Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/751

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը հիմնադրվել է 1963-ին Երևանում, բացվել է 1967-ին, որը Հայաստանի առաջին երաժշտ. թանգարանն է։ Հավաքածուն ընդգրկում է շուրջ 1345 նմուշ։ Ներկայացված են կոմպոզիտորի անձն․ իրերը, նոտաներ, այդ թվում՝ «Ալմաստ» օպերայի, «Երևանյան էտյուդներ» սիմֆոնիկ ստեղծագործության և այլ գործերի ձեռագրերը։ Պահվում են նաև վավերագրեր ու նամակներ, որտեղ կան տեղեկություններ Ա. Սպենդիարյանի կյանքի ու գործունեության, ինչպես և կոմպոզիտորներ Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի (Սպենդիարյանի ուսուցիչը), Անտոն Արենսկու, Ալեքսանդր Գլազունովի, Նիկողայոս Տիգրանյանի, Ռոմանոս Մելիքյանի, գրողներ Մաքսիմ Գորկու ու Անտոն Չեխովի, Հովհաննես Թումանյանի, Ալեքսանդր Ծատուրյանի և ուրիշների հետ առնչությունների մասին։

Տուն-թանգարանի մշտ. ցուցադրության հիմն․ իրերից են կոմպոզիտորի դաշնամուրը («С. Berchstein»), կիսանդրին (քանդ.՝ Արա Սարգսյան), նրա պատրաստած «Սպենդիարաֆոն» կոչվող երաժշտ. գործիքը, «Ալմաստ» օպերայի՝ Երևանում առաջին բեմադրության (1933) պահպանված միակ ազդագիրը և այլն։

Հուշասենյակը հարդարված է այնպես, ինչպես կոմպոզիտորի օրոք։ Թանգարանում կազմակերպվում են համերգներ, ցուցահանդեսներ, դասախոսություններ և ավանդ․ միջոցառումներ՝ «Ռոմանսի երեկոներ», «Պատանի սպենդիարյանականների երդում», «Մեկ օր Սպենդիարյանի տուն-թանգարանում» և այլն։

1996-ից տնօրենը Մարինե Օթարյանն է։


Եղիշե Չարենցի տուն-թանգարան

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը հիմնադրվել է 1964-ին, բացվել է 1975-ին Երևանում՝ այն տանը, որտեղ 1935-37-ին ապրել է բանաստեղծը։ Թանգարանի հիմն․ և գիտաօժանդակ ֆոնդերում պահվում է շուրջ 14.500 ցուցանմուշ (ցուցադրվում է 1966-ը)՝ բանաստեղծի կյանքի, գրական-մշակութային և հաս-քաղաքական գործունեության վերաբերյալ։ Ցուցադրված են Ե. Չարենցի անձն․ իրերն ու գրադարանը, ձեռագրեր, փաստաթղթեր, լուսանկարներ, կերպարվ-ի գործեր, տեսաժապավեններ, ձայնագրություններ և այլ նյութեր։ Ուշագրավ անկյուններից է հուշատունը, որտեղ ամեն ինչ պահպանված և դասավորված է այնպես, ինչպես եղել է Ե. Չարենցի օրոք։

1989-ից տնօրենը Լիլիկ Հակոբյանն է։