Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/877

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ

Հայաստանյայց առաքել. սբ. եկեղեցին (կոչվում է նաև Հայ առաքել․ եկեղեցի, Հայաստանյայց եկեղեցի, Հայ եկեղեցի, Հայոց եկեղեցի) հայ ժողովրդի ազգային եկեղեցին է, Արևեյյան ուղղափառ ոչ քաղկեդոն. եկեղեցիներից։ Կենտրոնը ՀՀ Վաղարշապատ քաղաքի Սբ Էջմիածնի վանքն է՝ Մայր աթոռ Սբ Էջմիածինը։

Քրիստոնեությունը Հայաստան մուտք է գործել մ. թ. I դ-ում (ըստ ավանդ․ պատմությունների՝ դեռ Հիսուսի կենդանության օրոք)՝ Ասորիքից և Կապադովկիայից։ Եկեղեցին առաքել․ է կոչվում, որովհետև այն հիմնադրել են Հիսուս Քրիստոսի առաքյալներ սբ. Թադեոսն ու սբ. Բարդուղիմեոսը, որոնք Հայաստանում առաջինն են քարոզել քրիստոնեությունը (կոչվում են «Առաջին Լուսաւորիչք Հայաստանեայց») և այստեղ էլ նահատակվել (I դ.)։ 301-ին Հայոց Տրդատ Գ Մեծ արքան (287-330) քրիստոնեությունը Հայաստանում, աշխարհում առաջինը, հռչակել է պետական կրոն։ Պետական հիմքերի վրա դնելով Հայոց եկեղեցապետի ընտրությունը՝ նա հրավիրել է հայ ավագանու ժողով և Գրիգոր Լուսավորչին կարգել Հայոց եպիսկոպոսապետ, ուստի եկեղեցին և հովվապետը պետք է ենթարկվեին թագավոր, իշխանությանը։ Հայոց արքան 302-ին Գրիգոր Ա Լուսավորչին (302-325) ուղարկել է Կապադովկիայի Կեսարիա քաղաք, որտեղ կատարվել է նրա զուտ ծիս. բնույթ ունեցող ձեռնադրությունը։ Մինչև 368-ը Հայոց կաթողիկոսները ձեռնադրվել են Կեսարիայում, ապա՝ Պապ թագավորի կարգադրությամբ՝ Հայաստանում։

325-ին Նիկիայի Ա տիեզ. ժողովին (Բութանիայի Նիկիա ք-ում) մասնակցել է Գրիգոր Ա Լուսավորչի կրտսեր որդի Արիստակեսը (հաջորդել է հորը, Արիստակես Ա Պարթև, 325-333)։ Նա իր հետ Հայաստան է բերել և Գրիգոր Ա Լուսավորչին ներկայացրել ժողովի ընդունած դավան, բանաձևը՝ Նիկիական Հավատո հանգանակը և 20 կանոնները։ Հայաստանյայց եկեղեցու դավանանքն ու վարդապետությունը հիմնված են Սուրբ Գրքի, սրբազան ավանդության, Նիկիայի (325), Կ. Պոլսի Բ (381), Եփեսոսի Գ (431) տիեզ. ժողովների, Հայ եկեղեցու ժողովների ու վարդապետների, եկեղեցու հայրերի հաստատած կանոնների և ուսուցումների վրա։

Հայոց եկեղեցու առաջին բարենորոգիչ սբ Ներսես Ա Մեծ կաթողիկոսի (353-373) նախաձեռնությամբ 356-ի Աշտիշատի եկեղեց. կանոնադիր ժողովում ընդունվել են կազմակերպչական, բարեսիր. աշխատանքներին, ինչպես նաև դավան. և ծիս. հարցերին վերաբերող որոշումներ։ 451-ի հոկտ-ին Փոքր Ասիայի Քաղկեդոն քաղաքում գումարված ժողովից հետո Բյուզ. կայսրությունը եկեղեց. և դավան․ խնդիրները փորձել է ծառայեցնել Արևելքի քրիստոնյա ժողովուրդների վրա իր քաղաքական ազդեցության ուժեղացման և նրանց եկեղեցադավան. ու ազգ-մշակութ. ինքնուրույնությունից զրկելու համար։ Ժողովի ընդունած «Մի Քրիստոս յերկուս բնութիւնս» դավան․ բանաձևը բյուզ. և Արևելյան եկեղեցիների միջև սկիզբ է դրել դավան․ վեճերի՝ պառակտելով Ընդհանրական (Տիեզ.) եկեղեցին։ Հայ եկեղեցին մերժել է Քաղկեդոնի ժողովը, քանի որ այն հակասում էր աստվածաբան. սեփական ըմբռնումներին և եկեղեցու անկախության պահպանման ձգտումներին։ Քրիստոսի բնությունների հարցում Հայ եկեղեցին ընդունել է «Մի է բնութիւն Բանին Աստուծոյ մարմնացելոյ» Ալեքսանդրյան աստվածաբան. դպրոցի բանաձևը, իսկ Ներսես Բ Բագրևանդցի կաթողիկոսի օրոք գումարված Դվինի 554-ի Բ ժողովում նզովել է Քաղկեդոնը։

Այնուհետև Հայ առաքել. եկեղեցին, դավանապես զատվելով բյուզ. եկեղեցուց, բռնել է ինքնուրույն զարգացման ուղի։ Այն վերջնականապես ամբողջացել է VIII դ-ում՝ սբ Հովհաննես Գ Օձնեցի կաթողիկոսի օրոք, երբ Դվինի 720-ի ժողովում որոշակիացվել և կանոնակարգվել են Հայ եկեղեցու ծիսապաշտամունքային կարգը, ժամերգությունները, տոները, ընդունվել «Կանոնագիրք Հայոց»-ը (24 կանոնախմբից)՝ որպես հայ եկեղեցաիրավական նորմերը կանոնավորող ժողովրդական։ Կանոնագիրքը հետագայում խմբագրվել, լրացվել է այլ կանոնախմբերով և մինչև XVII դ. ընդգրկել է 98 կանոնախումբ։

Հայաստանյայց առաքել․ սբ եկեղեցին մեկ ամբողջ․ միություն է, որի գլուխը, եպիսկոպոսապետն ու բարձրագույն հոգևոր պետը կաթողիկոսն է (Ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոս)։