Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կենսաբազմազանության պահպանություն

ՀՀ և ԼՂՀ աշխարհագր. դիրքը և ռելիեֆը նպաստել են կենսաբազմազանության մեծ տեսականու՝ հարուստ բնաշխարհիկության և ագրոկենսաբազմազանության ձևավորմանը։ Մեր երկրի ոչ մեծ տարածքում աճում են շուրջ 3600 տեսակի անոթավոր բույսեր, ավելի քան 4700 տեսակի սնկեր, կան մոտ 540 տեսակի ողնաշարավոր և մոտ 17000 տեսակի անողնաշար կենդանիներ։ Այստեղ ներկայացված են Կովկասի բոլոր հիմն. բնական էկոհամակարգերը՝ բացառությամբ խոնավ մերձարևադարձայինների։

ՀՀ և ԼՂՀ կենսաբազմազանությունը հարուստ է տնտեսապես արժեքավոր տեսակներով։ Բույսերի մոտ 2000 տեսակ ունի սննդարար, կերային, դեղատու, ներկատու, եթերայուղատու, մեղրատու, խիժատու, մի շարք կենդանիներ՝ մորթատու, մսատու և այլ օգտակար հատկություններ։

Կենսաբազմազանությունը ՀՀ-ում օգտագործել են տարերայնորեն՝ առանց հաշվի առնելու բուս. և կենդ. պաշարների վերարտադրության ապահովման բնական հնարավորությունները։ Դրա հետևանքով աստիճանաբար դեգրադացվել և ոչնչացվել են որոշ տեսակներ, կենսաբազմազանությունն աղքատացել է, և ոչ ռացիոնալ օգտագործման պատճառով որոշ բնակմիջավայրեր (անտառներ, լեռն. արոտավայրեր և գերխոնավ տարածքներ) նույնպես դեգրադացել են, իսկ մի շարք տեսակներ հայտնվել են անհետացման եզրին։

Վերջին հարյուրամյակում մարդու տնտեսական գործունեության հետևանքով ՀՀ անտառների տարածքը կրճատվել է մոտ 2 անգամ, ընկել է անտառների արտադրողականությունը և պաշտպանունակությունը։ Անտառածածկ տարածքի ընդարձակման, էրոզացված լ-լանջերի անտառբարելավման նպատակով ՀՀ-ում տնկվում են արհեստ. անտառներ։

ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐ

Հատուկ պահպանվող տարածքներ են ազգային պարկերը, արգելոցները, արգելավայրերը և բնության հուշարձանները։ Հանրապետությունում կան 4 ազգային պարկեր («Սևան», «Դիլիջան», «Արփի լիճ», «Արևիկ»)՝ 274.508,4 հա, 3 արգելոց («Խոսրովի անտառ», «Շիկահող», «Էրեբունի»)՝ 39.615 հա, 25 արգելավայր՝ 89.610 հա տարածքներով։

Ազգային պարկեր

«Սևան» ազգային պարկն ստեղծվել է 1978-ին՝ Սևանա լճի բնական էկոհամակարգի պահպանության նպատակով։ Տարածքը 150,1 հազար հա է (24,8 հազար հա-ն՝ ցամաքային)։ Իրականացնում է լճի և նրա ավազանի բնական լանդշաֆտների, պաշարների, բնության և պատմամշակութային հուշարձանների պահպանությունը և օգտագործման վերահսկողությունը, համակարգում և վերահսկում է հանգստի ու զբոսաշրջության կազմակերպումը։ Ներկայումս «Սևան» ազգային պարկում իրականացվում է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման ու պահպանման, բնական պաշարների վերականգման և օգտագործման միջոցառումների համալիր ծրագիր՝ լճի մակարդակի բարձրացումը (մինչև 6 մ-ով), մաքրությունը, կենսաբազմազանությունը, բնապահպան. գործունեությունը և ռեկրեացիոն ներուժի արդյունավետ օգտագործումն ապահովելու նպատակով։ Սևանի պահպանությունը և բարվոք վիճակում գալիք սերունդներին փոխանցելը համազգային հիմնախնդիր է։

«Դիլիջան» ազգային պարկն ստեղծվել է 2002-ին՝ համանուն արգելոցի (1958) հիման վրա՝ ՀՀ Տավուշի մարզում։ Տարածքը 28,002 հա է։ Բուս․ աշխարհն ընդգրկում է գետնամուշկազգիների՝ 1, ձիաձետազգիների՝ 1, պտերների՝ 12, մերկասերմերի՝ 7, ծածկասերմերի 881 տեսակ։ Պարկում հանդիպում են հազվագյուտ և անհետացող շուրջ 40 բուսատեսակներ (29-ը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում), նաև կովկասյան՝ 27, Հայկական լեռնաշխարհի՝ 25, հարավկովկասյան 21 բնաշխարհիկներ։ Կենդ․ աշխարհն ընդգրում