Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/735

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուղղանկյուն կացարաններով և այլ շինություններով։ Միջնադարյան բնակավայրերում ավանդաբար գերիշխել է գլխատան համակառույցը, թեև տաք կլիմա ունեցող շրջաններում զարգացել են հարթածածկ (Մեղրի, Սասուն), աշտարակաձև (Գամիրք, Սասուն), փայտաշեն (Համշեն, Խոտորջուր, փոքրասիական առափնյա տարածքներ) կառույցներով բնակավայրերը։ Համակառույցի մեծությունն ու կազմը որոշվել է ըստ բնական, տնտեսական և ազգակց. համակեցության պայմանների, իսկ դիրքի ընտրության համար կարևորվել են կենցաղային նպաստավորությունը, հողատարածքների նպատակահարմարությունը, բնակլիմ. առանձնահատկությունները։ Որոշ լեռն․ վայրերում (Անի, Լոռի, Սյունիք) պահպանվել է քարանձավաբնակությունը։

Պայմանավորված տնտեսական նոր հարաբերություններով՝ XIX դ-ի 1-ին կեսից հետզհետե բարեփոխվել են գյուղերը, բնակելի տների հորինվածքներում երևան են եկել քաղաքատիպ տարրեր։ Առավել շեշտվել է քաղաքային բնակարանների տարբերակումը գյուղականներից (կանոնավոր հատակագծերով բազմաբաժին և հարկաշատ տներ)։ Արևելյան ոճն աստիճանաբար փոխարինվել է տեղական ավանդույթների և եվրոպ. մշակույթի վրա խարսխված նոր ուղղությամբ։ Ժողովրդական ավանդույթներն առավելապես դրսևորվել են ծածկերում, փողոց դուրս եկող բարձակավոր և բակի սյունազարդ փայտե պատշգամբներում, փողոցից բակ տանող միջանցքներում, մուտքերում, բացվածքների եզրակալներում։ Ժողովրդական համալիրում բնակելի և օժանդակ սենյակները համախմբվել են 1 ընդհանուր ծավալի մեջ, կենտրոնացվել ծածկած տարածքի շուրջը։ XIX դ-ի 2-րդ կեսից շերտավորվել են սենյակները, բարդացել են շենքի ներքին ու ծավալատարած. լուծումները։ Կառուցվել են 1-2-հարկանի բնակելի տներ. 1-ին հարկը հատկացվել է պահեստների, արհեստանոցների, խանութների։ Առանձնացվել են ննջասենյակները, հյուրասենյակները։ Շենքերի արտաքին գեղարվեստական արտահայտչականությունը դրսևորվել է պատի շարվածքի կարանների ընդգծումով, շթաքարային քանդակներով, ատամնաշար քիվերով, զարդանախշ եզրակալներով, քարե ելուստավոր ջրհորդաններով, պատշգամբների, մուտքերի մանրամասերով և համաչափ բացվածքի դարպասներով։ Ուրույն դիմագծով աչքի են ընկել Ալեքսանդրապոլը, Կարսը, Նոր Բայազետը, Վաղարշապատը, Դիլիջանը, Գորիսը, Շուշին, Մեղրին։ Զարգացած միջնադարում (հատկապես՝ Անիում) կիրառվել են Արևելքում տարածված ձևավորման տարբեր եղանակներ (գունազարդ ձևավոր շարվածք, քարի և փայտի գորգանման քանդակներ, վանդակապատ մեծ բացվածքներ և այլն)։ Այդ ավանդույթները հայ շինարարները զարգացրել են ինչպես Հայաստանի հվ. և արլ. շրջաններում, այնպես էլ Մերձ․ և Միջին Արևելքի երկրներում։ XVI-XIX դդ-ում տեղական և արլ. քաղաքաշին. ոճերի դրսևորման ուշագրավ օրինակներ էին Ջուղան, Երևանը, Նախիջևանը, Օրդուբադը, Ագուլիսը, մասամբ՝ Վանը։ Ժողովրդական ճարտ-յան մեջ էական փոփոխությունների պատճառ են դարձել XIX դ-ի գաղթերը, որոնց ժամանակ Թուրքիայից և Իրանից գաղթած հայերի փոխանցած շին. ավանդույթները որոշակիորեն ազդել են երկրի մշակութային կյանքի, մասնավորապես ժողովրդական ճարտ-յան վրա։ Մոնումենտալ ճարտ-յանը հատուկ ամրության, տնտեսվարության, հարմարավետության և գեղեցկության սկզբունքները սերում են ժողովրդական ճարտ-ից։

Տես նաև Բանահյուսություն, Երաժշտություն, Թատրոն, Կերպարվեստ, Ճարտարապետություն, Պարարվեստ։

Գրկ. Մնացականյան Ս., Հայաստանի գյուղական բնակավայրերի ճարտարապետությունը, Ե., 1956։ Առաքելյան Բ., Քաղաքները և արհեստները Հայաստանում, IX-XIII դարերում, հ. 1, Ե., 1958։ Վարդանյան Ս., Հայկական ժողովրդական բնակելի տների ճարտարապետությունը, Ե., 1959։ Հակոբյան Է., Աշտարակի շրջանի ժողովրդական բնակարանի ճարտարապետությունը, Ե., 1964։ Պապուխյան Ն., Սյունիքի ժողովրդական ճարտարապետությունը, Ե., 1972։ Հովակիմյան Հ. Մ., Հայաստանի ժողովրդական թատրոնները, Ե., 1972։ Նույնի, Թատերական ինքնագործունեության երախտավորները, Ե., 1979։ Դավթյան Ս., Հայկական կարպետ, Ե., 1975։ Հայկական ոսկերչություն, Ե., 1983։ Մաթևոսյան Ս., Գյումրիի ժողովրդական ճարտարապետությունը, Ե., 1985։ Халпахчьян О., Гражданское зодчество Армении, М., 1971.