Զոր անապատից հավաքված հայ ժողովրդի զավակների անթաղ ոսկորների մի մասը։ Հոգևոր-մշակութային կյանքի զարգացումը շարունակվել է նաև հետագայում, հատկապես ականավոր հայագետ Գարեգին Ա Հովսեփյան կաթողիկոսի (1943-52) օրոք։
1952-ից թափուր մնացած Կիլիկիո աթոռը «սառը պատերազմի» տարիներին դարձել է քաղաքական շահարկումների առարկա (մինչև նոր կաթողիկոսի ընտրությունը Կիլիկիո կաթողիկոսությունը ղեկավարել է կաթողիկոս, տեղապահ Խադ արք. Աջապահյանը), որը 1956-ին հանգեցրել է 2 աթոռների փոխհարաբերությունների սրման և ոտնձգությունների՝ Ամենայն հայոց կաթողիկոսությանը ենթակա Սփյուռքի թեմերի հանդեպ։ 1957-ից Սփյուռքի մի շարք թեմեր, որոնք ավանդաբար Մայր աթոռ Սբ Էջմիածնի հովանու ներքո էին, անցել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության իրավասության տակ։ Առանց Մայր աթոռ Սբ Էջմիածնի հաստատման և հակականոնական որոշումներով Անթիլիասի աթոռին են միացել ԱՄՆ-ի Արևելյան թեմի մի մասը, Հունաստանի թեմը և Իրանի 3 թեմերը (Թեհրանի, Սպահանի և Ատրպատականի)։ Ավելի ուշ կազմվել են Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան և Քուվեյթի ու Արաբ․ ծոցի երկրների թեմերը։
1962-ին Կիլիկիո կաթողիկոսությունը ներգրավվել է էկումենյան շարժման մեջ՝ դառնալով Եկեղեցիների համաշխ. խորհրդի (ԵՀԽ) անդամ, դիտորդներ է ուղարկել Վատիկանի 2-րդ ժողովին։ Նայրոբիի (Քենիա) համաժողովում (1975) Կիլիկիո կաթողիկոսության ներկայացուցիչ Գարեգին եպս. Սարգիսյանը (1983-95-ին՝ Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Բ, 1995-99-ին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա Սարգիսյան) ընտրվել է ԵՀԽ-ի փոխատենապետ (մինչև 1983-ը)։ 1991-ի Կանբեռայի (Ավստրալիա) համաժողովում Կիլիկիո կաթողիկոսության մեկ այլ ներկայացուցիչ՝ Արամ արք. Քեշիշյանը (այժմ՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա Քեշիշյան), ընտրվել է ԵՀԽ-ի կենտրոնական և գործադիր վարչությունների ատենապետ (վերընտրվել է 1998-ին)։
Կիլիկիո կաթողիկոսությունը մեծ դեր է խաղացել 1974-ին Միջին Արևելքի եկեղեցիների խորհրդի հիմնադրման աշխատանքներում։ Նա միջեկեղեց. հարաբերությունները շարունակում է նաև Անգլիկան եկեղեցու և ավետարան․ (բողոք.) եկեղեցիների հետ։ Միջազգային և միջեկեղեց. բարձր մակարդակներում պաշտպանում է ճնշված ժողովուրդների դատը՝ միշտ հանդես գալով արաբ․ երկրների կողքին։ Կաթողիկոսությունը Միջին Արևելքի երկրներում զգալի աշխատանք է կատարում մահմեդականներ-քրիստոնյաներ երկխոսության զարգացման, այդ ժողովուրդների համատեղ խաղաղ գոյակցության պայմանների ստեղծման ուղղությամբ։ Հատուկ ուշադրություն է նվիրում Սփյուռքի, հատկապես Միջին Արևելքի երկրների հայության կյանքի ընկերային, մշակութային ու հոգևոր ոլորտներին։ Կազմակերպել և առաջնորդել է Սփյուռքի տարբեր գաղութներ, կառուցել նոր եկեղեցիներ, դպրոցներ, ստեղծել մշակութային ու մարզ․ ակումբներ։ Կաթողիկոսության հովանու տակ են Լիբանանի Ջիբեյլ քաղաքի հայկական որբանոցը («Թռչնոց բույն»), Լեռն. Լիբանանում՝ ազգային բուժարանը, Արևելյան Բեյրութում՝ ծերանոց-կուրանոցի համալիրը, ժողովրդին հատկացված բնակարանների մի ողջ համալիր Ֆանարում (Բեյրութի մոտ), ինչպես նաև կրթական ու բարեգործ․ կենտրոններ՝ հատկապես Լիբանանում, Սիրիայում և Հունաստանում։
Կաթողիկոսարանն ունի թանգարան, մատենադարան, տպարան։ Նրա տնօրինության տակ է Զարեհյան դամբարանը, որտեղ ամփոփված են Անթիլիասի շրջանի կաթողիկոսների և միաբանների աճյունները։ Գործում են միջեկեղեց. հարաբերությունների, քրիստ. դաստիարակության հատուկ գրասենյակներ, սահմանվել են գրական մրց-ներ, կրթաթոշակներ, հիմնվել «Խաչեր Գալստյան» մանկավարժ․ կենտրոնը, կիրակնօրյա վարժարանների վարիչ-տնօրինությունը և այլն։ Կաթողիկոսության հովանավորությունն է վայելում Հայաստանյայց եկեղեցու համալսարան, ուսանողների միությունը։ Գարեգին Բ-ի օրոք վերստին կյանքի է կոչվել Գարեգին Ա Հովսեփյանի հիմնադրած «Հասկ հայագիտական տարեգիրքը», Մայրավանքի տպարանում լույս են տեսել հարյուրավոր աստվածաբան․, պատմ. և հայագիտական գրքեր։
Արցախյան շարժման սկզբնավորումից, 1988-ի դեկտ. 7-ի Սպիտակի երկրաշարժից և հատկապես Հայաստանի անկախության հռչակումից (1991-ի սեպտ.) հետո Կիլիկիո կաթողիկոսությունը Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի նախաձեռնությամբ և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Բ-ի օժանդակությամբ մեծ ջանքեր է գործադրել Հայ առաքել․ եկեղեցու միության ու միասնության ամրապնդման համար, Ամենայն հայոց կաթողիկոսության հետ մասնակցում է մայր հայրենիքի վերաշինությանը, հայրենի պետականության ամրապնդմանը։
Կիլիկիո կաթողիկոսությունը ղեկավարվում է 1860-ի ազգային սահմանադրության (արևմտահայոց կրոնահամայնքային կյանքը կարգավորող կանոնադրություն) սկզբունքներով։ Յուրաքանչյուր թեմ ունի իր կանոնադրությունը։ Ազգային ընդհանուր ժողովի (ընտրում է ազգային կենտրոնական կրոն․ և քաղաքական ժողովները) գլուխը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն է։ Կարևոր հարցերի քննարկման համար Կիլիկիո կաթողիկոսը հրավիրում է ժողովների համատեղ նիստ։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանու ներքո են Լիբանանի (Բեյրութ), Բերիո (Հալեպ), Հյուսիսային Ամերիկայի Արևելյան նահանգների ու Կանադայի [ընդգրկում է նաև Վենեսուելայի հոգևոր հովվությունը (Նյու Յորք)], Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան (Լոս Անջելես), Կիպրոսի (Նիկոզիա), Թեհրանի (Թեհրան), Իրանա-Հնդկաստանի (Սպահան), Ատրպատականի (Թավրիզ), Հունաստանի (Աթենք), Քուվեյթի և Արաբ․ ծոցի երկրների (Էլ Քուվեյթ) թեմերը։