «Նարեկացի» և այլ անսամբլները։

Ռոբերտ Աթայան
Խորհրդային շրջանի երաժշտությունը

Նախախորհրդային Հայաստանում երաժշտ. մշակույթի զարգացման հնարավորությունները սահմանափակ էին. չկային երաժշտ. դպրոցներ, օպերային թատրոն, սիմֆոնիկ նվագախումբ, մշտ. երաժշտ. կոլեկտիվներ ևն։

Խորհրդային կարգերի հաստատումից (1920) հետո Կառավարության հրավերով հայրենիք են վերադարձել մի շարք նշանավոր կոմպոզիտորներ, կատարողներ, երաժշտ. գործիչներ՝ Ալեքսանդր Սպենդիարյան, Ռոմանոս Մելիքյան, Սպիրիդոն Մելիքյան, Անուշավան Տեր-Ղևոնդյան, Ավետ Գաբրիելյան, Շարա Տալյան, Հայկանուշ Դանիելյան և ուր.։

1921-ին Երևանում Ռ. Մելիքյանի նախաձեռնությամբ բացվել է երաժշտ. ստուդիա, որի հիման վրա ստեղծվել է կոնսերվատորիան (1923, 1946-ից՝ Կոմիտասի անվ.), ապա դրան կից՝ սիմֆոնիկ նվագախումբ (ղեկ-ներ՝ Ա. Սպենդիարյան, Արշակ Ադամյան) և երգչախումբ (ղեկ.՝ Ս. Մելիքյան)։ Ստեղծվել են նաև ժող. և գուսան. երաժշտության կոլեկտիվներ, ժող. գործիքների (1927, ղեկ.՝ Արամ Մերանգուլյան, 1967-ից՝ նրա անվան), կամերային (Կոմիտասի անվան քառյակը, 1924, ևն) անսամբլներ, տպագրվել երաժշտ. գրականություն, հեռարձակվել են երաժշտ. ռադիոհաղորդումներ։ Կանոնակարգվել և ծրագրվել է համերգային կյանքը, որը ներառել է տեղի և հյուրեկ երաժիշտ կատարողների ելույթները։ 1925-ին Լենինականում (այժմ՝ Գյումրի) բացվել է երաժշտ. ստուդիա, 1929-ին Երևանում՝ երաժշտ. դպրոց (այժմ՝ Ա. Սպենդիարյանի անվ.)։

Խորհրդահայ երաժշտությունը պահպանել ու շարունակել է անցյալի ազգ. երաժշտ. մշակույթի լավագույն ավանդույթները, որտեղ մեծ ներդրում ունեին հատկապես այն կոմպոզիտորները, որոնք ստեղծագործել են նաև նախահեղափոխական շրջանում։ Ա. Սպենդիարյանը (1924-ից բնակվել է Երևանում) մեծապես նպաստել է ազգ. սիմֆոնիայի ինքնատիպ ոճի հաստատմանը, կոմպոզիտոր. դպրոցի, նրա գեղագիտական սկզբունքների, ոճ. առանձնահատկությունների ձևավորմանը, հայկ. երաժշտությունը հարստացրել է նոր թեմաներով, ընդարձակել ժանրերը, արտահայտչամիջոցները։ Այս շրջանում նրա ստեղծագործության մեջ նշանակալի են «Երևանյան էտյուդները» (1925, սիմֆոնիկ նվագախմբի համար), որի հիմքում բուն ժող. մեղեդիներ են, և «Ալմաստ» օպերան (1928, ըստ Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի)։ Օպերան աչքի է ընկնում մոնումենտալությամբ, երաժշտ. լեզվի հարստությամբ, կերպարների ռեալիստ. պատկերման խորությամբ, էպիկ. և հոգեբ. ժանրերի հատկանիշների զուգակցմամբ։ «Ալմաստը» ազգ. դաս. առաջին օպերան է և առանձնահատուկ տեղ ունի հայկ. երաժշտության պատմության մեջ։

Ռ. Մելիքյանի ստեղծագործության մեջ գերակշռում են երգն ու ռոմանսը։ Ազգ. ինքնատիպությամբ առանձնանում են նրա «Զմրուխտի» (հրտ.՝ 1928) և «Զառ-վառ» (հրտ.՝ 1949) վոկալ շարքերը, որոնք եզրափակում են հայկ. դաս. ռոմանսի ձևավորման շրջանը։

Ա. Տեր-Ղևոնդյանը «Սեդա» օպերայի (1922, ըստ Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրամայի), ազգ. սյուժեով ծրագրային սիմֆոնիկ առաջին երկերից՝ «Ախթամար» պոեմի (1923) հեղինակն է, գրել է նաև երգեր, խմբերգեր, ռոմանսներ։