Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/739

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ճարտ-յան ձևերն ու լուծումները։ Գլխավոր ճակատի խորշերի մեջ «Անանիա Շիրակացի» (1963, քանդ.՝ Գրիգոր Բադալյան), «Մովսես Խորենացի» (1965, քանդ.՝ Երեմ Վարդանյան), «Թորոս Ռոսլին» (1967, քանդ.՝ Արշամ Շահինյան), «Գրիգոր Տաթևացի» (1967, քանդ.՝ Ադիբեկ Գրիգորյան), «Մխիթար Գոշ» (1967, քանդ.՝ Ղուկաս Չուբարյան), «Ֆրիկ» (1967, քանդ.՝ Սուրեն Նազարյան) արձաններն են, իսկ ներքևի փոքրիկ հրապարակում՝ «Մեսրոպ Մաշտոց և Կորյուն» արձանախումբը (1967, քանդ.՝ Ղ. Չուբարյան), բոլորը՝ բազալտից։ Բակի աջ և ձախ կողմերի կամարակապ սրահներում ցուցադրված են հայկական ճարտ-յան հուշարձանների մանրամասեր, խաչքարեր։ Նախասրահում «Ավարայրի ճակատամարտը» խճանկարն է (1956-60), գլխավոր սանդղատան պատերին՝ «Հայոց պատմություն» եռամաս որմնանկարը (1956-59, երկուսն էլ՝ նկարիչ Վան Խաչատուր)։

1980-ական թթ-ին Մատենադարանի շենքի հս. կողմում՝ սարալանջի տակ, ստեղծվել են ստորգետնյա գրապահոցներ՝ ձեռագրերի անվտանգ պահպանության համար։ 1989-ին շահագործման է հանձնվել գիտական աշխատանքների մասնաշենքը, 2009-11-ին Մատենադարանին կից կառուցվել է նոր մասնաշենք (երկուսն էլ՝ ճարտ. Արթուր Մեսչյան)։

Էջմիածնի ձեռագրատան պատասխանատուներ են եղել Ներսես Սարկավագը, Գրիգոր Վարդազարյանը, Մանվել Գյումուշխանեցին, Հովհաննես Շահխաթունյանցը, Մակար Հովբյանցը, Դանիել Շահնազարյանը, Գրիգոր Մուշեղյանցը, Ներսես Խուդավերդյանը, Սահակ Ամատունին, Գարեգին Հովսեփյանը, Մխիթար Վարդապետը, Մեսրոպ Տեր-Մովսիսյանը, Հուսիկ Մովսիսյանը, Գրիգոր Չորեքչյանը։ 1920-ից հետո Մատենադարանի տնօրեններ են եղել Սենեքերիմ Տեր-Հակոբյանը, Կ. Ղազարյանը, Մորուս Հասրաթյանը, Հ. Մանվելյանը, Ե. Թորոսյանը, Գևորգ Աբովը, Վաչե Նալբանդյանը, 1959-ից՝ Հին ձեռագրերի ԳՀԻ-թանգարանի տնօրեններ՝ Լևոն Խաչիկյանը, Սեն Արևշատյանը, Հրաչյա Թամրազյանը (2008-ից)։

Գրկ. Աբգարյան Գ. Վ․, Մատենադարան, Ե., 1962։ Մաշտոցի անվան Մատենադարան (ուղեցույց, կազմող՝ Չուգասզյան Բ. Լ․), Ե., 1980։ Խաչիկյան Լ. Ս․, Մատենադարանը անցյալում և խորհրդային իշխանության տարիներին («Աշխատություններ», հ. Գ, էջ 995-1036), Ե., 2008։


ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐ

Հայ իրականության մեջ գրադարանների սկզբնավորումն անմիջականորեն կապված է հայ գրերի ստեղծման հետ։ Հնում դրանք կոչվել են «գրատուն», «գրանոց», «արկեղք գրոց», «գանձատուն», «դիվան», «մատենադարան», «նշխարանոց», «նշխարախուց» և այլն։ Հիմնվել են վանքերին ու մենաստաններին կից կամ տեղավորվել առանձին շինություններում ու վանքերին մերձակա քարայրերում։ Հայ գրքի կարևոր կենտրոններ էին Սանահինի, Հաղպատի, Տաթևի, Գլաձորի վանքերը, Էջմիածնի ձեռագրատունը, Անիի և Կարսի արքայական, Գեղարդի, Հովհանավանքի, Սաղմոսավանքի, Մեծոփավանքի, Վարագավանքի, Նարեկավանքի, Գետիկի, Ամրդոլու, Հոռոմոս վանքերի, Լիմ անապատի և այլ գրադարաններ։

XIX դ-ում գրադարաններ են բացվել նաև մի շարք ուսումնական հաստատություններում՝ Երևանի արական (1832), Հռիփսիմյան իգական (1850) գիմնազիաներում, ուսուցչական սեմինարիայում (1881), թեմական հոգևոր դպրոցներում և այլն, XIX դ-ի 90-ական թթ-ից՝ նաև տարրական և ծխական որոշ դպրոցներում։

1902-ին Երևանում բացվել է քաղաքային գրադարան-ընթերցարան, ստեղծվել են նաև մասնավոր գրադարաններ, հայտնի էր Ավետիսյանի գրադարան-ընթերցարաևը։ 1913-ին Հայաստանում կար 13 գրադարան՝ 9 հազար միավոր գրքով։