Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է ձկների՝ 5, երկկենցաղների՝ 4, սողունների՝ 13, թռչունների՝ 147, կաթնասունների 43 տեսակ, ձկներից՝ կարմրախայտը, Քուռի բեղլուն, Քուռի լերկաձուկը և այլն, թռչուններից՝ կովկասյան մայրեհավը, վայրի հնդկահավը, քարարծիվը, գառնանգղը, կաթնասուններից՝ խլուրդը, գորշուկը, կզաքիսը, աքիսը, լուսանը, անտառային կատուն, սկյուռը և այլն։ Հանդիպում են նաև այծյամ, գետամերձ շրջաններում՝ ջրասամույր։ Տարածքում են Մաթոսավանքը, Հաղարծնի վանքը (երկուսն էլ՝ X-XIII դդ.), Գոշավանքը, Ջուխտակ վանքը (երկուսն էլ՝ XII-XII դդ.) ևն։

«Արփի լիճ» ազգային պարկի (Շիրակի մարզ) հիմնադրման աշխատանքներն սկսվել են 2007-ից և կավարտվեն 2012-ին։ Տարածքը ՀՀ-ում 21,1 հա է։ Բուս․ աշխարհը ներառում է 670 տեսակ, որոնցից 22-ը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում, կենդ․ աշխարհը՝ 30 հազվագյուտ տեսակի կաթնասուններ, թռչունների մոտ 200 տեսակ, որոնցից 40-ը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։ Ստեղծման նպատակը Ջավախք-Շիրակյան բարձրավանդակի յուրահատուկ կենսաբազմազանությունը պահպանելն է։

«Արևիկ» ազգային պարկը (Սյունիքի մարզ) ստեղծվել է 2009-ին՝ Զանգեզուրի լեռնաշղթայի Մեղրի լ-բազուկի հվ. լանջերի, ինչպես նաև Մեղրի, Շվանիձոր և Նյուվադի գետերի ջրհավաք ավազանների բնական էկոհամակարգերը, բնության եզակի հուշարձանները պահպանելու նպատակով։ Տարածքը 34401 հա է։

Արգելոցներ

«Խոսրովի անտառ» արգելոցն ստեղծվել է 1958-ին ՀՀ Արարատի մարզում։ Տարածքը 29126 հա է, անտառածածկ է 9446 հա-ն։ Բուս․ աշխարհն ընդգրկում է բարձրակարգ բույսերի 560 ցեղի և 95 ընտանիքի շուրջ 1800 տեսակ (ՀՀ բուս․ աշխարհի ավելի քան 50 %-ը), որոնցից 146-ը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում, կենդ․ աշխարհը՝ ձկների՝ 9, երկկենցաղների՝ 4, սողունների՝ 30, թռչունների՝ 142, կաթնասունների 50 տեսակ, որոնցից շատերը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։

Շիկահողի արգելոցն ստեղծվել է 1958-ին ՀՀ Սյունիքի մարզում։ Տարածքը 10,330 հա է, անտառածածկ է 94%-ը։ Բուս․ աշխարհն ընդգրկում է բարձրակարգ բույսերի 432 ցեղի և 92 ընտանիքի 1100 տեսակ, որոնցից 70-ը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։ Կան բազմաթիվ բնաշխարհիկներ, 18 տեսակի հազվագյուտ մամուռներ։ Կենդ․ աշխարհը նույնպես բազմազան է (գորշ արջ, բեզոարյան այծ, գայլ, աղվես, գորշուկ, հովազ, քարարծիվ, վայրի հնդկահավ, սողունների բազմաթիվ տեսակներ), շատերը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։

«Էրեբունի» արգելոցն ստեղծվել է 1981-ին ՀՀ Կոտայքի մարզում։ Տարածքը 89 հա է։ Բուս․ աշխարհը ներառում է բարձրակարգ բույսերի 176 ցեղի և 42 ընտանիքի 278 տեսակ, որոնցից 7-ը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։ Հանդիպում են աշխարհում հայտնի վայրի ցորենի 4 տեսակից 3-ը (արարատյան, ուրարտու և միահատիկ)՝ ներտեսակային մեծ բազմազանությամբ (շուրջ 110 տարատեսակ)։ Կենդ․ աշխարհն ընդգրկում է երկկենցաղներ՝ կանաչ դոդոշ, լճագորտ, փոքրասիական ծառագորտ, սիրիական սխտորագորտ, սողուններ՝ անդրկովկասյան գյուրզա, ոսկեգույն տրախիլեպիս, սահնօձի տարբեր տեսակներ, միջերկրածովյան կրիա և այլն։

Երևանի կենդբ. այգում պահպանվում են կենդանիների և թռչունների մոտ 183 տեսակներ, որոնցից 34-ը գրանցված են բնության պահպանության միջազգային «Կարմիր գրքում», 50-ը՝ ՀՀ Կարմիր գրքում (1987), իսկ բուսաբ. այգում կան մոտ 300 տեսակի բույսեր։