Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/880

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կաթողիկոսություն Ամենայն Հայոց

Հայաստանյայց առաքել․ սբ եկեղեցու հոգևոր և նվիրապետ․ գերագույն իշխանությունն Ամենայն հայոց կաթողիկոսությունն է (կոչվում է նաև Եպիսկոպոսապետություն հայոց, Ընդհանրական հայրապետություն հայոց և այլ անուններով)։ Պաշտոնապես հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը՝ քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակվելուց (301) հետո՝ 303-ին Վաղարշապատ մայրաքաղաքում, երբ կառուցվել է կաթողիկոսանիստ Սբ Էջմիածնի Մայր տաճարը, և ինքն էլ դարձել է Հայոց առաջին հայրապետը։ Կաթողիկոս․ աթոռի հաստատումով գահակալող կաթողիկոսի հոգևոր իշխանության տակ են անցել Մեծ ու Փոքր Հայքերի բոլոր հայ քրիստոնյա համայնքները։ Նրան «ի հոգևորս» ենթարկվել են նաև Վրաց և Աղվանից եկեղեցիները, սակայն Վրաց Կյուրիոն կաթողիկոսը որդեգրել է արևմտամետ (բյուզ.) կողմնորոշում. 608-ին խզել է Վրաց եկեղեցու ավանդ․ մշակութային, դավան. ու նվիրապետ․ կապը Հայոց եկեղեցուց և ընդունել քաղկեդոնականություն, մինչդեռ Աղվանից եկեղեցին հայացել ու հետագայում իր գոյությունը շարունակել է որպես Գանձասարի կաթողիկոսություն։ XIX դ-ի սկզբին Ամենայն հայոց կաթողիկոսության միջնորդությամբ ռուս․ կառավարությունը լուծարել է Գանձասարի կաթողիկոսությունը՝ փոխարենը հաստատելով մետրոպոլիտություն։ Նախկին կաթողիկոսությանը ենթակա նահանգներում կազմվել են Սբ Էջմիածնի կաթողիկոսությանը ենթակա 2 առաջնորդ․ թեմեր և 1 հաջորդական վիճակ։

«Կաթողիկոսություն ամենայն հայոց» անվանումը տարածվել է XII-XIII դդ-ից, երբ Հայաստանում և այլուր տարբեր ժամանակներում կազմավորված նվիրապետական աթոռները և հակաթոռ կաթողիկոսությունները, ինչպես նաև հայ գաղթավայրերի եկեղեց. բազմաթիվ թեմեր աստիճանաբար ճանաչել են նրա գերագահությունը։

Մայր աթոռի գոյության առաջին շրջանը համընկել է Հայոց Արշակունյաց արքայատոհմի (66-428) գահակալության վերջին հարյուրամյակին։ Այս շրջանում գործունեությունը հիմնականում կենտրոնացվել է քրիստ. քարոզչության, եկեղեց. կազմակերպության ամրապնդման, թեմերի ստեղծման, ինչպես նաև կրթության, լուսավորության և բարեգործ․ աշխատանքների վրա։ Սբ Ներսես Ա Մեծի աթոռակալության տարիներին բացվել են դպրոցներ, որբանոցներ, հիվանդանոցներ, անկելանոցներ, աղքատանոցներ, բարեխնամ այլ հաստատություններ, վերակառուցվել մի շարք վանքեր ու եկեղեցիներ։ Մեծացել է Հայոց կաթողիկոսության հասարակական և քաղաքական դերը, նա միջամտել է արքունի պետական գործերին, մասնակցել երկրի ներքին ու արտաքին քաղաքական կյանքին։

387-ին Հայաստանի բաժանումը Արևելահռոմ. կայսրության և Պարսկաստանի միջև, ապա հռոմ. հատվածում Հայոց թագավորության վերացումը (389), իսկ պարսկ. մասում պետության անկախության դեմ սպառնալիքը նոր խնդիրներ են առաջադրել, և կաթողիկոսությունն իր ջանքերն ուղղել է հայ ժողովրդին եկեղեցու շուրջ համախմբելու, ժողովրդի ու եկեղեցու ինքնուրույնությունը պահպանելու, արտաքին ազդեցությունից զերծ պահելու համար։

Սբ Սահակ Ա Պարթև կաթողիկոսի նախաձեռնությամբ ու համագործակցությամբ, Հայոց Վռամշապուհ թագավորի հովանավորությամբ ու աջակցությամբ Մեսրոպ Մաշտոց վարդապետը 405-ին ստեղծել է հայերեն այբուբենը։ Ազգ-քաղաքական ծանր պայմաններում կաթողիկոսության ջանքերով և պետության հովանավորությամբ կերտվել է հայ մշակույթի Ոսկեդարը։ Դրվել է հայատառ ազգային դպրության հիմքը, թարգմանվել Աստվածաշունչը (համարվում է «թագուհի թարգմանութեանց») և անտիկ ու քրիստ. գրակ-յան բազմաթիվ երկեր։ V դ-ի 2-րդ քառորդից, երկրի քաղաքական վիճակի վատթարացման պայմաններում, Հայոց կաթողիկոսությունը սբ Սահակ Ա Պարթևի գլխավորությամբ մեծ ջանքեր է գործադրել հայկական պետականությունը պահպանելու, նախարարների կենտրոնախույս նկրտումները զսպելու համար։ Հայաստանի պարսկ. մասում Արշակունյաց թագավորության անկումից (428) հետո Հայոց կաթողիկոսությունը հանձն է առել ազգային գերագույն իշխանությունն իրականացնելու առաքելությունը, պետականության