Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/712

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թատրոնում։ Չնայած գերիշխող սոց. ռեալիզմի մեթոդին՝ խորհրդ․ թատրոնն ունեցել է նաև լուրջ ձեռքբերումներ, ստեղծվել են պետական խաղացանկային թատրոններ, ձևավորվել է անսամբլային թատրոնի գաղափարը, կենսագործվել են բազմաթիվ գեղարվեստական ծրագրեր և այլն։

Խորհրդ. Հայաստանի թատեր. անդրանիկ պետական հաստատութունը՝ Երևանի Առաջին պետթատրոնը, հիմնադրվել է 1921-ին, բացվել է 1922-ին՝ Գ. Սունդուկյանի «Պեպո» կատակերգությամբ (1937-ից կոչվել է Գ. Սունդուկյանի անվան)։ Թատրոնի հետագա զարգացման խնդիրն արդիական խաղացանկի և գեղարվեստական սկզբունքների հաստատումն էր։ Աստիճանաբար կազմավորված թատերախմբում էին ռեժ-ներ Լևոն Քալանթարը, Արշակ Բուրջալյանը, Արմեն Գուլակյանը, դերասաններ Վ. Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Օլգա Գուլազյանը, Մկրտիչ Ջանանը, Հասմիկը, Արուս Ոսկանյանը, Ավետ Ավետիսյանը, Գուրգեն Ջանիբեկյանը, Համբարձում Խաչանյանը, Դավիթ Մալյանը և ուրիշներ։ 1920-ական թթ-ին աչքի են ընկել նաև Բաքվի հայկական, Թիֆլիսի հայ դրամայի և Պատանի հանդիսատեսի, Ալեքսանդրապոլի Քաղլուսվարի թատրոնները։

1928-ին Լենինականում հիմնադրվել է Հայաստանի Երկրորդ պետթատրոնը, թատերախմբում էին Թաթիկ Սարյանը, Մուրադ Կոստանյանը, Արուս Ասրյանը, ավելի ուշ՝ Արմեն Արմենյանը, Լևոն Զոհրաբյանը, Ցոլակ Ամերիկյանը, Արտավազդ Փաշայանը և ուրիշներ։ Թաթիկ Սարյանի կարճատև ղեկավարությունից հետո թատրոնը գլխավորել է Վարդան Աճեմյանը։

1929-ին ստեղծվել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը (ղեկ.՝ Տիգրան Շամիրխանյան), որի խմբում էին Նինա Մանուչարյանը, Աստղիկ Աղասյանը, Պարույր Սանթրոսյանը, Էմմա Ստեփանյանը, Անահիտ Մասչյանը և ուրիշներ։

Այդ ժամանակաշրջանում դերասան․ արվ-ի զարգացման ընթացքը չուներ հակասություններ. բեմի հին վարպետները նորերին են հաղորդել իրենց հարուստ փորձը, իսկ նրանցից առել արդիական արվ-ի շունչն ու զգացողությունը։ Սակայն նույնը չէր ռեժ. և բեմանկարչ. արվ-ներում. դերասանները, հատկապես հին վարպետները դժվարությամբ էին համակերպվում ռեժ-ի ղեկավար դերին, թատեր. նոր ըմբռնումներին։ Չնայած որոշ ծայրահեղություններին՝ ռեժ-ները ձգտել են ստեղծել ընդհանուր մտահղացմամբ ներկայացումներ, իսկ դերասանները՝ կերպարներին հաղորդել անհատ․ հոգեբ. նկարագիր։ Հակասությունների հաղթահարմամբ ստեղծվում էր թատեր. կյանքի գրավիչ համայնապատկեր՝ գեղարվեստական ուրույն նկարագրով և գաղափար․ ցայտուն շեշտերով։ Ռեժ. և դերասան․ արվ-ները ներդաշնակող բեմադրություններից էին Եղիշե Չարենցի «Կապկազ թամաշա» (Բաքվի և Թիֆլիսի հայկական թատրոններ), Ն. Գոգոլի «Ռևիզոր», Նիկոլայ Պոգոդինի «Տեմպ», Գ. Սունդուկյանի «Խաթաբալա» (Երևանի Առաջին պետթատրոն), Բորիս Լավրենյովի «Բեկում» (Լենինականի պետական թատրոն) և այլն։

Հայ խորհրդային թատրոնն առանձնանում էր դերասան․ ակնառու անհատականություններով և վառ թատերայնության ձգտող ռեժ-ներով։ 1930-40-ին ստեղծվել են ներկայացումներ, որոնք գեղարվեստական արժեքով առանձնանում են հայ