1995-2000-ին կառուցապատման հետևանքով վերացվել է ևս 700 հա ծառածածկ տարածք։ 2004-ին քաղաքում մնացել էր 570 հա կանաչ տարածք՝ 60 % միջին ծառածածկով (342 հա), կանաչապատման աստիճանը՝ 1,55 %։
2005-07-ին վերակառուցվել է շուրջ 120 կմ ջրագիծ, որը մայրաքաղաքում կանաչ տարածքների համեմատաբար լիարժեք պահպանման և հետագայում ավելացման լավ նախապայման է։
2005-07-ին Երևանում տնկել են 110 հազար ծառ և 162 հազար թուփ՝ 65-70 % կպչողականությամբ։ Նախատեսված է մինչև 2020-ը շարունակել ծառազուրկ տարածքների վերականգնումն ու կանաչապատումը, ինչպես նաև ստեղծել նորերը՝ հիմնականում Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Դավթաշեն վարչական շրջաններում։ Կանաչապատման մեծածավալ աշխատանքներ նախատեսված են Դալմայի այգիներում (256 հա, քաղաքային նշանակության պատմամշակույթ. համալիր), ինչպես նաև Հրազդանի կիրճում և այլն։
Տրանսպորտով ծանրաբեռնված պողոտաներում և փողոցներում տնկել են գազադիմացկուն ծառատեսակներ, որոնք զգալիորեն կմեղմեն տրանսպորտային միջոցների արտանետած վնասակար նյութերի ազդեցությունը։
Մայրաքաղաքի հվ. հատվածում՝ Շենգավիթ, Էրեբունի, Նուբարաշեն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, որտեղ մթնոլորտում զգալիորեն բարձր է փոշու պարունակությունը, նախատեսվում է տնկել փոշեկլանիչ ծառատեսակներ և թփատեսակներ։
Երևանի նոր՝ գլխավոր հատակագծով՝ մինչև 2020-ը նախատեսվում է 1300 հա-ով ավելացնել կանաչ տարածքները։ Մշակվել են առաջիկա 15 տարվա կանաչապատման երկարաժամկետ և կարճաժամկետ ծրագրեր։
Երևանի տարբեր հատվածներում կան 41 զբոսայգի և պուրակ։ 2010-ի հոկտ-ին ավարտվել է Սիրահարների այգու (նախկին Ալեքսանդր Պուշկինի անվան) վերակառուցումը, որն ունի գեղեցիկ արհեստ․ լճակներ ու ջրվեժներ, քարե հորինվածքներ ու արձաներ, ինչպես նաև բացօթյա ամֆիթատրոն։
Երևանի մթնոլորտային օդի որակի վրա ազդող հիմն․ գործոններն անշարժ և շարժ․ (ավտոտրանսպորտ) աղտոտման աղբյուրների արտանետումներն են։
Մայրաքաղաքի օդային ավազանում գերակշռում են 4 վնասակար նյութեր՝ փոշի, ազոտի և ածխածնի օքսիդներ, ծծմբային անհիդրիդ։ Ըստ «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոնի» տվյալների՝ 2006-ին Երևանում փոշու տարեկան միջին կոնցենտրացիան թույլատրելի շեմը գերազանցել է 2,3, ծծմբի երկօքսիդինը՝ 1,8, ազոտի երկօքսիդինը՝ 1,2, գետնամերձ օզոնինը՝ 1,9 անգամ։
Երևանի մթնոլորտի վրա վնասակար ներգործություն ունեն հատկապես «Երևանի ՋԷԿ», «Մաքուր Երկաթ», «Գաջի», «Ասֆալտագործ», «Նաիրիտ» գործարանները։ Վնասակար արտանետումների ծավալները նվազեցնելու նպատակով 2002-ից արգելվել է կապար պարունակող բենզին ներկրելը մայրաքաղաք, 2006-ի հունվ. 1-ից՝ առանց չեզոքարարների մեքենաներ, 2006-09-ին իրականացվել է ավտոտրանսպորտային միջոցներից արտանետումների նվազեցման ծրագիր և այլն։ 2005-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել նաև Կիոտոյի արձանագրությունը, որով կարգավորվում են ջերմոցային գազերի արտանետման չափաքանակները։ Այդ արձանագրության շրջանակներում քաղաքապետարանը և ճապոն. «Շիմիձու» կորպորացիան համատեղ մշակել են Նուբարաշենի աղբավայրից կենսագազի օգտահանման և էներգիայի արտադրության նախագիծ, որը հնարավորություն կտա 16 տարում նվազեցնել աղբավայրից մեթանի մոտ 100 հազար տ արտանետումը մթնոլորտ։ 2005-08-ին իրականացվել է նաև կենցաղային կոշտ թափոնների վերամշակման, վնասազերծման և ոչնչացման ծրագիր։
Երևանի տարածքում բնական ջրավազանների (Հրազդան, Գետառ, Ջրվեժ) աղտոտման հիմն․ պատճառը տնտեսաֆեկալային և արդյունաբերական կոյուղու չմաքրված կամ ոչ բավարար մաքրված, ինչպես նաև հարակից տարածքներից անկազմակերպ արտահոսքերով (հալոցքային, անձրևների և ոռոգման ջրեր) աղտոտումն է։ Քաղաքի սահմանագծում մակերևութային ջրերի միակ աղբյուրը Հրազդան գետն է, որի ջրերն օգտագործվում են ոռոգման, արդյունաբերական, ինչպես նաև կենցաղային կարիքների համար։
Գետերն են լցվում նաև քաղաքի բոլոր հոսքաջրերը, իսկ նրանց ավազանի մաքրությունը քաղաքի հրատապ բնապահպան. խնդիրներից է։ Դեռևս բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ բաց ջրավազան ելք