Այլ կինոնկարներից են՝ «Չար ոգի» (1927, ռեժ.՝ Պ. Բարխուդարյան), «Խորտակված վիշապներ» (1932, ռեժ.՝ Լևոն Քալանթար), «Անուշ» (1933, ռեժ.՝ Ի. Պերեստիանի), «Երբ ծաղկում են այգիները» (1934, ռեժ.՝ Ջերգիզ Ժամհարյան) և այլն։
Համր կինոյի վերջին ֆիլմը «Գիքորն» է (ըստ Հ. Թումանյանի, 1934, ռեժ.՝ Ա. Մարտիրոսյան), որը հուզիչ և նուրբ հոգեբ. պատմություն է գեղջուկ տղայի մասին։
Հնչուն կինո
1935-ին նկարահանվել է հայկական առաջին հնչուն ֆիլմը՝ «Պեպոն» (ռեժ.՝ Համո Բեկնազարյան), որն ամփոփել է համր կինոյի նվաճումները և արժանացել միջազգային ճանաչման։ Ֆիլմն իր պարզությամբ, փայլուն դերակատարումներով, պատկերաշարի գունեղությամբ իրավամբ դարձել է ժողովրդական։
Հայկական կինոյի ազգային դպրոցի ձևավորման և կայացման շրջանը 1920-30-ական թթ-ն են։ 1930-ական թթ-ի վերջերին կինոյում նկատվել է ճգնաժամ, որը պայմանավորված էր տիրող վարչակարգի գաղափարախոսությամբ. գեղարվեստական ստեղծագործությունն արհեստականորեն պարփակել են որոշակի սխեմաների և կաղապարների մեջ։ Այդ տարիներին առավել կարևորվել է պատմահայրենասիր. թեման։ Ուշագրավ է «Զանգեզուր» (1938, ռեժ.՝ Հ. Բեկնազարյան) ֆիլմը, որն աչքի է ընկնում ժողովրդական գունեղ կերպարներով։ Արտաշես Հայ-Արտյանի «Կարո» ֆիլմը (1937) Հայաստանում քաղաքաց. կռիվների մասին է։ Պատմահեղափոխական թեմայով ֆիլմեր են նկարահանել Գուրգեն Մարինոսյանը («Սևանի ձկնորսները», 1938) և Ստեփան Կևորկովը («Լեռնային արշավ», 1939)։ Այդ ֆիլմերում նկատելի են մոտիվների և իրավիճակների նմանությունն ու կաղապարայնությունը, որոնք առավել ցայտունորեն են արտացոլվել ժամանակակից թեմայով կինոնկարներում («Լեռնային հեղեղ», ռեժ.՝ Պ. Բարխուդարյան, «Մեր կոլխոզի մարդիկ», ռեժ.՝ Ա. Հայ-Արտյան, երկուսն էլ՝ 1939)։
Հայրեն․ մեծ պատերազմը (1941-45) նոր խնդիրներ է առաջադրել հայ կինեմատոգրաֆիստներին. բազմաթիվ կինոօպերատորներ մեկնել են ռազմաճակատ, երկրի կինոստուդիաների մեծ մասը թողարկել է պատերազմի մասին կարճամետրաժ ֆիլմեր։ Այդ շրջանի գեղարվեստական կինոնկարներն ստեղծվել են առավելապես հայրենասիր. թեմայով՝ «Գվարդիականի կինը» (1942, ռեժ.՝ Պ. Բարխուդարյան), «Դուստրը» (1943, ռեժ.՝ Հ. Բեկնազարյան) և այլն։ 1944-ին Հ. Բեկնազարյանը նկարահանել է «Դավիթ Բեկ» ֆիլմը, որը նվիրված է XVIII դ-ի 1-ին կեսի հայ ժողովրդի ազգ-ազատագր. պայքարին։ Դավիթ Բեկի կերպարը Հ. Ներսիսյանի անձնավորմամբ խորհրդային կինոյում համալրել է «Ալեքսանդր Նևսկի» (1938), «Բոգդան Խմելնիցկի», «Սուվորով» (երկուսն էլ՝ 1941) կինոնկարների պատմ. հերոսների շարքը։