Էջ:Armenia Encyclopedia.djvu/781

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ռադիոֆիկացվել են, 1965-ին հիմնադրվել է ֆոնդային ձայնագրությունների խմբագրությունը՝ հեղինակային կատարումների և ռադիոբեմադրությունների ձայնագրությունների համար։ Ներկայումս ռադիոյի «Ոսկե ֆոնդում» պահպանվում են ավելի քան 150 հազար ժ տևողությամբ 20 հազար հեղինակային, երաժշտ. կատարումներ և գրական-գեղարվեստական հաղորդումներ, ասմունք, ռադիոբեմականացումներ։

«Գրական ընթերցումներ» հաղորդաշարի ավագ սերնդի՝ Հայկուհի Գարագաշի, Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի, Բաբկեն Ներսիսյանի, Հրաչուհի Ջինանյանի և մյուսների կողքին հետագայում ձևավորվել է ասմունքողների նոր սերունդ՝ Խորեն Աբրահամյան, Մետաքսյա Սիմոնյան, Էդգար էլբակյան, Գարուշ Խաժակյան, Թամար Դեմուրյան, Մարատ Հալաջյան, Սոս Սարգսյան, Վլադիմիր Աբաջյան, Վերա Հակոբյան, Սիլվա Յուզբաշյան, Սվետլանա Խանումյան, Սարգիս Նաջարյան, Կարեն Վարդանյան և ուրիշներ։

Հանրապետական հեռուստատեսության կազմավորման սկզբն. շրջանում ռադիոն աստիճանաբար նահանջել է վերլուծ. և զվարճալի հաղորդումների դաշտից։

1957-ի օգոստ-ին ռադիոկոմիտեն վերանվանվել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր ռադիոհաղորդումների և հեռուստատեսության պետական կոմիտեի (1978-ից՝ ՀԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտե. 1970-88-ին հեռուստառադիոպետկոմի նախագահը եղել է Ստեփան Պողոսյանը), որին հաջորդել է հեռուստատեսության և ռադիոյի նույնատիպ խմբագրությունների միավորումը՝ նախապատվությունը տալով հեռուստահաղորդումների խմբագրություններին։ Արդյունքում մեծ վերելք է ապրել հանրապետական հեռուստատեսությունը, նախկին ռադիոլրագրողների ջանքերով ստեղծվել են բազմաթիվ հաղորդաշարեր ու ծրագրեր, կայունացել է հեռուստատեսության ստեղծագործ․ աշխատակազմը։

1970-ական թթ-ի կեսերին ռադիոն նորից վերագտել է իր տեղը ԶԼՄ-ների համակարգում՝ փոխհամագործակցելով ու լրացնելով հեռուստատեսությանը։ 1970-ական թթ-ի վերջին այն ընդարձակել է իր հեռարձակման շառավիղը, մեծապես ավելացել է նաև ռադիոունկնդիրների թիվը։

Հայկական ռադիոյում կարևոր իրադարձություն էր 2-րդ ծրագրի հիման վրա 1973-ին «Ծիածան» ռադիոկայանի բացումը՝ «երաժշտություն + լրատվություն» ձևաչափով, որը նորություն էր ԽՍՀՄ-ում։

1977-ին «Օրբիտա-2» տիեզ. կապի կայանի և հեռուստատեսային նոր աշտարակի գործարկումներով բարելավվել է հանրապետական ռադիոհաղորդումների լսելիությունը։ 1981-ին շահագործման է հանձնվել ռադիոհաղորդումների մասնաշենքը։ Հանրապետական լարային ռադիոհաղորդման ցանցը 1987-ին ուներ 59 ռադիոհանգույց։

1985-ին ԽՍՀՄ-ում հայտարարված «վերակառուցման» ժամանակաշրջանում հասարակության մեջ սկսվել են լուրջ տեղաշարժեր, աստիճանական անցում է կատարվել միակարծությունից բազմակարծության, ամբողջատիրությունից՝ ժողովրդավարության, որն էլ, ի վերջո, հանգեցրել է ԶԼՄ-ների գործունեության կտրուկ և արմատական փոփոխությունների։

Հանրապետական ռադիոյի այս ժամանակահատվածն արմատապես տարբերվել է նախորդ շրջաններից. 1988-ի հունվ-փետր-ին ԼՂ-ում սկսված ազգ-ազատագր. շարժումից և տարեվերջին Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո հանրապետության լրատվամիջոցներն աշխատել են արտակարգ իրավիճակի պայմաններում։ Երկրաշարժի օրերին ռադիոյում հիմնադրվել է «Որոնում» հրատապ ծառայությունը, որի շնորհիվ շուրջ 17 հազար աղետյալներ միմյանց գտել են։

Ղարաբաղյան ազգ-ազատագր. շարժման հենց սկզբից կենտրոնական ԶԼՄ-ները միտումնավոր չեն լուսաբանել այն որպես արցախահայության ազգ-ազատագր. պայքար կամ խեղաթյուրված տեղեկություններ են հաղորդել ԼՂ-ում տիրող իրավիճակի մասին։ Ստեղծված պայմաններում ազատագր. պայքարի ճշմարտացի մեկնաբանությունն ապահովել են հանրապետական ԶԼՄ-ները, այդ թվում՝ ռադիոն։ Այդ տարիների հանրապետական ռադիոլրատվությունից առանձնապես ուշագրավ էր 1992-ի մայիսի 9-ին Հայաստանի և Արցախի ռադիոլրագրողների պատրաստած գիշերային հաղորդումը ազատագրված Շուշիից։

Հանրապետական ռադիոն իր հաղորդումներում մշտապես անդրադարձել է Արցախյան ազատամարտին, հեռարձակել է ռեպորտաժներ, ազատամարտիկների