Էջ:Armenia Encyclopedia.djvu/736

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ. ՀԻՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ֊ԹԱՆԳԱՐԱՆ

Երևանի Սեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանն առաջին ԳՀ հաստատությունն է Հայաստանում, ստեղծվել է 1921-ին՝ Էջմիածնի ձեռագրատան հիմքի վրա։ Նախապես կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ։ 1939-ին մատենադարանն Էջմիածնից տեղափոխվել է Երևան և տեղավորվել Հանրային գրադարանի շենքում։ Մատենադարանի ներկայիս շենքը կառուցվել է 1945-57-ին։ Մատենադարանն այդ շենք է փոխադրվել 1959-ին, 1962-ին կոչվել է Մեսրոպ Մաշտոցի անվան։

1959-ից Մատենադարանը Հին ձեռագրերի ԳՀԻ-թանգարան է, հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցը։ Տարբեր երկրների գրադարաններում ու թանգարաններում պահվող շուրջ 31 հզ. հայերեն ձեռագրերից 18 հազարը Մատենադարանում են։ Հայերեն ձեռագրերի հարուստ հավաքածուներով հայտնի են նաև Մխիթարյանների Վենետիկի և Վիեննայի (շուրջ 7,6 հազար միավոր), Երուսաղեմի Սբ Հակոբյանց վանքի (շուրջ 4 հզ. միավոր), Մայր աթոռ Սբ Էջմիածնի (ավելի քան 1,2 հզ. միավոր), Զմմառի վանքի (Բեյրութ, շուրջ 1,6 հազար միավոր), Նոր Ջուղայի (ավելի քան 700 միավոր) մատենադարանները։ Հայերեն ձեռագրեր են պահվում նաև Մոսկվայի, Ս. Պետերբուրգի, Թբիլիսիի, Փարիզի, Լոնդոնի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի և այլ քաղաքների գրադարաններում, անհատ մարդկանց մոտ։

Մատենադարանն ունի հայերեն ձեռագրերի մայր ցուցակի կազմման, հին մատենագր. հուշարձանների, միջնադարյան սկզբնաղբյուրների, արվ-ի պատմության և գրչության կենտրոնների, բժշկության, բնագիտության պատմության ուսումնասիրման, գրավոր հուշարձանների գիտական թարգմանության, արխիվային փաստաթղթերի պահպանման, գիտական մշակման ու թվայնացման, ձեռագրագիտության բաժիններ, ինչպես նաև հայագիտական հարուստ գրադարան և պարբ. մամուլի պահոց։ Մատենադարանի խնդիրը հին ձեռագրերի պահպանումն է ու վերականգնումը, թվայնացումը, ձեռագիր հուշարձանների հավաքումը, հայերեն ձեռագրերի մայր ցուցակի կազմումը, միջնադարյան տարաբնույթ բնագրերի, ինչպես նաև հայկական մանրանկարչության հուշարձանների ուսումնասիրությունն ու հրապարակումը, միջնադարյան հայկական աղբյուրներն օտար լեզուներով թարգմանելն ու հրատարակելը, գիտահանրամատչելի գրքույկների միջոցով հայ ժողովրդի ձեռագրական մշակույթի տարածումը և այլն։

Դեռևս V դ-ից, ըստ Ղազար Փարպեցու, Էջմիածնի կաթողիկոսությանը կից գործել է գրատուն, որտեղ պահվել են հայերեն և հուն․ մատյաններ։ Էջմիածնի գրատունն ու մերձակա վանքերի գրչակենտրոնները ծաղկել են հատկապես կաթողիկոս․ աթոռը Սսից Էջմիածին փոխադրելուց հետո (1441)։

Սակայն միջնադարում ձեռագիր մատյաններին մշտապես սպառնացել է օտար նվաճողների ավարառության ու ոչնչացման վտանգը։ Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ՝ 1170-ին սելջուկ թուրքերը գրավել են Բաղաբերդ ամրոցը և ավարառել Տաթևից ու շրջակա այլ վայրերից այնտեղ հավաքված շուրջ 10 հազար ձեռագիր։ Ըստ Կիրակոս Գանձակեցու՝ նվաճողները 1242-ին կողոպտել են