Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/692

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սարգիս Բարխուդարյանի նրբակերտ դաշնամուրային մանրանվագները նկատելիորեն հարստացրել են դաշնամուրային երաժշտությունը, գրել է նաև «Նարինե» (1938) բալետը, «Քեռի Քուչի» (1945) մանկ․ օպերան, ռոմանսներ, մշակել ժողովրդական և աշուղ․ երգեր։

Հայկ. ազգ. դաշնամուրային երաժշտության հիմնադիրներից է կոմպոզիտոր Նիկողայոս Տիգրանյանը, որն առաջինն է ձայնագրել ու մշակել հայ աշուղների, դուդուկահարների և սազանդարների հորինած ու կատարած երգերը («Ձախորդ օրեր» և այլն), պարերը («Զուռնի տրնգի», «Ուզունդարա», «Վերվերի» և այլն ), նաև կատարել է մուղամների սիմֆոնիկացման հաջող փորձեր («Շահնազ», 1895, «Չարգյահ», 1896, և այլն)։

Աստիճանաբար հայկ. երաժշտություն մուտք են գործել խորհրդային իրականությունն արտացոլող թեմաներ։ Հրատարակվել են Ազատ Մանուկյանի մշակած մի քանի հեղափոխական երգեր (1917)։ Տարածված էին «Ինտերնացիոնալ», «Անվախ ընկեր», «Վարշավյանկա» և այլ երգեր, որոնք հնչել են տոնախմբությունների և հանդիսությունների ժամանակ։ Նմանատիպ երգեր են ստեղծել նաև Ռ. Մելիքյանը, Ա. Տեր-Ղևոնդյանը, Կարո Զաքարյանը, Դանիել Ղազարյանը, որտեղ գովերգել են նոր, երջանիկ կյանքը, ժողովուրդների բարեկամությունը։

1930-ական թթ-ին հիմնադրվել են երաժշտ. մշակույթի նոր կենտրոններ։ 1933-ին «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ բացվել է Երևանի օպերայի և բալետի թատրոնը (1939-ից՝ Ա. Սպենդիարյանի անվան, 1956-ից՝ ակադեմ.)։ Ազգ. օպերային խաղացանկի ձևավորման համար կարևոր նշանակություն է ունեցել նաև Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի նոր, վերամշակված խմբագրությամբ բեմադրությունը (1935)։

Օպերային թատրոնի ստեղծման և առաջին հաջողությունների հետ է կապված երաժշտ. մշակույթի նշանավոր գործիչների՝ դիրիժորներ Գևորգ Բուդաղյանի, Վլադիմիր Փիրադյանի (Պիրադով), Կոստանդին Սարաջևի, Միքայել Թավրիզյանի (1938-57-ին՝ գլխավոր դիրիժոր), Սուրեն Չարեքյանի, Սերգեյ Շաթիրյանի, ռեժ-ներ Արշակ Բուրջալյանի, Լևոն Քալանթարի, Արմեն Գոզակյանի, Գ. Հովհաննիսյանի, բալետմայստեր Իլյա Արբատովի (Յաղուբյան), նկարիչներ Սիմոն Ալաջալովի, Միքայել Արուտչյանի, Պատո Անանյանի, Մարտիրոս Սարյանի, երգիչ-երգչուհիներ Հ. Դանիելյանի, Շ. Տալյանի, Լևոն Իսեցկու (Տեր-Հովհաննիսյան), Ալեքսանդր Կարատովի (Կարապետյան), Գալուստ Գաբրիելյանի, Ե. Ֆանարջյանի, Թամարա Շահնազարյանի, Լյուբով Լազարևայի, բալետի մենապարողներ Լյուբով Վոինովա-Շիկանյանի, Պավլինե Բուռնազյանի, Ռուսուդան Թավրիզյանի, Սարգիս Սարգսյանի, Գ. Գևորգյանի, Զարեհ Մուրադյանի և ուրիշներ գործունեությունը։

Երաժշտ. կարևոր կենտրոն է դարձել Հայֆիլհարմոնիան (հիմն.՝ 1932)։ Կանոնավոր բնույթ են ստացել սիմֆոնիկ համերգները (դիրիժորներ՝ Կ. Սարաջև, Իսպիր Խարաջանյան), ստեղծվել են նոր կոլեկտիվներ՝ Հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլը (1938, գեղարվեստական ղեկ.՝ Թաթուլ Ալթունյան), Հայաստանի էստրադային նվագախումբը (1938, գեղարվեստական ղեկ.՝ Արտեմի Այվազյան), Սայաթ-Նովայի անվան հայկական գուսան. երգի անսամբլը (1938, ղեկ.՝ Շ. Տալյան, 1942-ից՝ Վաղարշակ Սահակյան)։

1930-ական թթ-ին Երևան է եկել կոմպոզիտորների նոր սերունդ՝ Արամ Խաչատրյան, Հարո Ստեփանյան, Լևոն Խոջա-Էյնաթով, Կարո Զաքարյան, Աշոտ Սաթյան, Վարդգես Տալյան, Ա. Այվազյան և ուրիշներ։ 1932-ին կազմակերպվել է Հայաստանի կոմպոզիտորների միությունը։

Խորհրդահայ երաժշտության խոշորագույն երևույթներից է Ա. Խաչատրյանի արվ-ը։ 1930-ական թթ-ի նրա առաջին ստեղծագործությունները հավաստել են հայկական երաժշտարվ-ի զարգացման նոր շրջանը. Խաչատրյանը հայկական երաժշտությունը հարստացրել է նոր բովանդակությամբ, ձևերով ու արտահայտչամիջոցներով, ընդլայնել ժանրային շրջանակները։ Ստեղծել է ազգային առաջին բալետը («Երջանկություն», 1939, 2-րդ խմբագրությամբ՝ «Գայանե», 1942), Առաջին սիմֆոնիան (1934, նվիրված է Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման 15-ամյակին) և գործիքային կոնցերտները (դաշնամուրի՝ 1934, ջութակի՝ 1941, թավջութակի՝ 1946)։ Ստեղծագործության գլուխգործոցը «Սպարտակ» բալետն է (1954)։ Նա նաև հայկական կինոերաժշտության հիմնադիրն է։

Խաչատրյանի արվ-ը սերտորեն առնչվում է հայկական ժողովրդական, հոգևոր և աշուղ.