ԿՐՈՆ ԵՎ ԵԿԵՂԵՑԻ
Իր գոյության ավելի քան 1700-ամյա պատմության ընթացքում Հայաստանյայց առաքել. Սբ եկեղեցին եղել և մնում է որպես հոգևոր, ազգապահպան., կրթագիտական, մշակութային ու բարեխնամ հզոր կառույց։ Եկեղեցու հետ են կապված հայ ժողովրդի համար ճակատագր. նշանակության գրեթե բոլոր իրադարձությունները (հայերեն գրերի գյուտ, Վարդանանց պատերազմ և այլն)։
Հայ առաքել. եկեղեցին ունի տեղական սրբեր, սեփական վարքաբանություն, միայն իրեն ներհատուկ մշակութ. գծեր, որոնք պահպանել է բազմաթիվ դավանաբան. վեճերի ու համառ դիմակայության շնորհիվ։ Եռանդուն մասնակցություն է ունեցել Հայկական հարցի լուծման քաղաքական ձեռնարկումներում, կրել օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ծանր հետևանքները. զոհվել են բազմաթիվ հոգևորականներ, ոչնչացվել են քրիստ. մշակույթը, եկեղեցիներն ու վանքերը, եկեղեց. ուսումնագիտական կենտրոններն ու ձեռագիր մատյանները։ Ցեղասպանությանը հաջորդած տարիներից եկեղեցին իր ազգային առաքելությունն իրականացնում է նաև հայրենազրկված արևմտահայության միջավայրում, կատարում է հայահավաք խոշոր գործառույթ, դարձել է սփյուռքահայությանը հայրենիքին կապող կարևոր օղակ։
Խորհրդային տարիներին Հայոց եկեղեցին, անգամ աթեիզմի և եկեղեցու սպասավորների ու հավատացյալների նկատմամբ կիրառվող ճնշումների ու բռնությունների պայմաններում, կառուցողական է եղել Հայրենիք-Սփյուռք կապերի հաստատման և ընդարձակման, հայրենադարձմանը նպաստելու խնդիրներում։
Սակայն ՀՀ անկախացումից հետո է միայն Հայ եկեղեցին վերստացել իր անկախ ու անկաշկանդ գործելու հնարավորությունը։
«Խղճի ազատության ու կրոն․ կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով (1991) սահմանվել են կրոն․ կազմակերպությունների իրավական կարգավիճակը, նրանց գրանցման և գործունեության կարգը։
ՀՀ Սահմանադրության 26-րդ հոդվածով երաշխավորված են ՀՀ քաղաքացու մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը՝ ներառյալ նաև կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը։ Սակայն այս իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով, եթե դա բխում է հասարակական անվտանգության, առողջության, բարոյականության կամ ուրիշների իրավունքների և ազատությունների պաշտպանությունից։
Համաձայն ՀՀ սահմանադրության 8.1. հոդվածի՝ հանրապետությունում եկեղեցին անջատ է պետությունից։ ՀՀ-ն ճանաչում է Հայ առաքել․ եկեղեցու՝ իբրև ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայոց հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։ ՀՀ-ն երաշխավորում է ըստ օրենքի գործող բոլոր կրոն․ կազմակերպությունների գործունեության ազատությունը։
«Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքում նշվում է նաև (2007, 13-րդ հոդված), որ Հայաստանյայց եկեղեցին, գործելով արտերկրում, «գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո՝ միջազգային իրավական նորմերին համապատասխան»։
Հայաստանում և արտերկրում գործում են նաև հայ կաթոլիկ և բողոք․ (ավետարան.) եկեղեցիները, որոնք իրենց բազմօգուտ գործունեությամբ ձգտում են համերաշխություն հաստատել մեր ժողովրդի տարբեր հատվածների միջև՝ հանուն նրանց բարօրության և ազգային դեմքի պահպանման։
Հայ առաքել․ եկեղեցուց և ավանդ․ մյուս եկեղեցիներից բացի՝ ՀՀ-ում ներկայումս գործում են շուրջ 200 կրոն․ կազմակերպություններ ու համայնքներ, որոնցից պաշտոնապես գրանցված են 67-ը, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների, ինչպես նաև ազգային եկեղեցու դրույթներին ու ծեսերին հակոտնյա աղանդավոր․ կառույցներ։ Վերջիններիս թվում կան բացահայտ քայքայիչ գործունեություն ծավալողներ, որոնք փորձում են մարդկանց տրամադրել ոչ միայն բանակի ու հասարակության դեմ, այլև կազմալուծում են ընտանիքներ, վտանգում հանրության հոգևոր անվտանգությունը։ Կան նաև գաղտնի գործող աղանդավոր․ կազմակերպություններ, որոնք իրականացնում են մեծածավալ տնտեսական գործունեություն, ֆինանսավորվում են անհայտ աղբյուրներից և այդ միջոցներն օգտագործում քայքայիչ նպատակներով։ Նկատելի ծավալների է հասել հոգեորսությունը, որից տուժածների թիվը քիչ չէ։
Այդպիսի մարդկանց իրավունքները պաշտպանելու համար 2003-ից հանրապետությունում գործում է «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն» ՀԿ-ն (նախագահ՝ Ալեքսանդր Ամարյան)։