(կաթնասուններ) և այլ տեսակներ։ Փոքրասիական մարզի ներկայացուցիչներից են փոքրասիական տրիտոնն ու գորտը (երկկենցաղներ), փոքրասիական մողեսը, Շմիդտի սահնօձը (սողուններ) և այլ տեսակներ։ Պոնտոս-Կովկասյան մարզի ներկայացուցիչներից են Դարևսկու իժը, ժայռային մողեսների մեծ մասը (սողուններ), սպիտակախածի կեռնեխն ու կովկասյան մարեհավը (թռչուններ)։ ՀՀ կենդ, աշխարհում գերիշխում են հիմնականում Առաջավորասիական և Միջերկրածովյան տեսակները։ Կան նաև Եվրասիբիր. ծագման մի շարք տեսակներ։
Կենդանիների բազմազանության տարածական տեղաբաշխվածությունը հիմնականում կախված է երկրի կլիմ. պայմաններից ու լանդշաֆտային բազմազանությունից։ Հայաստանը, որպես տիպիկ լեռն. երկիր, օժտված է յուրահատուկ բազմաբնույթ լանդշաֆտային տիպերով։ Հանրապետության տարածքը, որին բնորոշ են վերընթաց-գոտիական մեծ տատանումները (375-4095 մ), հարուստ է լանդշաֆտակլիմ. գոտիների բազմազանությամբ՝ անապատային-կիսաանապատային, չոր տափաստանային, տափաստանային, անտառային, մերձալպյան և ալպյան՝ իրենց յուրահատուկ բուս. ծածկույթով և կենդ. աշխարհով։ ՀՀ ֆաունայի գերիշխող մասը հարմարված է տաք ու չորային նախալեռների և միջին բարձրության լեռների՝ կիսաանապատային, չոր տափաստանային լանդշաֆտներին։
Հայաստանը քոչող կենդանիների և չվող թռչունների համար տարանցիկ ճանապարհների խաչմերուկ է։ Լեռն. ռելիեֆով պայմանավորված լանդշաֆտային բազմազանությունը, գետային բավարար ցանցն ու առանձին խոշոր ջրավազաններն օժանդակում են չվող թռչունների և խոշոր կաթնասունների տեղաշարժերին, որոնք իրենց հերթին նպաստում են կենդ. բազմազանության զարգացմանը։ Չվող տեսակներից են ծիծեռնակները, կռունկները։ Սեզոնային տեղաշարժեր են կատարում մուֆլոնն ու հովազը։
Կենդանական աշխարհի բաշխումը ըստ լանդշաֆտների
Անապատային-կիսաանապատային գոտի։ ՀՀ տարածքում իսկական անապատներն զբաղեցնում են ոչ մեծ մակերեսներ՝ Արարատյան դաշտում, Վայոց ձորի մարզում, և մի քանի փոքր տարածքներ՝ այլ մարզերում՝ ծովի մակերևույթից 800-900 մ բարձր-ներում։ Ամենաբնորոշը Գորովան գյուղի մերձակա ավազային անապատի հատվածն է, որի անողնաշարների ֆաունան աչքի է ընկնում իր յուրահատկությամբ. ընդգրկում է աշխարհում միայն այստեղ հայտնի մի շարք բզեզների բնաշխարհիկ տեսակներ՝ կովկասյան փարավոնը (Pharaonus caucasicus), արաքսյան չրխկանը (Cardiophorus araxicola), Խնձորյանի ոսկեբզեզը (Sphenoptera khnzoriani) ևն։
Անապատային բուսականությանն իրենց կառուցվածքով և տեսակային կազմով շատ մոտ են Արարատյան հարթավայրի աղասեր համակեցությունները, որով պայմանավորված է բնաշխարհիկ արարատյան որդան կարմիրի (Por-phirophora hammelii) գոյությունը։
Կիսաանապատային գոտին նույնպես հիմնականում ներկայացված է Արարատյան հարթավայրում, Վայոց ձորում, մասամբ՝ հանրապետության հս-ում՝ Աղստև-Տավուշում (առանձին կղզյակների ձևով), իսկ հվ-ում՝ Զանգեզուրում։
Այս գոտիներին բնորոշ անողնաշարների ֆաունան ուշագրավ է նաև գիտական տեսանկյունից. ընդգրկում է հիմնականում հնագույն միջերկրածովային և իրանաթուրան. ծագման տարրեր։ Տարածված են առավել ջերմասեր ու չորադիմացկուն կենդանիները, որոշ տեսակներ հանդիպում են նաև լ-տափաստանային գոտում։
Միջատներից տարածված են կրծողների բներում ապրող եգիպտ. խավարասերը, աղոթարարները։ Բազմաթիվ են ուղղաթև միջատները (հատկապես՝ դերիկորուսը, կալիպտամուսը, անապատային մորեխը, ցիկադներից՝ կանաչ ցիկադատրան ևն), կիսակարծրաթևները