Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/738

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արձակից՝ Խիկար Իմաստունի և Պարսից Նուշիրվան արքայի խրատները։ Մենագրություններ են գրվել Անանիա Շիրակացու, Ներսես Շնորհալու, Վարդան Արևելցու, Գևորգ Դպիր Պալատեցու, Դավիթ Անհաղթի, Գրիգոր Տաթևացու, Սամվել Անեցու և այլ հեղինակների կյանքի ու գործունեության մասին։

Մատենադարանում ուսումնասիրվում են նաև հայկական բնագիտական հուշարձանները, լույս են տեսել Անանիա Շիրակացու և Հակոբ Ղրիմեցու տոմարագիտական աշխատությունները, բժշկապետներ Մխիթար Հերացու, Գրիգորիսի, Աբու Սաիդի, Ամիրդովլաթ Ամասիացու, Բունիաթ և Ասար Սեբաստացիների երկերը, 1296-ի կիլիկյան ձիաբժշկարանը՝ «Բժշկարան ձիոյ եւ առհասարակ գրաստնոյ» (1980), և այլն։

Միջնադարյան հայ տնտեսական պատմության ուսումնասիրության համար կարևոր սկզբնաղբյուրներ են XVI-XIX դդ-ում ստեղծված առևտր. ձեռնարկներն ու հաշվեմատյանները, որոնք հրատարակվում են «Տնտեսական պատմության վավերագրեր» մատենաշարով։

Աշխատանքներ են կատարվում մանրանկարչական հուշարձանները հետազոտելու և հրատարակելու համար։ Լույս են ընծայվել «Հայկական մանրանկարչություն» (1967, 1969, վերջին տարիներին՝ նաև ռուս․, ֆրանս., գերմ., անգլ.), «Արհեստներն ու կենցաղը հայկական մանրանկարներում» (1973), «Հայկական զարդատառեր», Վասպուրականի, Ղրիմի, Արցախի, Ուտիքի մանրանկարչությունների, Հովհաննես Սանդղկավանեցու, Գրիգոր Տաթևացու, Անանուն Սյունեցու, Մոմիկի և ուրիշ մանրանկարիչների գործերի, «Հեթումի ճաշոց» ալբոմները և այլն։

Մատենադարանի գրապահոցներում կա նաև հայ երաժշտարվ-ի հարուստ ժառանգություն, մի շարք ուսումնասիրություններ նվիրված են խազագիր ձեռագրերի վերծանմանը։ Մատենադարանում պահվում են 100 հազար միավորից ավելի միջնադարյան և նոր ժամանակաշրջանի փաստաթղթեր (կոնդակներ, նամակներ, Պարսից շահերի ու թուրք սուլթանների հրովարտակներ, շարիաթական-նոտար. գրասենյակներում կազմված արձանագրություններ), որոնք եզակի նյութ են Հայաստանի և հարևան երկրների, ինչպես նաև հայկական գաղթավայրերի պատմության ուսումնասիրության համար։ Այնտեղ են պահվում կաթողիկոս․ դիվանը, մի քանի անվանի հայագետների և ակադ-ների անձնական թողոնները։

Միջնադարյան հայ մշակույթը Մատենադարանի այցելուներին ներկայացնելու նպատակով հայերեն և օտար լեզուներով հրատարակվում են «Հայ մշակույթ» և «Հայկական մանրանկարչություն» հանրամատչելի գրքույկների մատենաշարերը։

Մատենադարանը ձեռնարկել է ձեռագրերի նմանահանությունների հրատ-ը. լույս են ընծայվել Դավիթ Անհաղթի «Սահմանք իմաստասիրութեան» երկի 1280-ին ընդօրինակած ձեռագրի, Հակոբ Մեղապարտի տպագրած հայերեն առաջին գրքերից Ուրբաթագրքի, Պարզատումարի, Տաղարանի, ինչպես նաև հայերեն առաջին պարբ-ի՝ «Ազդարարի» և այլ նմանահանություններ։ 1941-ից հրատարակվում է «Բանբեր Մատենադարանի» (1941 և 1950-ին՝ «Գիտական նյութերի ժողովածու») գիտական պարբ-ը (ցայսօր լույս է տեսել 19 հատոր)։

Մատենադարանի տպագիր գրքերի բաժինը հագեցած է հայագիտական և արևելագիտական գրակ-յամբ, որից օգտվում են թե՛ հանրապետության, թե՛ արտերկրի հայագետները։ Մատենադարանը սերտ կապերի մեջ է ձեռագիր մշակույթի խնդիրներով զբաղվող արտերկրի գիտական և թանգարանային մի շարք հաստատությունների հետ։

Ամեն տարի հազարավոր հայ և օտարազգի այցելուներ Մատենադարանի ցուցասրահներում ծանոթանում են հայկական հոգևոր մշակույթի եզակի նմուշներին։ Պարբերաբար կազմակերպվում են նաև ժամանակավոր թեմատիկ ցուցադրություններ։

Մատենադարանի հեղինակությունը մեծապես նպաստում է նաև ձեռագրերի հավաքչական աշխատանքներին. Սփյուռքի մեր հայրենակիցները Մատենադարանին են նվիրում իրենց մոտ պահվող հայերեն ձեռագիր մշակույթի մասունքներ, երբեմն նաև օտարալեզու գրչագրեր (Հ. Նազարյանը՝ Նյու Յորքից՝ 997 ձեռագիր, Վ. Սալաթյանը՝ Դամասկոսից՝ 150, Ռ. Մարկոսյանը՝ Փարիզից՝ 37, իսկ 1 կամ 2 ձեռագիր նվիրողների թիվը հարյուրների է հասնում)։

Մատենադարանի շենքը կառուցվել է ճարտ. Մարկ Գրիգորյանի նախագծով՝ Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայի վերջնամասում՝ սարալանջին։ Շենքը բազալտից է. արտաքուստ օգտագործվել են հայկական ճարտ-յանը բնորոշ, իսկ ներսում՝ հիմնականում միջնադարյան