Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը բացվել է 1967-ին Երևանում։ Կառուցվել է Մ. Սարյանի տուն-արվեստանոցին կից։ Եռահարկ շենքում ներկայացված են նկարչի 1896-1970-ի գեղանկարչ., գրաֆիկ․ գործերը։ 1972-ից ցուցադրության մասն է նաև նկարչի արվեստանոցը։ Թանգարանի ֆոնդի հիմքը Մ. Սարյանի նվիրած 80 գործերն են, որոնք հետագայում համալրվել են ձեռքբերումներով և նվիրատվություններով (շուրջ 250 ցուցանմուշ)։ Թանգարանը կազմակերպել է նկարչի ստեղծագործությունների բազմաթիվ ցուցահանդեսներ արտերկրի մի շարք քաղաքներում, նաև մասնակցել «Ծովի երգը» (Մարսել, 1996), «Հայաստանի գույները» (Սալոնիկ, 1997), «Հայ մշակույթի օրերը Եգիպտոսում» (Կահիրե, 1998), «Հայ նկարիչների երեք սերունդ» (Բեյրութ, 2000), «Ռուսական սիմվոլիզմ» (Բորդո, 2000) ցուցահանդեսներին։ Հրատարակում է կատալոգներ, ալբոմներ և բուկլետներ։
2004-ից տնօրենը Ռուզան Սարյանն է։
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը (մակերեսը՝ 74,5 հա) հիմնադրվել է 1968-ին (Էրեբունի-Երևան քաղաք-ամրոցի հիմնադրման 2750-ամյակի առիթով) և գործել նույն թվականին կառուցված «Էրեբունի» թանգարանի շենքում (ճարտ-ներ՝ Շմավոն Ազատյան, Բաղդասար Արզումանյան, քանդ.՝ Արա Հարությունյան)։ Թանգարանում պահվում են 11.801 հնագիտական նմուշներ (ցուցադրվում են 1075-ը), որոնք ներկայացնում են մ. թ. ա. 782-ին հիմնադրված Էրեբունի քաղաք-ամրոցի պատմությունն ու մշակույթը։ Սրահներում ցուցադրված են արգելոց-թանգարանում ընդգրկված Էրեբունի (Արինբերդ), Կարմիր բլուր, Շենգավիթ հնավայրերի և Երևանի մ. թ. ա. VIII դ-ի ուրարտ. դամբարանի պեղումներից հայտնաբերված բարձրարվեստ նյութեր (կավանոթներ, Սարդուրի II-ի բրոնզե սաղավարտը, որմնանկարների հատվածներ, արծաթե եղջերագավաթներ, դրամներ, զարդեր, կնիքներ և այլն)։ Ցուցադրության օրգ. շարունակությունն են Արինբերդ բլրի գագաթին պեղված միջնաբերդը՝ իր պալատ., կրոն., տնտեսական շինություններով, նաև քաղաք-ամրոցի հիմնադրման սեպագիր արձանագրությունով։ Արգելոց-թանգարանն ունի 2 մասնաճյուղ-թանգարան՝ Շենգավիթի վաղ երկրագործ․ բնակատեղին (Երևանյան լճի ափին) և Ռուսա II-ի (Հրազդան գետի ափին) մ. թ. ա. VII դ-ի կեսին կառուցած Թեյշեբաինի (Կարմիր բլուր) քաղաք-ամրոցը։