արատավոր կողմերը, նոր ժամանակներին բնորոշ անկայուն արժեքները, սահմանները չարի և բարու, աստվածայինի և դիվայինի միջև։ Խորհրդ․ ռեժիմի պայմաններում անհատի «ձևափոխման» խնդիրն է արտահայտված Վ. Չալդրանյանի «Լռության սիմֆոնիան» կինոնկարում։
Հ. Խաչատրյանի «Պոետի վերադարձը» ֆիլմը նվիրված է աշուղ և բանաստեղծ Ջիվանուն։ Վավերագր. ոճով նկարահանված այս ֆիլմի հերոսը, ըստ էության, պոետի արձանն է, որ ճամփորդում է երկրռւմ՝ ուղևորվելով իր ծննդավայր՝ Ջավախք։ Թեև նրան ամենուր դիմավորում են դհոլ-զուռնայով ու ազգային ծիսակարգերով, սակայն նա տեղ չի հասնում, այլ մնում է ճանապարհին՝ իբրև «հավերժական ուխտավոր»։ «Սահման» ֆիլմում ռեժիսորը վերացրել է վավերագրականի և գեղարվեստականի սահմանները՝ ստեղծելով պատկերի վրա հիմնված, առանց երկխոսությունների կինոպատում։
Պատկերվող կինոնյութի թարմությամբ առանձնանում են Է. Բաղդասարյանի «Մարիամը» (2005), Վ. Չալդրանյանի «Քրմուհին» (2007), Մ. Դովլաթյանի «Սողանքը» (ըստ Վ. Մարտիրոսյանի) և Հ. Գալստյանի «Խճճված զուգահեռները» (երկուսն էլ՝ 2009) ֆիլմերը։ Վերջին շրջանի բազմաթիվ ֆիլմեր ներկայացվել են միջազգային կինոփառատոների։ Երևանում հիմնադրվել է «Ոսկե ծիրան» (2004) ամենամյա միջազգային կինոփառատոնը (տես նաև Երևան հոդվածի Կինոյի բաժինը)։
Հայկական հեռուստաֆիլմերի առաջին նկարահանումները կատարվել են Հայաստանի հեռուստաստուդիայի ստեղծման (1956) առաջին օրերից, դրանք վավերագր. սյուժեներ և ակնարկներ էին։ Միաժամանակ արվել են գեղարվեստական հեռուստաֆիլմերի նկարահանման փորձեր։ 1957-ին հեռուստաստուդիայում բեմադրվել է Միխայիլ Շոլոխովի «Մարդու ճակատագիրը» (ռեժ.՝ Մարատ Մարինոսյան) պատմվածքը. ներկայացման նախաբանն ու վերջաբանը նկարահանվել են, որոնք գեղարվեստական հեռուստաֆիլմի ստեղծման առաջին կադրերն են։ «Դեպի բարձունքներ» (1958, ռեժ.՝ Ժիրայր Ավետիսյան) առաջին գեղարվեստական ֆիլմը դպրոցականների մասին է։ Նույն թվականին նկարահանվել է «Խղճի ձայնը» (ռեժ.՝ Վիլեն Զաքարյան) կինոնկարը։ 1960-ին ստեղծվել են «Քայլեր» (ըստ Ա. Լիյվեսի, ռեժ.՝ Ժ. Ավետիսյան) առաջին լիամետրաժ (գլխավոր դերում՝ Արմեն Ջիգարխանյան), ապա՝ «Սայաթ-Նովա» (ռեժ.՝ Կիմ Արզումանյան) ֆիլմերը։
1968-ին հեռուստաստուդիայում կազմակերպվել է հեռուստաֆիլմերի կինոմիավորում, որի հիման վրա 1970-ին ստեղծվել է «Երևան» ստուդիան։ Հեռուստաֆիլմերի մեծ մասը գրական երկերի էկրանավորումներ են՝ «Ձախորդ Փանոսը» (ըստ Հովհաննես Թումանյանի, 1969), «Մորգանի խնամին» (ըստ Շիրվանզադեի, 1970), «Լենինն ու Ալին» (ըստ Եղիշե Չարենցի, 1970), «Հույսի խրճիթներ» (ըստ Երուխանի, 1971), «Ճանապարհին» (ըստ Յուրի Նագիբինի, 1976), «Ձորի Միրոն» (ըստ Մուշեղ Գալշոյանի, 1979), «Կիսակայարան» (ըստ Մանուկ Սնացականյանի, 1988) և այլն։ Ֆիլմեր են նկարահանվել նաև գրողներ Ժորա Հարությունյանի, Վահագն Դավթյանի, Շահեն Թաթիկյանի, Հովհաննես Մելքոնյանի, Մուշեղ Գալշոյանի, կինոռեժ-ներ Վ. Զաքարյանի, Մարատ Վարժապետյանի, Ալբերտ Մկրտչյանի և ուրիշների սցենարներով։ Ուշագրավ են «Շրթներկ № 4» (1964, ռեժ.՝ Ժ. Ավետիսյան), «Հարսնացու հյուսիսից» (1975, ռեժ.՝ Ներսես Հովհաննիսյան) կատակերգ., «Համր վկան» (1980, ռեժ.՝ Ա. Մոկացյան) դետեկտիվ, «Արշակ» (1973, ռեժ.՝ Ժ. Ավետիսյան), «Կրկին ամառ է եկել» (1975, ռեժ.՝ Ռեմ Սարգսյան) մանկ․ ֆիլմերը, «Անուշ» (1982, ռեժ.՝ Մ. Վարժապետյան) կինոնկար-օպերան և այլն։ Պատերազմի թեման է արտացոլված «Վերջին նետում» (1966, ռեժ.՝ Վ. Զաքարյան), «Ջրհորի մոտ»