Էջ:Armenia Encyclopedia.djvu/864

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քաղաքները

Կապան (մինչև 1990-ը՝ Ղափան, ք.՝ 1938-ից) մարզկենտրոնը գտնվում է Երևանից 301 կմ հվ.՝ Խուստուփ լեռան հս. ստորոտին՝ մոտ 705 մ բարձր․ վրա՝ Ողջի գետի և նրա Վաչագան ու Կավարտ վտակների ափերին։ Տարածքը 35,7 կմ² է, բն.՝ 45,5 հազար (2012)։ Անվանվել է V դ-ի Կապան (նշանակում է լ-անցք) բերդաքաղաքի անունով։

998-1001-ին եղել է Սյունիքի թագավորության մայրաքաղաքը։ ՀՀ արդյունաբերական խոշոր քաղաքներից է։ Տնտեսության առաջատար ճյուղն արդ-ն է, ընդհանուր ծավալում գերակշռողը հանքարդ-ն է՝ գունավոր և ազնիվ մետաղների արդյունահանումը։

Պղնձահանքերը շահագործվել են դեռևս միջնադարում։ Փոքր հանքավայրերն ու դրանց կից ավաններն ավերվել են XVIII դ-ում։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո պղնձի հանույթն ու ձուլումը որոշակիորեն աշխուժացել են։ XIX դ-ի 2-րդ կեսին պղնձարդ-յան մեջ մուտք է գործել ֆրանս. կապիտալը, և պղնձի հանույթն ու ձուլումը կատարել են մասնավոր ձեռնարկությունները։

Զարգացած է նաև մշակող արդ-ը (սննդամթերքի, ոչ հանք․ շինանյութերի, ալյումինե ու մետաղապլաստիկե իրերի, բնակափայտի մշակման ու փայտի արտադրատեսակների, կահույքի ու սարքավորանքի արտադրություններ) և էլեկտրաէներգիայի արտադրությունը։ Ձեռնարկություններից հայտնի է Կապանի լեռնահանք․ կոմբինատը։

Ավտոխճուղով կապված է Երևանի, Գորիսի, Քաջարանի և Ստեփանակերտի հետ։

Գործում են 18 հանրակրթական, երաժշտ., մարզ., գեղարվ-ի դպրոցներ, բժշկ. և երաժշտ. քոլեջներ, մարզահրապարակ, Շիրվանզադեի անվան դրամատիկ․ թատրոնը, ՀՊՃՀ-ի մասնաճյուղը, հայրենագիտական թանգարանը և այլն։ Քաղաքում կանգնեցվել են Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի (1914-1943) հուշարձանը, ազգային գործիչ Արամ Մանուկյանի (1879-1919) կիսանդրին, զորավար Դավիթ Բեկի (ծ. թ. անհտ-1728) ձիարձանը, Գարեգին Նժդեհի (Տեր-Հարությունյան, 1886-1955) հուշահամալիրը։

1991-93-ին քաղաքը բազմիցս հրետակոծվել է Ադրբեջանի կողմից և ենթարկվել զգալի ավերածությունների։

Ագարակը (ք.՝ 1995-ից) գտնվում է Երևանից 385 կմ հարավ-արմ.՝ Արաքսի ձախ ափին։ Տարածքը 6 կմ² է, բն.՝ 5 հազար (2012)։ Հիմնադրվել է 1949-ին։ Տնտեսության առաջատար ճյուղը հանքարդ-ն է, կարևորագույնը գունավոր մետաղների արդյունահանումն է։ Տնտեսության զարգացումը կապված է Ագարակի «Պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի հետ։

Ագարակը ՀՀ-ի հվ. դարպասն է։ Քաղաքում են Հայաստան-Իրան սահմանային և մաքսային կետերը։

Գործում են մանկապարտեզներ, հանրակրթական և արվ-ի դպրոցներ, մշակույթի տուն, գրադարան, հիվանդանոց, պոլիկլինիկա և այլն։

Գորիսը (ք.՝ 1885-ից) գտնվում է Երևանից 236 կմ հվ.՝ Վարարակն գետի ափին՝ 1370 մ բարձր․ վրա։ Տարածքը 6 կմ² է, բն.՝ 23,1 հազար (2012)։ Հիմնադրվել է 1870-ին։ Քաղաքի արևելքում՝ Վարարակն գետի ձախափնյա ժայռագոգավորության մեջ էր Հին Գորիսը՝ Կյորեսը՝ հնագույն ժայռափոր կառույցներով, քարանձավային բնակարաններով և կից շինություններով, որոնց վրա իշխում էր ոչ մեծ ամրոցը։ 1870-ական թթ-ից եղել է Զանգեզուրի գավառի կենտրոնը։ 1920-21-ին Գորիսը եղել է Լեռնահայաստանի Հանրապետության մայրաքաղաքը, 1930-95-ին՝ համանուն շրջանի վարչական կենտրոնը։ Արևելյան մասում է քաղաքի խորհրդանիշ Լաստի խութ բլուրը։

Զարգացած են էլեկտրաէներգիայի, սննդամթերքի, մանածագործ., կարի, բնափայտի մշակման և փայտե արտադրատեսակների ու էլեկտրասարքավորումների արտադրությունները։ Խոշոր ձեռնարկություններից են «Գամմա», «Զանգեզուր», «Գորիսի միկրոշարժիչ» ԲԲԸ-ները։