Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/797

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայկական լեռնաշխարհի տարածքը հայտնի է խաղողամշակության և գինեգործության հնագույն ավանդույթներով։ Ըստ հետազոտողների՝ վայրի խաղողի մշակման հնագույն կենտրոնը Հարավարմ. Ասիան է, որը ներառում է Կովկասը, Փոքր Ասիան, Իրան․ բարձրավանդակը և Հայկական լեռնաշխարհը։ Դեռևս հնագույն շրջանից ձևավորված հայոց գինեգործ. հմտությունները հետագայում աննշան փոփոխություններով պահպանվել են։ Գինին պատրաստվում է հնձանում, խաղողը տրորում են տղամարդիկ։ Գինին պահում են մառաններում՝ կարասների մեջ։ Հայոց կենցաղում շատ սիրված է խաղողի հյութի խմորման սկզբում ստացված ըմպելիքը՝ մաճառը։ Խաղողից բացի՝ գինի են պատրաստում նաև նուռից, ծիրանից, սերկևիլից և այլ մթերքից։

Գինին համարվում է առողջարար, կենսունակությունը վերականգնող միջոց, թեպետ առօրյա կենցաղում անընդհատ չի օգտագործվում։ Խրախուսվում է գինու և առհասարակ ոգելից խմիչքի չափավոր օգտագործումը։

Օղին տնային պայմաններում թորում են խաղողից, հոնից, ծիրանից, թթից և այլ մրգերից։

Գինին և օղին օգտագործվել են ավանդ. տոնածիս. արարողությունների ժամանակ՝ ժողովրդական տոներ, ամուսնահարսանեկան արարողություններ (խոսքկապ, նշանդրեք, գինեթափեք, բուն հարսանիք), թաղման հետ կապված ծեսեր (հոգեհաց), մկրտության արարողություն ևն։

Առհասարակ, տոն. ուտեստները տարբերվում են առօրյա կենցաղում պատրաստվող կերակուրներից՝ մթերքի ընտրությամբ, պատրաստման, ճաշակման, մատուցման կարգով։ Առանձնացնում են պասուց և ուտիս մթերք ու կերակուրներ։ Որոշ ուտեստներ պատրաստվել են նաև առօրյայում, սակայն, ելնելով դրանց վերագրված խորհրդանշ. հատկանիշներից, դարձել են որևէ տոնի կամ ծեսի բաղկացուցիչ մաս։

Տոնածիս. ուտեստի ընտրությունը պայմանավորվել է նաև բնաաշխարհագր. պայմաններով, տվյալ մշակույթում ընդունված ուտեստի տեսականիով, տարվա եղանակով, տոնի բովանդակությամբ, միաժամանակ ուտեստի՝ որպես խորհրդանիշի նշանակությամբ։ Տոն. կերակուրների մասին պատկերացումները ժամանակի ընթացքում փոխվում էին։

Ձմեռային և գարնանային տոներին առավելապես հատուկ էր նախորդ բերքահավաքի մթերքներից կերակուրների պատրաստումը։ Իսկ ամառային և աշնանային տոնածիս. կերակրատեսակները հիմնականում կապված էին առաջին պտղի ճաշակման հետ, որն ուղեկցվել է ծիս. արարողություններով, որին սովորաբար նախորդել է այդ պտղի օգտագործման արգելքը (օր.՝ Վարդավառից առաջ՝ խնձորի, Խաղողօրհնեքից առաջ՝ խաղողի) և ապա դրանց ծիսականացված ճաշակումը։ Միաժամանակ, տնտեսական տարվա ավարտի տոների և ծեսերի միջոցով կարծես շնորհակալություն էին հայտնում բնության ուժերին այդ տարվա բերքի համար՝ ակնկալելով նաև բարեհաճ վերաբերմունք գալիք տարում։

Որոշ ուտեստների և մթերքների վերագրվել են հատուկ ծիս., խորհրդանշ. հատկանիշներ՝ պայմանավորված այդ ուտեստի կամ մթերքի՝ տնտեսության մեջ ունեցած արժեքով, արտաքին հատկանիշներով, նաև տոնի կամ ծեսի բովանդակությամբ։

Տնտեսության մեջ ունեցած դերով առանձնացնում էին հացահատիկային մշակաբույսերը, հատկապես՝ ցորենը, որոնց վերագրում էին բեղմնավորություն, առատություն, կյանքի շարունակականություն ապահովելու խորհուրդ, որպես սերմ՝ նոր կյանք էին իրենց մեջ կրում։

Ընդեղենին նույնպես վերագրվում էր առատություն, բեղմնավորություն ապահովող խորհուրդ՝ պայմանավորված դրանց արտաքին հատկանիշներով՝ բազմաքանակությամբ։ Ժամանակակից կենցաղում պահպանված Ամանորի սեղանին ընկույզի, նուշի, պնդուկի առկայությունը նույնպես ունի տոնածիս. նշանակություն՝ որպես բեղմնավորության և առատության խորհրդանիշներ։ Պահպանվել է նաև Տյառնընդառաջին պատրաստվող աղանձին տարատեսակ ընդեղեն խառնելու սովորույթը։

Որպես տոնածիս. խորհրդանիշներ՝ հայոց ավանդ․ մշակույթում ընդունված էին նաև մրգերը՝ թարմ և չորացրած։ Խնձորն ու նուռը սիրո և պտղաբերության խորհրդանիշներ էին, որի մասին վկայում են նշանված զույգերի՝ տարբեր առիթներով միմյանց խնձոր նվիրելու սովորույթը,