իսկ 1924-ի դեկտ-ին նաև ՀԽՍՀ-ում ստեղծվել են մամուլի բաժիններ։
Նէպի տարիներին պարբ-ներն անցել են տնտհաշվարկի և ինքնաֆինանսավորման, որն իրեն չի արդարացրել բնակչության ցածր գնողունակության ու անգրագիտության պատճառով և հանգեցրել է թերթերի թվի ու տպաքանակի կրճատման։ Այդ ճգնաժամից դուրս գալու նպատակով 1924-ի ՌԿ(բ)Կ XIII համագումարը շրջաբերական է ընդունել, որով տեղական կուս. մարմիններին, յուրաքանչյուր կոմունիստի պարտադրվել է որոշակի քանակությամբ թերթերի բաժանորդագրություն. դրանք պետք է սպառվեին նաև բանվոր. կոլեկտիվներում և գյուղերում։ Այդ միջոցները կիրառվել են նաև Հայաստանում, որի հետևանքով թերթերի տպաքանակն աճել է։ 1925-ի ապրիլի 25-ին բացվել է մամուլի աշխատողների համահայաստանյան առաջին համագումարը, ծավալվել է բանգյուղթղթակցական շարժումը։ Աստիճանաբար մամուլը դարձել է նաև տնտեսության ղեկավարման միջոց, ձևավորվող վարչահրամայական համակարգի բաղադրիչ։ Յուրաքանչյուր իրագործվող ծրագրի համապատասխան լույս են տեսել նոր պարբ-ներ՝ «Սոցիալիստական ագրոնոմիա» (1923-25), «Գյուղի կոմունիստ» (1929-30), «Կոլխոզնիկ» (1930-34), «Սոցիալիստական գյուղատնտեսություն» (1931-34), «Ագրարային ֆրոնտում» (1933-34) ևն։ Խորհրդային շրջանի պարբ-ները փորձել են ընթերցողներին հեռու պահել եկեղեցուց, արմատախիլ անել սնոտիապաշտությունը։ Այդ նպատակով հրատարակվել են հակակրոն., քաղաքական, գիտական «Անաստված», կրոնաբարոյական և պատմագիտական «Ազատ եկեղեցի» պարբ-ները։
Կոմկուսը մեծ ուշադրություն է դարձրել երիտասարդության հետ գաղափարական աշխատանքին։ Սկզբում դա իրագործվել է պարբ-ներում երիտասարդությանը վերաբերող հատուկ թերթիկների միջոցով, այնուհետև ստեղծվել է նաև երիտասարդ. մամուլը։ Առաջնեկը ՀԼԿԵՄ ԿԿ-ի և Երևանի գավկոմի «Երիտասարդ կոմունիստ» (1921-23) պաշտոնաթերթն էր, որին հաջորդել են «Տպագրական բանվոր» և այլ պարբ-ներ։ 1923-ին հրատարակվել են արդեն 8 երիտասարդ. թերթեր։ Իր նշանակությամբ առանձնացել է ՀԼԿԵՄ ԿԿ-ի «Ավանգարդ» (խմբ.՝ Եղիա Չուբար) պաշտոնաթերթը, լույս է տեսնում 1923-ի մայիսի 5-ից, տպաքանակն սկզբում ընդամենը 1000 օրինակ էր, 1988-ին՝ 24 հզ.։ Լուսաբանել է երիտասարդ բանվորների աշխատանքային առօրյան, նորություններ հաղորդել միութ. մյուս հանրապետություններից և արտերկրից։ Ունեցել է «Թատրոն», «Սպորտ», «Գրախոսական», «Առողջապահական», «Կարմիր բանակում», «Ակտիվի անկյուն», «Բանվորական թղթակցություն», «Երիտասարդ բոլշևիկ», «Գործարանային երգեր» և այլ բաժիններ։
Խորհրդային մամուլի ուշադրության կենտրոնում էր նաև երեխաների կոմունիստական դաստիարակությունը։ Այդ նպատակին են ծառայել «Պատկոմ» (1923-ից, 1925-28 և 1950-90-ին՝ «Պիոներ», 1929-50-ին՝ «Հոկտեմբերիկ», 1990-ից՝ «Աղբյուր») ամսագիրը, «Պիոներ ղեկ» (1925), «Նոր արշալույս» (1926) թերթերը և այլն։ Խորհրդային տարիներին մամուլն սկսել է ջատագովել աշխատավոր կնոջը, բոլոր պարբ-ներում ստեղծվել են կանանց թերթիկներ։ 1924-ի մարտից հրատարակվել է ՀԿ(բ)Կ ԿԿ-ի կինբաժնի պաշտոնաթերթ «Հայաստանի աշխատավորուհի» ամսագիրը (խմբ.՝ Ֆլորա Վարդանյան)։
Խորհրդային իշխանության կարևոր հիմնախնդիրևերից էին պետական անվտանգությունն ու ռազմ. պաշտպանությունը։ Այդ պատճառով մեծ ուշադրություն է դարձվել զինվորական մամուլին։ Առաջնեկը ռազմ., կրթական ու քաղաքական «Կարմիր զինվոր» թերթն էր (1921), որը ՀԽՍՀ Կարմիր բանակի քաղբաժնի, իսկ 1922-ին հրաձգային բրիգադի քաղբաժնի պաշտոնաթերթն էր։ Այնուհետև լույս են տեսել «Կարմիր մարտիկ» (1923) թերթը և «Պահակ» (1925) ամսագիրը (հետագայում՝ «Հեղափոխության պահակ»)։ 1920-ական թթ-ին հրատարակվել են նաև հաս-քաղաքական և գրական-գեղարվեստական «Նորք», «Կոմունիստ», «Վերելք», «Մուրճ», «Նոր ակոս», «Գրական դիրքերում», «Գյուղ-գրող», «Արվեստ» և այլ պարբ-ներ։ Տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման, կոլեկտիվացման և ինդուստրացման հետ մեկտեղ առաջացել է ճյուղային և մասնագիտական, արհմիութ. մամուլը։
Խորհրդային առաջին տասնամյակում լույս են տեսել նաև գիտական պարբ-ներ։ Էջմիածնի գիտական ինստ-ը հրատարակել է «Բանբեր», ԵՊՀ-ն՝ «Գիտական տեղեկագիր»,