Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/755

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երևանի ժողովրդական արվեստի թանգարան

Երևանի ժողովրդական արվ-ի թանգարանը (ԵԺԱԹ) հիմնադրվել է 1978-ին՝ նկարիչ Հովհաննես Շարամբեյանի (2008-ից՝ նրա անվան) նախաձեռնությամբ՝ Երևանի ժողովրդական ստեղծագործության տան (գործել է մինչև 1992-ը) մշտ. գործող ցուցահանդեսի հիման վրա (2011-ից ընդգրկված է Ժող․ ստեղծագործության կենտրոնում, տնօրեն՝ Հովիկ Հովեյան)։ Հավաքածուն ընդգրկում է հայկական տարբեր դպրոցների ավելի քան 12 հզ. նմուշ, որոնք պատկանում են փայտի, քարի փորագրության, մետաղի գեղարվեստական մշակման, արծաթագործության, խեցեգործության, գորգի ու կարպետի, ասեղնագործության ու ժանյակի, մանրաքանդակի, գեղանկարչության և այլ ոլորտների։ Թանգարանի ցուցանմուշները ներկայացնում են հայկական ժողովրդական արվ-ի զարգացման տարբեր փուլեր (XVIII-XX դդ.)։ Հավաքածուն մշտապես համալրվում է ժամանակակից ժողովրդական վարպետների աշխատանքներով, սփյուռքահայության նվիրատվություններով։ Նրա կարևոր մասը խորհրդային տարիների ժողովրդական վարպետների աշխատանքներն են, որոնք ստեղծվել են ազգային մշակույթի ավանդույթներով։

Թանգարանն ունի ֆոնդապահոցներ, 4 մշտ. ու 2 ժամանակավոր ցուցադրության սրահներ, գիտական, ցուցահանդեսների կազմակերպման և այլ բաժիններ։

ԵԺԱԹ-ը ոչ միայն հավաքում, պահպանում, ուսումնասիրում, ցուցադրում է ժողովրդական արվ-ի ստեղծագործություններ, այլև օգնում է ժողովրդական վարպետներին (շուրջ՝ 1300), մշակութային կապեր հաստատում արտերկրի համանման հաստատությունների հետ, կազմակերպում ցուցահանդեսներ, գիտաժողովներ (2011-ին՝ հայկական գորգագործությանը նվիրված)։ Դիլիջանում գործում է թանգարանի մասնաճյուղը։

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հիմնադրվել է 1978-ին, բացվել է 1984-ին Երևանում։ Ցուցասրահներում ներկայացված են կոմպոզիտորի անձն․ իրերը, նրա երաժշտ., հասարակական գործունեությունը լուսաբանող նյութեր, ձեռագրեր, տպագիր նոտաներ, գրքեր, լարային երաժշտ. գործիքների ինքնատիպ հավաքածու (շուրջ 5000), նաև լուսանկարներ, նամակներ, ստեղծագործությունների տարբեր հրատ-ներ, ֆիլմեր, ձայնագրություններ, ազդագրեր, բուկլետներ։ Թանգարանն ունի հարուստ ֆիլմադարան և ձայնադարան, որտեղ, բացի Ա. Խաչատրյանի ստեղծագործություններից, կան նաև համաշխ. դաս. կոմպոզիտորների երկեր՝ անվանի երաժիշտների կատարմամբ։

Թանգարանում կազմակերպվում են ցուցահանդեսներ, համերգասրահում տեղի են ունենում համեգներ։ 2004-ից տնօրենը Արմինե Գրիգորյանն է։