1946-80-ական թվականների կինոն
Հետպատերազմյան առաջին տարիներին հայկական կինոյում առաջընթաց չի նկատվել. 1945-54-ին Երևանի կինոստուդիայում նկարահանվել են 3 գեղարվեստական ֆիլմեր՝ «Անահիտ» (1947), «Արարատյան դաշտի աղջիկը» (1949, երկուսն էլ՝ ռեժ.՝ Հ. Բեկնազարյան), «Լեռնային լճի գաղտնիքը» (1954, ռեժ.՝ Ա. Ռոու)։ 1950-ական թթ. հայկական կինոյի պրոֆեսիոնալիզմի վերականգնման և գեղարվեստական որոնումների սկզբնավորման ժամանակաշրջանն է։ Կինոյի փորձված վարպետների շարքը համալրել են երիտասարդ սերնդի ներկայացուցիչները՝ Արտաշես Հայ-Արտյան, Ստեփան Կևորկով, Էրազմ Քարամյան, Լևոն Իսահակյան, Լաերտ Վաղարշյան, Գրիգոր Մելիք-Ավագյան, Յուրի Երզնկյան, ավելի ուշ՝ Հենրիկ Մալյան, Արման Մանարյան, Ֆրունզե Դովլաթյան, Արկադի Հայրապետյան, Հենրիկ Մարգարյան և ուրիշներ։ Այդ շրջանում են ստեղծվել «Ոսկե ցլիկ» (1955, ռեժ.՝ Մոկո Հակոբյան), «Պատվի համար» (1956, ռեժ.՝ Ա. Հայ-Արտյան), «Անձամբ ճանաչում եմ» (1957, ռեժ.՝ Ս. Կևորկով), «01-99» (1959, ռեժ.՝ Ա. Մարտիրոսյան) և այլ կինոնկարներ։ Արդի կյանքի կարևորագույն առանձնահատկություններն առավել արտահայտված են դրամայի և երաժշտ. մելոդրամայի ժանրերի ֆիլմերում՝ «Սիրտն է երգում» (1956, ռեժ-ներ՝ Գ. Մելիք-Ավագյան, Յ. Երզնկյան), «Մոր սիրտը» (1958, ռեժ.՝ Գ. Մելիք-Ավագյան), «Առաջին սիրո երգը» (1958, ռեժ-ներ՝ Յ. Երզնկյան, Լ. Վաղարշյան)։
1960-ական թթ-ին կինոն նոր արտահայտչամիջոցներով է արտացոլել ազգային խառնվածքի և ինքնագիտակցության ժամանակակից մակարդակը։ «Նվագախմբի տղաները» (1960, ռեժ-ներ՝ Հ. Մալյան, Հ. Մարգարյան), «Տժվժիկ» (1961, ռեժ.՝ Ա. Մանարյան), «Տերտերին ուխտը» (1966, ռեժ.՝ Հ. Մարգարյան) և այլ ֆիլմերում ստեղծվել են մի շարք տպավորիչ կերպարներ, ավանդ․ ժանրերը հարստացվել են նոր գեղարվեստական արտահայտչամիջոցներով։ Այդ շրջանում վերահաստատվել և ամրապնդվել է հայկական կինոյի և թատրոնի կապը։ Կինոյում շարունակել են նկարահանվել թատրոնի անվանի դերասաններ Հ. Ներսիսյանը, Ա. Ավետիսյանը, Վաղարշ Վաղարշյանը, Գուրգեն Ջանիբեկյանը, Դավիթ Մալյանը, աստիճանաբար կինոյի առանձնահատկությունները յուրացրել են Մետաքսյա Սիմոնյանը, Մհեր Մկրտչյանը, Խորեն Աբրահամյանը, Արմեն Ջիգարխանյանը, Սոս Սարգսյանը, Վարդուհի Վարդերեսյանը և ուրիշներ։ Այդ տարիներին են ստեղծագործել կինոօպերատորներ Գարուշ Բեկնազարյանը, Սարգիս Գևորգյանը, Դմիտրի Ֆելդմանը, Իվան Դիլդարյանը, Ժիրայր Վարդանյանը, Արտաշես Ջալալյանը, նկարիչներ Սերգեյ Արուտչյանը, Սուրեն Սաֆարյանը, Ստեփան Անդրանիկյանը, կինոերաժշտություն են գրել Արտեմի Այվազյանը, Առնո Բաբաջանյանը, Էդգար Հովհաննիսյանը, Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը և ուրիշներ։
Հայկական կինոյի նոր փուլն սկզբնավորվել է Ֆ. Դովլաթյանի «Բարև, ես եմ» (1965) ֆիլմով, որտեղ ռեժիսորը հետևել է համաշխ. առաջադեմ կինոարվ-ի ոճաբան․ ուղղություններին։ Այնուհետև էկրան են բարձրացել «Եռանկյունի» (1967), «Մենք