Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/860

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայտնի են «Գյումրի», «Ալեքսանդրապոլ» գարեջրի գործարանները, «Լուսաստղ Շուգրե» հայ-ամերիկյան տնաշին. միավորները ևն։

Կրթամշակութային հաստատությունները։ Գործում են 30 նախադպրոց. հիմնարկ, 57 հանրակրթ., 9 երաժշտ. և արվ-ի, 31 մարզ. դպրոցներ, 7 պետական և 1 ոչ պետական միջին մասնագիտական հաստատություններ, Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժ. ինստ-ը, ԵՊՃՀ-ի և ԵՊՏՀ-ի մասնաճյուղերը, ոչ պետական 2 բուհ, 15 գրադարան, 6 հյուրանոց, 15 ամբուլատոր-պոլիկլինիկ. հիմնարկներ, 11 հիվանդանոց, քաղաքային մարզադաշտ, ծածկած լողավազան և ՀՀ հս. տարածաշրջանի սեյսմիկ պաշտպանության կենտրոնը, ՀՀ ԳԱԱ Երկրաֆիզիկական և ճարտարագիտական սեյսմաբանության ԳՀԻ-ն, Վարդան Աճեմյանի անվան դրամատիկ. և Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնները, հայրենագիտական թանգարանը, Ավետիք Իսահակյանի (1963), Մինաս Ավետիսյանի (1982), Սերգեյ Մերկուրովի (1984), «Կումայրի» պատմամշակութային արգելոցը (1985), Երանուհի և Մարիամ Ասլամազյան քույրերի (1987), Հովհաննես Շիրազի (2003) թանգարանները, Մհեր Մկրտչյանի (2006) տուն-թանգարանը ևն, 4 հեռուստա- և ռադիոընկերություններ, մարզային նշանակության մշակութալուսավորչ. կենտրոններ։ Հրատարակվում են «Շիրակ» (1991) հանդեսը, «Կումայրի» (1998), «Շրջապատ» (1999), «Հինգշաբթի» (2005) և այլ թերթեր։ Գործում է «Շանթ» (1999) հեռուստաընկերությունը։

Պատմաճարտարապետական հուշարձաններից են Կումայրիի քառամույթ գմբեթավոր (VII դ.), Սբ Ամենափրկիչ (1858-76, Անիի Կաթողիկե տաճարի նմանությամբ), Սբ Աստվածածին («Յոթ վերք») և ռուս. Սբ Ալեքսանդրայի («Պլպլան ժամ») եկեղեցիները (երկուսն էլ՝ XIX դ.), աշտարակավոր, պարսպապատ ամրոցը, «Մայր Հայաստան» (քանդ.՝ Արա Սարգսյան) և Ավետիք Իսահակյանի հուշարձանները, «Աստղի հրապարակը», Աշոտ Ողորմածի ձիարձանը (2008), «Մեռնող արծիվ» հուշարձանը (2009, երկուսն էլ՝ քանդ.՝ քանդ.՝ Ֆերդինանդ Առաքելյան), ռուս-պարսկ. պատերազմում (1826-28) զոհված ռուս զինվորների և հայ աշխարհազորայինների հիշատակը հավերժացնող «Պատվո բլուր» հուշակոթողը, Սպիտակի երկրաշարժի և Արցախյան ազատամարտի զոհերին նվիրված հուշարձանները ևն։ Հայտնի են նաև Զորավար Անդրանիկի ձիարձանը (1990, քանդ.՝ Գաբրիել Եփոյան), «Գարեգին Նժդեհ» (1993, քանդ.՝ Արտյուշ Պապոյան), «Շառլ Ազնավուր» (2001, քանդ.՝ Սամվել Պետրոսյան) հուշարձանները, Ֆիդայիների հիշատակին նվիրված արձանաշարը (2004, քանդ-ներ՝ Թադևոս Գևորգյան, Մարտին Տոնոյան, Գաբրիել Եփոյան) ևն։

Արթիկը (ք.՝ 1938-ից) գտնվում է Երևանից 100 կմ հյուսիս-արմ.՝ Գյումրիից՝ 20 կմ արլ.՝ Արագածի հյուսիս-արմ. ստորոտին՝ ծովի մակերևույթից 1800 մ բարձր. վրա։ Անվանումը հավանաբար առաջացել է հայերեն «այր» և պարսկ. «թիկ» (բարձունք) բառերի միավորումից։ Տարածքն 6 կմ2 է, բն.՝ 17,4 հազար (2012)։ Տնտեսության մեջ առանձնանում են սննդի (հացի, պանրի), ապակե կաղապարների, մետաղասարքավորումների, արտադրությունները։ Քաղաքի շրջակայքում կան արդյունաբերական նշանակության շին. ավազի, վարդագույն տուֆի, խարամի և պեմզայի պաշարներ։ Առավել հայտնի են Արթիկի տուֆը և տուֆ արդյունահանող ձեռնարկությունները։ «Արթիկտուֆ» կոմբինատն արտադրում է տուֆաբլոկներ ու որմնաքարեր։

Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ ու թռչնաբուծությամբ։

Գործում են 8 հանրակրթական, գեղարվ-ի, երաժշտ., հատուկ, մարզ. դպրոցներ, 2 քոլեջ, մանկապարտեզ, մշակույթի տուն, հիվանդանոց, պոլիկլինիկա, բուժկետ, կապի հանգույց։

Արթիկի կենտրոնական մասում կիսավեր պահպանվել են Սբ Աստվածածին (Մարինե, V դ.) և Սբ Գևորգ (VII դ.) եկեղեցիները։ Քաղաքից 2 կմ հվ. Լմբատավանքն է (VI դ.), իսկ 4 կմ արմ. բացվել է ուշբրոնզեդարյան (մ. թ. ա. XIII-XII դդ.) խոշոր դամբարանադաշտ (ավելի քան 1000 դամբարան)։