Մարզը ներառում է Իջևանի, Նոյեմբերյանի և Տավուշի նախկին վարչական շրջանների և Դիլիջան քաղաքի տարածքները։ Անվանումն ստացել է Տավուշ բերդի անունից։ Անցյալում կազմել է Մեծ Հայքի Գուգարք և Ուտիք նահանգների մասը։ Հետագայում եղել է Բագրատունիների, ապա՝ Զաքարյանների տիրույթ։ XIII դ-ում ավերել են մոնղոլ-թաթարները։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո կազմել է Ելիզավետպոլի նահանգի, 1920-30-ին՝ Հայաստանի Լոռի-Փամբակի ու Դիլիջանի գավառների մաս։ 1930-ին տարածքում կազմավորվել են Իջևանի և Շամշադինի, 1937-ին՝ Նոյեմբերյանի վարչական շրջանները։
Գտնվում է ՀՀ-ի հս-արլ-ում։ Հվ-արլ-ում և հվ-ում սահմանակից է Կոտայքի և Գեղարքունիքի, արևմուտքում՝ Լոռու մարզերին, հյուսիսում՝ պետական սահմանով՝ Վրաստանին (50 կմ), արևելքում՝ Ադրբեջանին (350 կմ)։ Մարզը տարածվում է Փոքր Կովկասի լեռնաշղթայի արտաքին շարի վրա (Վիրահայոց, Գուգարաց և Միափորի լեռներ)։ Գուգարաց լեռնաշղթայից ճյուղավորվում են Ոսկեպարի, Իջևանի անտառապատ լ-ճյուղերը, իսկ Միափորի լեռնաշղթայից՝ Տավուշի ու Խնձորուտի համանուն գետահովիտներով բաժանվող անտառապատ ճյուղերը։ Միջին բարձրություն 1000 մ է, առավելագույնը՝ 2993 մ (Մուրղուզ լ.)։ Հյուսիսում Բագրատաշենի հարթավայրն է (բարձրություն՝ 380 մ, ՀՀ ամենացածր վայրը՝ Դեբետավան գյուղի մոտ)։ Լեռնագր. միավորներից են նաև Կենաց և Հախումի լեռնաշղթաները։ Ռելիեֆի գլխավոր տարրը տարածքը հարավ-արևմուտքից հյուսիս-արլ. հատող Աղստևի գեղատեսիլ հովիտն է։
Տարածքի 40,3 %-ն զբաղեցնում են խառն անտառները, որոնք աչքի են ընկնում բուս․ և կենդ․ աշխարհների բազմազանությամբ։ Բնության պահպանության, հարստացման և տեղական պայմաններում նոր տեսակների ներդրման նպատակով Աղստևի ավազանում ստեղծվել են բնության հատուկ պահպանվող տարածքներ [Դիլիջանի ազգային պարկը, Իջևանի անտառպուրակը (դենդրոպարկ), Արջատխլենու, Գանձաքարի, Ախնաբաթի կենու պուրակ արգելավայրերը]։
Մարզի և հատկապես Աղստևի հովտի բնակլիմ. պայմանները (մեղմ կլիմա, թթվածնով հարուստ լեռն․ մաքուր օդ, հանք․ բուժիչ ջրեր, անտառներ) նպաստավոր են բնակչության հանգստի կազմակերպման, առողջության վերականգնման և միջազգային զբոսաշրջության զարգացման համար։
Տարածքով հոսում են Աղստևը՝ Բլդան, Հաղարծին, Գետիկ, Սառնաջուր վտակներով, Դեբեդը, Բաղանիսը, Ոսկեպարը, Կողբը և այլն։ Գործում են Ջողասի, Հախումի, Տավուշի, Այգեձորի, Իջևանի, Սպիտակ ջուր արհեստ․ ջրամբարները։ Պարզ լիճը, գտնվում է Դիլիջանի մերձակայքում։
Մարզի տարածքում հերթափոխվում են լ-տափաստանային, լ-անտառային և մերձալպյան լանդշաֆտային գոտիները։ Համեմատաբար աղքատ է օգտակար հանածոներից։ Արդյունաբերական նշանակություն ունեն բենտոնիտային կավը, կրաքարերը, վիմագր. քարը, ֆելզիտը և այլն։ Աղստևի հովիտը հարուստ է հանք․ ջրերով։
Տնտեսությունը։ Գյուղատնտ. շրջան է։ 2010-ին տնտեսության հիմն․ հատվածների տեսակարար կշիռները հանրապետության համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում կազմել են՝ արդ-ը՝ 0,7 %, գյուղատնտեսությունը՝ 4,4 %, շին-ը՝ 2,8 %, մանրածախ առևտուրը՝ 1,1 %, ծառայությունները՝ 0,8 %։ Անասնաբուծության մեջ առաջատար են տավարաբուծությունը և խոզաբուծությունը, իսկ բուսաբուծության մեջ՝ հացահատիկային բուսերի մշակությունը և խաղողագործությունը։ Զբաղվում են նաև մեղվաբուծությամբ։ 2010-ին գյուղատնտեսական նշանակության հողերը կազմել են 112,115 հա, որից վարելահողը՝ 25,415 հա, պտղի և հատապտղի տնկարկները՝ 2350 հա, խաղողի այգիները՝ 1313 հա։ Մարզն ուներ 33,8 հազար գլուխ խոշոր եղջերավորներ (16,3 հազար կով), 14,6 հազ.