Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/863

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արտադրությունը (Որոտանի ջրէկների կասկադ), թեթև ու սննդի արդ-յան ճյուղերը։

Գյուղատնտեսությունը հիմնականում մասնագիտացված է բուսաբուծության (մասնավորապես՝ հացահատիկային բույսերի և կարտոֆիլի մշակություն) և անասնաբուծության (հատկապես՝ տավարաբուծություն) մեջ։ Զբաղվում են նաև մեղվաբուծությամբ և թռչնաբուծությամբ։ Մարզն ունի զբոսաշրջության զարգացման մեծ հեռանկար։

2011-ին գյուղատնտեսական նշանակության հողերը կազմել են 333855,8 հա, որից վարելահող՝ 43790,4 հա, հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի ցանքատարածությունը՝ 18327 հա, պտղի և հատապտղի տնկարկները՝ 2587 հա։ Մարզն ուներ 51,2 հազար խոշոր եղջերավորներ (25,3 հազար կով), 73,2 հազար ոչխար և այծ, 7,6 հազար խոզ։ Արտադրվել է 11,1 հազար տ միս (կենդանի զանգվածով), 55,8 հազար տ կաթ, 28,2 մլն ձու, 138,4 տ բուրդ։

Տարածքով անցնում են Երևան-Գորիս-Ստեփանակերտ, Հայաստան-Իրան, Կապան-Ծավ-Մեղրի ավտոմայրուղիները։ 2011-ից գործում է Հալիձոր-Տաթև ճոպանուղին (առավելագույն բարձրություն՝ 380 մ)։

Կրթամշակութային հաստատությունները։ Գործում են 45 նախադպրոց․ հաստատություններ, 123 հանրակրթական, 17 երաժշտ., արվ-ի, գեղարվ-ի դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործ․ կենտրոններ, պետական բուհի 2 մասնաճյուղ և ոչ պետական բուհ, 4 նախնական և 8 միջին մասնագիտական հաստատություններ, 27 ամբուլատոր-պոլիկլինիկ. հիմնարկներ (288 բժիշկ և 809 միջին բուժաշխատող), «Սոսի» մարզային հեռուստաընկերությունը, հրատարակվում է «Սյունյաց աշխարհ» մարզային պաշտոնաթերթը։

Միջնադարյան Հայաստանի կրթության կենտրոններ են եղել Տաթևի համալսարանը (XIV դ.), Տաթևի Մեծ (XVII դ.), Խնձորեսկի (XVII դ.), Հալիձորի Հարանց (XVII դ.) և Շինուհայրի Կուսանաց (XVII-XVIII դդ.) անապատները։ Խնձորեսկի անապատում է Մխիթար Սպարապետի գերեզմանը։

Մարզը ներառված է Հայաստանյայց առաքել․ եկեղեցու Սյունյաց թեմի կազմում, առաջնորդանիստը Գորիսի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է։

Պատմաճարտ. հուշարձանները։ Պահպանվել են հնագույն բնակատեղիներ (Ուզ, Նորավան, Սիսիան), դամբարաններ, Սիսիան ք-ից հս.՝ մ. թ. ա. III-II հազարամյակների մեգալիթյան «Զորաց դաշտ» համալիրը (նոր հետազոտություններով՝ «Քարահունջ» աստղադիտարան, մ. թ. ա. VII հազարամյակ), քարայրային բնակարաններ (Գորիս, Խնձորեսկ)։ Բարձրարժեք հուշարձաններից են Բաղաբերդը (III-IV դդ.), Կուլձորի քարայրը, Թանահատի վանքը (V դ.), Աղուդիի մահարձանը (V-VI դդ.), Երիցվանքը (V-XI դդ.), Տաթևի վանքը (IX-XIX դդ.), Վահանավանքը (X դ.), Որոտնավանքը (X-XI դդ.), Բղենո Նորավանքը (XI դ.), Հարժիսի կարավանատունը (XIV դ.), Տանձափարախի անապատը (XVII դ.), Հալիձորի բերդը (XVII-XVIII դդ.) և այլն։